Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄՈՏՈՑԻԿԼԵՏ, ԷՔՍՏՐԻՄ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԼԱԽՈ

Հոկտեմբեր 28,2011 13:30

Երեւանյան փողոցներում շատերն են տեսել բայկերների, հատուկ համազգեստով մոտոցիկլիստների: Բայց Շահումյան հրապարակում տեղի ունեցած մոտոսպորտի շոուն այլ ոլորտից էր: Մոտոսպորտի ամենավտանգավոր եւ էքստրեմալ «գեղեցիկ կողմերը» ցուցադրեց առաջին անգամ Հայաստանում գտնվող սթանթռայդինգի աշխարհի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն, մոտոսպորտի լեգենդ Քրիս Պֆայֆերը:
Նախքան աշխարհահռչակ մոտոցիկլիստի ներկայանալը, հանդիսատեսին իրենց հնարքները ցուցադրեցին հայ բայքերները: Հանդիսատեսին երկար սպասեցնելուց հետո վերջապես Ք. Պֆայֆերը ներխուժեց հրապարակ ու անհավանական հնարքներով ապշեցրեց ներկաներին: Նա ետեւի անիվի վրա կատարում էր ավելի քան 15 պտույտ, կանգնում մոտոցիկլի վրա, նստում առջեւի անիվին: Մինչեւ անգամ, անարգել առջեւի անիվի վրա կանգնած, նա հասցրեց համբուրվել հանդիսատեսի շարքերում գտնվող աղջիկների հետ:
Պֆայֆերը նաեւ անակնկալ էր պատրաստել: Նա մոտոցիկլով հրապարակ բերեց հայկական տարազով մի պարուհու եւ սկսեց մեքենայով նրա հետ հայկական շալախո պարել: Մի քանի րոպե մոտոցիկլին ստիպելով «զգալ» հայկական երաժշտության հնչյունները՝ Պֆայֆերը անձամբ միացավ պարուհուն:
Շոուից առաջ Քրիսը լրագրողների հետ զրուցելուց խուսափեց: Պարզվում է՝ Երեւան ժամանելուն պես մոտոսպորտի լեգենդը հանդիպել էր խոչընդոտների: Բանն այն է, որ սթանթռայդինգի չեմպիոնն իր հայաստանյան շոուն նկարահանելու համար խնդիրներ է ունեցել: Քաղաքի տարբեր հատվածներում հնարքների ցուցադրումները համարվել էին կարգ ու կանոնի խախտում եւ արգելվել ֆոտոշոուների նկարահանումները: Սակայն դա լեգենդար մոտոցիկլիստին չխանգարեց ցուցադրել մոտոցիկլետի լավագույն հնարավորությունները՝ ապացուցելով, որ դա միայն փոխադրամիջոց չէ:
Շոուից անմիջապես հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին: Ի դեպ, մինչ Հայաստան ժամանելը, Պֆայֆերը եղել է նաեւ Բաքվում: Ըստ նրա, Հայաստանում եւ Ադրբեջանում մոտոսպորտի հանդեպ ունեցած հետաքրքրությունը տարբեր դրսեւորումներ ունի. «Բաքվում ավելի շատ հանդիսատես էր հավաքվել: Կարծում եմ՝ իմ ներկայացրած շոուն նորություն է: Բայց հայերին շատ սիրեցի, հատկապես՝ այս երկիրը, բնությունը: Մասնավորապես, հիացած եմ հայկական խոհանոցով: Այստեղ ամեն ինչ շատ համեղ է: Նկատեցի նաեւ մի բան: Նույնիսկ բնությունն է ձեզ սիրում. այսօր երեկոյան պետք է անձրեւ լիներ, բայց չեղավ, եւ մարդիկ շոուն հանգիստ դիտելու հնարավորություն ունեցան»: Անդրադառնալով մոտոսպորտին, լեգենդը խոստովանեց. «Սա մասնագիտություն է եւ ոչ հոբի: Ունեմ 10 մոտոցիկլետ: Այսօր հանդես եկա իմ ամենասիրելի BMW F800R մակնիշի մոտոցիկլով: Սերս դեպի մոտոցիկլետները կիսում են նույնիսկ կինս ու երեխաներս: Նրանք նույնպես վարում են այս մեքենաներից, ինչին երբեք դեմ չեմ եղել, սակայն հասկանում եմ վտանգավորության աստիճանը: Չգիտեմ, երեխաներիցս ո՞րը կշարունակի իմ գործը, բայց եթե ցանկություն հայտնեն, չեմ խանգարի: Իրականում ինձ համար այդքան էլ կարեւոր չէ՝ կշարունակե՞ն նրանք, թե՞ ոչ: Կարեւորն այն է, որ նրանք ինչ-որ մի բանով հետաքրքրված լինեն եւ իրենց գործը լավ կատարեն»: Աշխարհի քառակի չեմպիոնն արդեն եղել է ավելի քան 73 երկրում: Հայաստանը մտել էր նրա կովկասյան շրջագայության մեջ. «Ադրբեջանից, Վրաստանից եւ Հայաստանից միաժամանակ հրավեր ստացա: Որոշեցի երեք երկրում էլ միանգամից լինել, քանի որ շատ եմ սիրում ճանապարհորդել ու բացահայտել նոր երկրներ, նոր մշակույթներ: Անպայման կրկին վերադառնալու եմ Հայաստան: Այս հիանալի երկիրն ինձ շատ դուր եկավ»:
Նշենք, որ Քրիս Պֆայֆերի նվաճումները սթանթռայդինգում տարեցտարի նոր ռեկորդներ են գրանցում. «Չեմ վախենում ռիսկի դիմել եւ պատրաստ եմ ամեն տարի նոր ռեկորդներ սահմանել, որոնք ստիպում են դիտողներին զարմանքից ապշել»:
Մոտոշոուի ավարտին Քրիս Պֆայֆերը Երեւանի քաղաքապետարանի կողմից արժանացավ հատուկ մրցանակի՝ մոտոսպորտի ոլորտում մեծ ներդրում ունենալու համար, որը հանձնեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանը:


ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31