Պատվի, արժանապատվության և բարի համբավի պաշտպանության վերաբերյալ օրենսդրության և, հատկապես, դրա կիրառման առնչությամբ քննադատությանը միացավ նաև Մարդու իրավունքների պաշտպանը, որը մի շարք ապարդյուն ձեռնարկներից հետո դիմել է Սահմանադրական դատարան: ՙԱռավոտի՚ իրավական բաժնի հարցերին է պատասխանում օրենսդրական քննարկումներին իրազեկ իրավագետ, Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
-Պատվի, արժանապատվության և բարի համբավի պաշտպանության իրավակիրառական պրակտիկան դարձել է նաև այդ օրինագծի հեղինակի, Մարդու իրավունքների պաշտպանի քննադատության թիրախը: Ըստ Ձեզ՝ կոնկրետ ո՞վ պետք է պատասխան տա ստեղծված իրավիճակի համար և ի՞նչ է պետք անել մամուլին սնանկացնելու գործընթացը բացառելու ուղղությամբ:
-Կարծում եմ, հիմնախնդիրն ավելի տարողունակ է, քան սոսկ իրավակիրառ պրակտիկան: Բնականաբար, կարելի է որոշ թերություններ հայտնաբերել օրենսդրությունում (ի դեպ, ժամանակին ինքս լուրջ առարկություններ եմ ունեցել այդ նախագծի առնչությամբ, որոնք ամբողջությամբ չեն ընդունվել, մինչդեռ ներկայումս հենց դրանք են քննարկման նյութ դարձել), կարելի է ոչ այնքան հիմնավորված համարել նաև իրավակիրառ պրակտիկան և այլն:
Սակայն գլխավոր խնդիրը բարոյահոգեբանական մթնոլորտն է: Եթե հաջողվի անգամ սեղմ ժամկետում օրենսդրությունը դարձնել լավագույնը, միևնույն է, մենք չենք հաղթահարի բոլոր խոչընդոտները, քանի դեռ չենք ձևավորվել քաղաքակիրթ ու մասնագիտական բարձր որակավորմանը նախապատվություն տալու միտումները:
Կոնկրետ այդ օրենսդրական ակտի հետ կապված մի դիտարկում ներկայացնեմ. ինչ եք կարծում, մենք կկարողանա՞նք շտկել իրավիճակը, եթե հետևողականորեն շարունակենք փոխհատուցումը շփոթել տուգանքի հետ: Այլ կերպ ասած, մենք դեռ չենք կարողանում դուրս գալ այն ստերեոտիպերից, ըստ որոնց՝ ցանկացած գումարային պահանջ ոչ այլ ինչ է, քան տուգանք, պետական հարկադրանքի միջոց:
Մեկ անգամ ևս ծանոթացեք Ազգային ժողովում այդ օրինագիծը ներկայացնող պատգամավորի ելույթներին, Ձեզ համար կբացահայտեք, որ վերջինս պարբերաբար խոսում էր բացառապես տուգանքի, բայց ոչ` փոխհատուցման մասին: Էլ ավելի մտահոգող է այն, որ ՙտուգանք՚ եզրույթն իր արտացոլումը գտավ նաև Մարդու իրավունքների պաշտպանի հետ կազմակերպված հարցազրույցներում:
Նկատենք, որ տուգանքը, որպես պետական հարկադրանքի տարատեսակ, էապես տարբերվում է քաղաքացիաիրավական բնույթի փոխհատուցման ինստիտուտից, և եթե մենք խոսում ենք վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման առավելության մասին, այլևս չենք կարող դատողություններ անել նույն քրեական իրավունքին բնորոշ հասկացություններով:
-Բայց գործնականում փոխհատուցումը հենց որպես տուգանք է ընկալվում բոլորի կողմից, ի՞նչ կփոխվի, եթե մենք այն նաև մեր մտածելակերպում փոխենք և ընկալենք՝ որպես փոխհատուցում, ի՞նչ է, դատարանները կնվազեցնե՞ն նշանակվող գումարների չափերը:
-Դատավորները, համոզված եմ, որ քաջատեղյակ են խնդրին և ունակ են հստակ սահմանազատելու հիշյալ ինստիտուտները, սակայն վերը նշված մթնոլորտը ևս խոչընդոտում է, որպեսզի վերջիններս ձևավորեն պատճառված վնասին առավել համահունչ ու համարժեք փոխհատուցում սահմանելու իրավակիրառ պրակտիկա: Ընդ որում, այդպիսի վիճակին նպաստում է նաև օրենսդրությունը: Նկատենք, որ, օրինակ, վարչական օրենսդրությունում համեմատաբար հստակ ամրագրված են վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված ոչ գույքային վնասի (այս դեպքում փոխհատուցումը կատարվում է պետական բյուջեի կամ համապատասխան համայնքային բյուջեի միջոցներից) դեպքում փոխհատուցման չափի որոշման հիմքերը, ինչը չես ասի լրատվության միջոցների կողմից պատճառված վնասի համար փոխհատուցում որոշելու առնչությամբ:
Բացի այդ, փոխհատուցումը որպես տուգանք ընկալելուն նպաստում է նաև փոխհատուցման առավելագույն չափեր սահմանելը: Իհարկե, դա արվեց իբրև երաշխիք էլ ավելի մեծ չափեր նշանակելու հնարավոր պրակտիկան կանխելու նկատառումով: Ընդ որում, այդ մտահոգությունը իրատեսական է, եթե նկատի ունենանք հենց մեր դատական պրակտիկայի 1992-94թթ. վիճակագրական տվյալները. մասնավորապես, քաղաքական գործիչներից մեկին` Մ.Պետրոսյանին ՙհաջողվել՚ էր լրատվության միջոցներից մեկի նկատմամբ մի այնպիսի աստղաբաշխական գումարի պահանջի բավարարում ստանալ, որի հետ համեմատած ներկայիս դատական պրակտիկան միանշանակ քաղաքակիրթ կարող է համարվել: Այնուամենայնիվ, դա լավագույն լուծումը չէր, քանզի այն գործնականում հայցվորների, իսկ այնուհետև` դատարանների համար սոսկ յուրահատուկ ուղեցույցի նշանակություն ունեցավ: Լավագույն լուծումը, կարծում եմ, կլիներ պատճառված վնասի հաշվարկի համար հստակ չափանիշներ սահմանելը:
-Կարո՞ղ ենք ժամանակավրեպ համարել վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումը և քրեական պատասխանատվությունը քաղաքացիականով փոխարինելու նախաձեռնությունը:
-Նախ, հանրությունում, ցավոք, նաև առանձին իրավաբանների մոտ իշխում էր այն թյուր պատկերացումը, թե իբր նախկին քաղաքացիական օրենսդրությունը բացառում էր ոչ գույքային վնասի համար նյութական պատասխանատվությունը: Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ նախկին օրենսդրությունը ևս այդպիսի պատասխանատվությունը չէր բացառում, ուղղակի այն առավել հստակ ու կիրառելի դարձնելու խնդիր կարող էր դրվել: Բացի այդ, այդ արարքների ապաքրեականացման խնդիրն այլևս այդչափ սուր չէր, քանզի այդ արարքների առնչությամբ քրեական հետապնդում կարող էր սկսվել բացառապես տուժողի բողոքի հիման վրա, այսինքն` դրանք մասնավոր մեղադրանքի գործեր էին: Իսկ եթե հավելենք, որ դատաիրավական բարեփոխումները անխուսափելիորեն հանգեցնելու էին նաև մասնավոր մեղադրանքի ինստիտուտի բարելավմանը, որի դեպքում ընդհանրապես կբացառվեր քրեական հետապնդման մարմինների որևէ միջամտությունը (տուժողը ինքն է լիազորվելու դատախազի փոխարեն պաշտպանելու իր մասնավոր մեղադրանքը), ապա պարզ կդառնար, որ հիշյալ նախաձեռնության միակ ու, ցավոք, բացասական ՙներդրումը՚ գործնականում եղավ այն, որ այն ամրագրեց փոխհատուցման ուղղորդող չափեր:
Ավելին, վերջին հաշվով, բարոյական վնասի համար նյութական փոխհատուցումն ինքնանպատակ չէ, այն կարող է հիմնավորված համարվել միայն այն դեպքում, երբ կոնկրետ իրադրությունում այդ վնասը փոխհատուցելու, խախտված իրավունքը պաշտանելու համար, իրոք, անհրաժեշտ է բացառապես դրամական փոխհատուցում կամ նյութական ծախսերի միջոցով նախկին վիճակի վերականգնում: Այդպիսի իրավիճակ առավելապես առաջանում է գործարար համբավի արատավորման դեպքում:
Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը կարող էր ինքնին ավելի հաջողված լինել, քան այն ճանապարհը, որ ինքս ուրվագծեցի, սակայն այս դեպքում արդեն անհրաժեշտ էին առավել համակարգված ու ամբողջական լուծումներ: Ընդ որում, հարկ էր համարժեք հաշվի առնել ոչ միայն միջազգային փորձը, այլև հենց հայրենական դատական պրակտիկայի նրբությունները, հարկավոր էր կանխատեսել բոլոր հնարավոր զարգացումները:
-Պարոն Դանիելյան, այնուամենայնիվ, ի՞նչ սպառնալիք է ստեղծվում, երբ փոխհատուցումը գործնականում ընկալվում է որպես տուգանք:
-Կոնկրետ փոխհատուցումը որպես տուգանք ընկալելիս հոգեբանորեն ելակետ է ընդունվում այն, որ պարտադիր չէ, որպեսզի սահմանվող գումարը համարժեք լինի պատճառված վնասի փոխհատուցման համար անհրաժեշտ միջոցների չափին, այդ դեպքում առավելապես հաշվի է առնվում արարքի վտանգավորության աստիճանը: Տուգանքն ընդհանրապես ուղիղ համեմատական կապի մեջ չի գտնվում պատճառված վնասի չափի հետ. տուգանք կարող է նշանակվել նաև այն դեպքում, երբ տուժողին որևէ վնաս չի պատճառվել, սակայն կարող էր պատճառվել: Տեսականորեն տուգանքը միայն անուղղակի կապի մեջ է պատճառված վնասի հետ, քանզի վնասի չափը որոշակի իմաստով կանխորոշում է արարքի վտանգավորության աստիճանը: