Երեկ Շեքսպիրյան միջազգային փառատոնի շրջանակներում Թբիլիսիի Վ. Աբաշիձեի անվան երաժշտության և դրամայի թատրոնը հայ հանդիսատեսին ներկայացավ Դավիթ Դոիաշվիլիի «Մակբեթով»՝ ըստ Շեքսպիրի: Ռեժիսորը Շեքսպիրի մռայլ ողբերգությունը վերածել էր դասական ստանդարտներից ու կաղապարներից շեղված գունեղ տրագիկոմեդիայի, որտեղ ամեն ինչ տպավորիչ էր՝ դերասանների խաղը, երաժշտական ձեւավորումը, լուսաձայնային էֆեկտները: Վրացական «Մակբեթը» ոչ թե սոսկ միստիկ պատմություն էր՝ դավաճանության, սպանության ու խենթության մասին, այլ տաղանդավոր ռեժիսորական աշխատանքի արդյունքում հանդիսատեսին հիպնոսացնող ներկայացում. 3 ժամը շատ արագ անցավ, ու հանդիսատեսն անգամ չզգաց, թե որքան ցուրտ է դահլիճում:
Ալեկո Բագլիշվիլին (Դունկան), Թորնիկե Գոգրիչիանին (Մակբեթ), ՆանկաԿալաթոզիշվիլին (Լեդի Մակբեթ՝) եւ մյուսները հրաշալի խաղացին: Ի դեպ, Ն. Կալաթոզիշվիլիին հայ հեռուստադիտողը ճանաչում է «Միմինո շոու» հայ-վրացական համատեղ հեռուստանախագծից:
Դոիաշվիլիի «Մակբեթը» նաեւ գեղեցիկ ու ակնահաճո ներկայացում էր, տեղ-տեղ զգացվում էր փարաջանովից ազդված լինելը: Բեմադրության մեջ ամեն շարժում ու բաղադրիչ «փաստարկված» էր իմաստով եւ նշանակությամբ: Ինչպես նախամայր Եվան ճաշակեց իմաստնության ծառի պտուղը եւ վտարվեց դրախտից, նմանատիպ տեսարան էլ ներկայացման մեջ կա: Այն նախանշում էր Լեդի Մակբեթի կործանումն ու մարդկային փոքրոգությունը, սեփական փառամոլությանն ու եսասիրական կրքերին զոհ գնալը: Դահլիճը մինչեւ ներկայացման ավարտվելն էլ ժամանակ առ ժամանակ «պայթում» էր ծափահարություններից: Մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտում»: