Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՂԱՆՔՆԵՐԸ ՄԱՐԴՈՒ ՁԵՌՔԻ ԳՈՐԾ ԵՆ

Հոկտեմբեր 28,2011 13:11

Ինչպես բնության հետ են վարվում, այնպես էլ բնությունն է պատասխանում

Վերջերս Տավուշի մարզում տեղի ունեցած եւ դժբախտ դեպքերի առիթ դարձած սողանքը, որը մարդկային կյանքեր խլեց, ճիշտ է, ինչպես մասնագետներն են պնդում՝ անտառհատումների հետեւանք չէր, բայց հաշվի առնելով Հայաստանի երկրաբանական կառուցվածքը՝ մի շարք վայրերում սողանքները հենց զանգվածային անտառհատումների պատճառով են տեղի ունենում: Մասնագետները համոզված են, որ անխնա հանքարդյունաբերությունը նույնպես կհանգեցնի մեծամասշտաբ սողանքների: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տվյալներով՝ ներկայումս Հայաստանում կա ավելի քան 3 հազար տարբեր չափերի սողանքային օջախ: Այդ օջախները գտնվում են հենց այն մարզերում, որտեղ ավելի շատ հանքարդյունահանություն եւ անտառհատումներ են լինում. Լոռի, Սյունիք, Տավուշ, Կոտայք, այսինքն՝ գրեթե ամբողջ Հայաստանով մեկ:
Բնապահպանները պարբերաբար ահազանգում են, որ անտառհատումներն ու հանքերի շահագործումը լրջորեն վնասում են մեր երկրի էկոհամակարգը, ինչպես նաեւ սողանքներն են ակտիվացնում, սակայն տարիներ ի վեր ՀՀ կառավարությունն այս կարեւոր հանգամանքն «ականջի հետեւ է» գցում: Նկատենք, որ սողանքների հետեւանքով սոցիալ-տնտեսական կառույցներին հասցվող տարեկան վնասը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս հաշվարկները կատարել է ԱԻՆ-ը:
«Անտառը պաշտպանական նշանակություն ունի, որովհետեւ մեզ մոտ լեռնային անտառներ են եւ գտնվում են 30 աստիճանից բարձր թեքության վրա, դրա համար էլ անտառները ջրապաշտպան եւ հողապաշտպան դեր են կատարում: Երբ անտառը հատվում է, անմիջապես սկսում են հողի էրոզիա, սողանքների ակտիվացում, ջրերի կորուստ եւ այլ բացասական ու վտանգավոր երեւույթներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանը: Նրա խոսքերով՝ եթե անտառների հատման արդյունքում սողանք է առաջանում հենց կոնկրետ այդ հատվածում, ապա հանքերի շահագործումից սողանքներ կարող են առաջանալ նույնիսկ մի քանի կիլոմետր հեռավորության վրա. «Մենք սեյսմիկ գոտի ենք, իսկ անխնա, չմտածված ու անկառավարելի հանքարդյունահանությունը մի քանի անգամ ակտիվացնում է սողանքները: Այսինքն՝ ավելի պարզ ասած, երբ հանքերը հանում են գետնի տակից, դատարկ ապարներ առաջանալով՝ գրունտային մասում սկսում են տեղաշարժվել, որի արդյունքում հնարավոր է մեկ այլ վայրում՝ մի քանի կիլոմետր հեռու տեղում սողանք սկսվի: Սողանքին նպաստում են նաեւ հանքարդյունաբերության համար կատարվող պայթեցումները»: Եթե հանքարդյունաբերությունը անդառնալի հետեւանքների է հանգեցնում, եւ դրա լուծումները գրեթե չկան, ապա անտառհատումներից առաջացող սողանքների դեպքում բնապահպանները կանխարգելիչ միջոցառումներ են առաջարկում: Ն. Վարդանյանի խոսքերով՝ «Հատուկ տեխնոլոգիաներ կան, տեռասաներ են կառուցվում, որոնք ամրացվում են խոտային ծածկույթով, հետո այդ հատվածներում ծառեր են տնկում, որպեսզի արմատներով հողն ամրանա: Սակայն մեզ մոտ անտառները հատում են, բայց վնասները վերականգնելու համար կանխարգելիչ ոչինչ չեն անում»: Թեեւ «Հայաստանի անտառներ» հ/կ-ն Գոշում, որը ակտիվ սողանքային գոտի է, նմանատիպ, ինչպես իրենք են նշում, փոքրիկ ծրագիր են իրականացրել, սակայն դա փրկություն չի, եւ ըստ բնապահպանի՝ կանխարգելիչ միջոցառումները պետք է լայնամասշտաբ լինեն:
Ինչ վերաբերում է վերջերս Տավուշում տեղի ունեցած սողանքին, ապա Նազելի Վարդանյանն ասաց. «Ոչինչ հենց այնպես չի լինում: Բնությունը նուրբ համակարգ է, երբ մի տեղ խզում է առաջանում, շղթայական ազդեցություն է տեղի ունենում: Թեեւ վստահեցնում են, որ այդ սողանքի հատվածը սողանքների ռեեստրում գրանցված չէր, եւ դա նոր բան է, բայց ես վստահ եմ՝
նոր բանը հենց այնպես չի լինում: Դա ինչ-որ բանի հետեւանք է: Ես կարծում եմ՝ հնարավոր է դա հենց անտառհատումների արդյունքում է ակտիվացել, որովհետեւ այդ պարագայում ծառերի արմատային համակարգը վերանում է, գրունտը թուլանում է, ջրերի հոսքը ավելանում է, եւ սողանքներն ակտիվանում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31