Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք մատչելի է «Դատալեքսը»

Հոկտեմբեր 28,2011 14:49

Հարց-Ինչո՞ւ չեք անդրադառնում «ԴատաԼեքս» տեղեկատվական կայքին:

Այնտեղ ընտրողաբար են վերաբերվում տեղեկատվության մատուցմանը, կան սահմանափակումներ:

 «Առավոտ» թերթում բարձրացված հարցը «ԴատաԼեքս» համակարգի վերաբերյալ մեր կարծիքով շատ արդիական է և տեղին: Կիսում ենք թերթի անհանգստությունն այդ առիթով և որպես տեղեկատվական տեխնոլոգիաների և կառավարման ոլորտների մասնագետներ, ներկայացնում ենք մեր դիտարկումները:

 

«ԴատաԼեքս» կայքէջից երևում է, որ համակարգի մշակմանը  ֆինանսական և տեխնիկական օժանդակություն են ցուցաբերել ՀՀ կառավարությունը, Նիդերլանդների Թագավորության  կառավարությունը, Համաշխարհային Բանկը: Այդ օժանդակության մեծ մասը վարկի տեսքով է տրամադրված: Այսինքն` ՀՀ պետությունը` քաղաքացիները,  պարտավորված են այս ծրագրի  համար վերադարձնել վերցված գումարը տոկոսով, հետևաբար, իրավունք ունեն խստագույնս մոտենալ այդ համակարգի ծառայությունների որակին և արդյունավետության քննարկմանը:

Ինչպես նշված է «ԴատաԼեքս» տեղեկատվական կայքէջում` «ԴատաԼեքսը» էլեկտրոնային կառավարման և տեղեկությունների տրամադրման հանրային  տեղեկատվական համակարգ է, համաձայն որի քաղաքացուն  հնարավորություն է տրվում   իրական ռեժիմում ստանալ  տեղեկություններ բոլոր դատարաններում քննվող գործերի մասին և տրամադրում է մի շարք այլ ծառայություններ ըստ հետևյալ բաժինների` դատական գործերի որոնում, նիստերի ժամանակացույց, ՀՀ օրենքների որոնում, դիմումների առցանց համակարգ, առցանց վճարումներ, հաճախ տրվող հարցերե:  Պատկերը շատ գայթակղիչ է. ՀՀ քաղաքացուն հնարավորություն է տրվում  իրական ռեժիմում տեղեկացված լինել  դատարաններում քննվող գործերից: Սակայն վերլուծության արդյունքում պատկերն անմիջապես փոխվում է.«ՙԴատաԼեքսը՚» չի կարող համարվել կառավարման համակարգ` չկա աշխատանքի պլանավորում, ֆունկցիաների  կազմակերպում, դիտվում է տեղեկատվության պակաս, որոշ նյութեր ի  սպառ  բացակայում են. օրինակ` սահմանադրական դատարանի որոշումները:

Այժմ  փորձենք վերլուծել ՙԴատաԼեքս՚ տեղեկատվական կայքի մատչելիությունն  ըստ ստորև  նշված բաժինների:

1Դատական գործերի որոնում» բաժնում նախատեսվում է իրականացնել որոնում ըստ հետևյալ գործոնների` դատական գործի տիպ, համար, դատարանի անուն, դատավորի անուն, հայցվորի անուն, պատասխանողի անուն, դիմման ամսաթիվ, դատական գործի առարկա, դատարանի որոշման ամսաթիվ, հոդված և այլն…, որի արդյունքում  պետք է տրամադրվի  գործի ընթացքի և դատարանի  կայացրած վճռի մասին մանրամասն տեղեկություն: Այնինչ, տվյալ բաժնում որոնում կատարելիս պարզվում է, որ «դատական գործի տիպ» և «հոդված» գործոնները բացակայում են: Նշեմ, որ գործը կրում է շարունակական բնույթ, սակայն կարելի է գտնել գործի միայն մի մասը (մեր դիտարկված օրինակում գործը կարելի է գտնել միայն առաջին ատյանի դատարանում, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների որոշումները  ի սպառ բացակայում են): Համակարգը  ճկուն չէ և ժամանակին չի թարմացվում, օրինակ` 17.08. 2011թ. նիստից 4 օր հետո տեղեկատվական կայքում որևէ տեղեկություն չկա, իսկ 30.08.2011թ.-ին բողոք ներկայացնելուց հետո կրկին /գրանցված/  որևէ տեղեկություն կամ պատասխան չկա:

2.« Նիստերի ժամանակացույց՚ բաժնում դատարանի ժամանակացույցին ծանոթանալու համար  դատական նիստերի անցկացման վայրի և գործի տիպի մասին տվյալները բավարար չեն, պահանջվում է նշել նաև դատաքննության ամսաթիվը:

3.«Նմանատիպ գործերի որոնում» բաժնի ծառայություններից օգտվելու համար պահանջվում է գրանցվել համակարգում, որից հետո պարզվում է, որ  ՙԾառայությունը գտնվում է վերամշակման փուլում՚: Նմանատիպ գործերի համեմատական վերլուծություն հնարավոր չէ կատարել: Կարծում ենք` սա  «ԴատաԼեքսի» ծառայություններից օգտվողների իրավունքների կոպիտ  խախտում է.  վարչակազմն այս կերպ կեղծ տվյալներ է հավաքագրում վարկատուների, համակարգի մշակմանը  ֆինանսական և տեխնիկական օժանդակություն ներկայացնողների աչքակապության համար:

4. «ՀՀ օրենքների որոնում» բաժնում որոնումը կատարվում է «ԱՐԼԻՍ» Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի ձևով, սակայն «բանալի» բառերը չեն ընդգծվում և օգտվողը ստիպված է որոնման լրացուցիչ միջոցներ ձեռնարկել:

5.«Դիմումների առցանց համակարգ՚» բաժնում դիմումների առցանց ուղարկման ծառայությունը /պաշտոնական/ չի գործում` ՙօրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության պատճառով՚:

6.« Առցանց վճարումներ» ծառայությունը ժամանակավորապես չի գործում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության պատճառով:

7. Վերլուծություններ կամ վիճակագրություն իրականացնելու հնարավորություն չկա, օրինակ`  գտնել որոշակի գործոններով նման դատական գործեր:

8. Դատարաններն արդարադատությունն իրականացնում են ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան: Սակայն բացակայում են միջազգային պայմանագրերի, ՀՀ կողմից վավերացված կոնվենցիաների տեքստերը, որոնք առնչվում են ՀՀ օրենսդրությանը և կոնկրետ գործերին: Բացակայում են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները, որոնք առնչվում են ՀՀ օրենսդրությանը,  դատական գործերին և միջազգային պայմանագրերին:

9. Տեղադրված չեն դատավորների և փաստաբանների կենսագրությունները (պահանջվում է լրացուցիչ աշխատանք դատավորների կենսագրությունները Հայաստանի դատական համակարգում որոնելու համար` https://www.court.am): Հնարավոր չէ ստանալ դատարաններից որոշակի տեղեկություն կամ հարցերի պատասխաններ, բաժանորդագրվել նորությունների համար: Բացակայում են տարբեր դիմումների և հայցերի էլեկտրոնային նմուշները:

10.ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների կամ նորմատիվ ակտերի մեկնաբանությունները տեղադրված  չեն:

11. Վճռաբեկ դատարան բողոքարկող անձը չունի հնարավորություն տեղեկանալու դիմումին առնչվող գործի ընթացքին:

12. Բացակայում է հիմնական իրավական տերմինների բացատրական բառարանը:

13. Բացակայում է «Օգնություն» կամ «Ուղեցույց» բաժինը:

14. Լեզուն փոխելու հնարավորությունը տեղադրված է /անգլերեն, ոուսերեն/, սակայն փաստացի չի գործում, վճիռները թարգմանված չկան:

15.ՙԴատաԼեքս՚ հանրային տեղեկատվական համակարգը մշակվել է «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում: Սակայն «Կարդալ ավելին» հղումը չի գործում:

Այսպիսով, վերլուծելով ՙԴատաԼեքս՚ տեղեկատվական կայքէջը, հանգում ենք այն եզրակացության, որ ՙԴատաԼեքս՚ հանրային տեղեկատվական կայքէջում 7 ենթաբաժիններից 6-ը չեն գործում, կամ թերի են: Դատական բարեփոխումների վարկային ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում ՙAccess to Legal Info and Public Awareness՚ ենթաբաժնի համար, որը ներառում է «ԴատաԼեքս» համակարգը, միայն Համաշխարհային Բանկից ստացած վարկը կազմել է 1 230 000 ԱՄՆ դոլար (տես` կից աղյուսակը, https://www-wds.worldbank.org/):2011թ. մայիս ամսվա տվյալների համաձայն Հայաստանի իրավական ռեսուրսների 49 վեբ կայքերի վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի ինդեքսի (QI, Arcaler Scorecard) համեմատական ցուցանիշների աղյուսակում «ԴատաԼեքս»-ը (https://www.datalex.am) զբաղեցնում է 18-րդ տեղը, « ԱՐԼԻՍ» Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը (https://www.arlis.am)` 5-րդ տեղը, իսկ Հայաստանի դատական համակարգը (https://www.court.am)` 6-րդ տեղը  (տես` https://www.iatp.am/arcaler_scorecard/xls/pravir_arm.htm): Այդ ցուցանիշները չեն վկայում«ԴատաԼեքս»ի ծառայությունների բարձր որակի և արդյունավետության մասին` հաշվի առնելով նաև, որ ծրագրի ավարտին մնացել է քիչ ժամանակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31