Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

12 տարի առաջ «Հոկտեմբերի 27» եղավ

Հոկտեմբեր 28,2011 12:52

Եվ այդ օրը գլխատվեց Հայաստանի Հանրապետության պատմության մեջ 1991-ից հետո  մեր երկրում առաջին անգամ լեգիտիմությամբ օժտված իշխանությունը:


Տասներկու տարի առաջ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ նորանկախ Հայաստանի պատմության միակ եւ ամենասահմռկեցուցիչ ոճրագործությունը. հենց ՀՀ խորհրդարանի շենքում գնդակահարվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, նրա տեղակալներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանն ու նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Այս մարդիկ, Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, 1991-ից հետո առաջին անգամ գրեթե անվիճահարույց ընտրությունների արդյունքում ձեւավորված լեգիտիմ իշխանության ներկայացուցիչներ էին: Այն, որ կատարվածը պետական հեղաշրջման փորձ էր՝ անցած 12 տարիներին ընդդիմությունը բազմիցս է պնդել. փորձ, որը, ի վերջո, «բարեհաջող» հանգուցալուծում ունեցավ 2000թ. մայիսին, երբ, ըստ էության, փլուզվեց Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը, ու իրենց առանցքային պաշտոններից ազատվեցին Վազգեն Սարգսյանի մտերիմ զինակիցները նրա կրտսեր եղբոր՝ այն ժամանակ ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորությամբ: Նաեւ այն պնդումը, թե՝ ահաբեկչությունն անմիջականորեն իրականացրած 5 հոգին միայնակ չեն գործել, այլ թիկունքում ունեցել են որոշակի ուժերի կամ անձանց աջակցությունն ու հավանությունը՝ եւս արդեն 12 տարի շարունակում է մնալ շրջանառության մեջ: Դրա մասին բարձրաձայնում են ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանության առանձին ներկայացուցիչներ: Նրանցից մեկը, որ ոճրագործությունից հետո մինչեւ հիմա նույն համոզմունքին է, Գալուստ Սահակյանն է: Նրա կարծիքով էլ՝ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները եւ ուղղորդողները դեռ չեն բացահայտվել ու չեն պատժվել, բայց նա հույս ունի, որ ինչ-որ մի ժամանակ, երբ Հայաստանը որպես պետություն ամուր հիմքերի վրա կլինի՝ մեր հասարակությունը ճշմարտությունը կիմանա, կիմանա ե՛ւ ուղղորդողների մասին, ե՛ւ թե՝ աշխարհի ո՞ր ծայրից էր այդ ողբերգությունը կազմակերպվել: «Համենայնդեպս, հավատում եմ, որ պիտի բացահայտումներ լինեն»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Սահակյանը:
Բայց «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունն ու դրա մինչեւ վերջ բացահայտված չլինելու, հնարավոր կազմակերպիչներին ի հայտ չբերելու փաստերը շարունակում են մեզ համար ուսանելի լինել: 2008-ի «Մարտի 1»-ից հետո շատերն էին զուգահեռներ անցկացնում այդ երկու ոճիրների միջեւ՝ պնդելով, որ եթե ժամանակին բացահայտված լիներ «27»-ը, գուցե «Մարտի 1» էլ չլիներ: Այս ողբերգությունների միջեւ մեկ այլ նմանության մասին երեկ խոսել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը՝ շեշտելով, թե երկու դեպքում էլ նախադրյալը քաղաքական անհանդուրժողականությունն է, որն այսօր էլ հաղթահարված չէ: «27»-ի զոհը դարձած Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, եւս Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ՀԱԿ ներկայացուցիչներ ու շարքային քաղաքացիներ այցելել էին Կարեն Դեմիրճյանի հիշատակին տուրք տալու համար, ասել՝ է թե՝ ե՛ւ «27»-ը, ե՛ւ «Մարտի 1»-ը տեղի են ունեցել քաղաքական դրդապատճառներով, եւ երկու դեպքում էլ դրանց հետեւանքով Հայաստանը դատարկվել է, իսկ դրանց բացահայտված չլինելը ավելի հուսահատեցնում է հասարակությանը:
Երկու դեպքում էլ ընդդիմության ներկայացուցիչները պնդում են՝ գործող իշխանության պարագայում ո՛չ «Հոկտեմբերի 27»-ը, ո՛չ «Մարտի 1»-ը չեն բացահայտվի: Բացահայտում տեղի կունենա միայն արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված լեգիտիմ իշխանությունների պարագայում:
Իսկ երեկ ե՛ւ ՀՀ խորհրդարանի ներկայացուցիչները, ե՛ւ ընդդիմությունն ու ՀՀ քաղաքացիներ «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակը հարգել են ոչ միայն այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, այլեւ Եռաբլուր: Իսկ մինչ այդ հայրենի օրենսդիրները ծաղիկներ են դրել խորհրդարանի տարածքում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31