Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՏ

Հոկտեմբեր 28,2011 12:56

Տարօրինակ ցեղ ենք մենք, շատ տարօրինակ, աշխարհից վիրավորված՝ մեր ունեցածը կորցրել ենք ու վիրավորվել: Ումից եւ ինչու ենք վիրավորվել, չգիտեմ: Երբեւիցե մենք մեզ հարցրե՞լ ենք, թե ինչո՞ւ ենք կորցրել: Երբ որ այսօր եւ հազար տարի առաջ երազում ենք, փնտրում, պայքարում, որ վերադարձնենք մեր կորուստները: Եվ երբ գտնում ենք մեր երազանքն ու մեր կորցրածը՝ մեզ քիչ է թվում: Ողորմի հոգուդ, Պոլսում ապրող եւ ծորակներ ծախող բանաստեղծ Զահրատ, հազար ողորմի քեզ, երբ ասում էիր՝ կյանքը կհատնի, փնտրտուքը՝ ոչ, մարդը չգտնող կենդանի մըն է: Վստահ եմ, որ Զահրատը մարդ ասելով՝ առաջին հերթին հային նկատի ուներ:
Այո, զարմանալիորեն անհայտ աշխարհներ եղան աշխարհին հասկանալի, ուր ցեղովի ընդամենը յոթ գրաճանաչ ունեին, բայց մենք մնացինք չհասկացված: Եվ ինձ թվում է՝ մեղքը աշխարհինը չէ, մեղքը մերն է, մեղքը մեր ներսում է:
Զվարթնոց տաճարն ուներ երեսունվեց սյուն եւ կայուն էր երկրի վրա ու երկնքի դեմ, ինչպես մեր երկիրը հնում՝ Արտաշես արքայի ժամանակ, որ գլխին պահում էր սեփական պետության գմբեթը: Բայց ինչ եղավ հետո. տաճարի ինքնասիրահարված սյուներից մեկը, որին թվում էր, թե ինքը միակ ընտրյալն է, մտածեց՝ մյուսները թող պահեն իրենց գմբեթը, ես կարող եմ դուրս գալ ու իմ գմբեթը ստեղծել: Այդպես մտածեցին թերեւս էլի սյուներ, եւ Զվարթնոց հրաշալի տաճարը փլվեց: Սուտ է, որ երկրաշարժից է փլվել Զվարթնոցը: Մեր ցեղը բազում երկրաշարժեր է տեսել, բայց երբեք չի խոնարհվել, քանզի մեր տաճարները դրսից չէ՝ քանդվել են ներսից:
Եվ այսօր առաջնորդի զուգս հագածները չեն էլ մտածում, որ սարդոստայնի ընդամենը մի թելն են իրենք, իսկ սարդը նենգորեն լուռ է: Անշուշտ, երիցս ճիշտ է, որ ոչ մի կռունկ առանձին կամ երեքով հյուսիսային լճերի տեղը չգիտի, ինչպես նաեւ չգիտի Աֆրիկայի տեղը: Կռունկների կյանքի ճանապարհը միայն երամը գիտի:
Իսկ երամն ասում է. Դուք ձեր ավերակ տաճարներն ավելի եք սիրում, քան ձեր կանգուն տաճարները: Դուք ձեր կորցրածն ավելի եք սիրում, քան ձեր ունեցածը: Չէ՞ որ դուք կռունկ սիրող ժողովուրդ եք: Շարունակեք քանդել ձեր տաճարները ներսից եւ, կորցնելով ձեր հայրենիքը, հարցրեք մեզ՝ չվող թռչուններիս.
Կռունկ, ո՞ւստի կուգաս, կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս: Այնինչ…
Այնինչ տեր եղեք, որ անտեր չմնաք, տեր եղեք, որ միշտ տեր ունենաք եւ ձեր իսկ տիրոջով տեր դառնաք ձեզ եւ ձեր երկրին ու հազարամյակների միջով անցած կորուստներին ու ունեցածին:
Եվ այլեւս մեզ մի դիմեք, մենք ընդամենը չվող թռչուններ ենք:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31