Պատճառն այն է, որ, ըստ կոնգրեսականների, ՌԴ վարչապետը ՀՀ նախագահին «ըստ արժանվույն» չի ընդունել
Երեկ Հայ ազգային կոնգրեսը շտաբի նիստ էր հրավիրել՝ քննարկելու, ի մի բերելու նախահանրահավաքային անելիքները: Նիստը ձգվեց բավականին երկար: Այս առիթով «Առավոտի» դիտարկմանը՝ բարդություններ, անհամաձայնություննե՞ր կան՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց.
– Ոչ, պարզապես Եռաբլուր եւ Պանթեոն այցելություններից հետո սովորականից մի փոքր ուշ ենք հավաքվել: Արտառոց ոչինչ չկա. նախապատրաստական, հանրահավաքի նախօրյակին հատուկ եռուզեռ է, որը միշտ էլ լինում է: Պատահում է, որ ավելի երկար քննարկումներ էլ ենք ունենում: Ըստ շրջանառվող լուրերի՝ երկրի ներսում բավականին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, բնականաբար, քննարկում ենք, տեղեկատվություն ենք փոխանակում, եզրակացություններ, հետեւություններ:
– Ո՞ր գործընթացները նկատի ունեք:
– Միջպետական այցելություն, հանդիպումներ…
– Քննարկվում է Սերժ Սարգսյանի մոսկովյան ա՞յցը:
– Այո:
– Կգաղտնազերծե՞ք՝ հատկապես ինչի մասին է խոսքը եւ ինչ գնահատականներ են Կոնգրեսում տրվում այդ այցին:
– Վերլուծում ենք հանդիպումների ընթացքը եւ փորձում ենք հասկանալ, թե այդ այցն ինչքանո՞վ էր համապատասխանում երկու պետությունների միջեւ կայացած հանդիպումների ֆորմատին ընդհանրապես:
– Եվ ինչքանո՞վ է համապատասխանում:
– Չեմ կարծում, որ այդքան էլ լավ էր: Իսկ ՌԴ վարչապետ Պուտինի հետ որոշ հանդիպումներն էլ արդեն այցի շրջանակներից դուրս էին, ինչը մտածելու տեղիք է տալիս:
– Կարծում եք, որ հայաստանյան կյանքի վրա դա անդրադարձներ կարո՞ղ է ունենալ:
– Չեմ կարող դեռ հստակ հետեւություններ անել, բայց հետեւանքներ ունենալու է: Որ Սերժ Սարգսյանը այցի շրջանակներից դուրս է ընդունվել եւ բավականին ուշ՝ երկար սպասելուց հետո, իրականում վիրավորական է: Փաստորեն Հայաստանի նախագահն ըստ արժանվույն չի ընդունվել ՌԴ վարչապետի կողմից, ինչը չի կարող անհետեւանք լինել: Դա շատ կոնկրետ վերաբերմունք է իշխանությունների, մասնավորաբար՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ:
– Այսօր հանրահավաքում այդ առիթով գնահատականներ կհնչե՞ն:
– Ելույթներում հնարավոր է: Բայց վստահաբար կարող եմ ասել, որ հանրահավաքը հետաքրքիր է լինելու:
– Ինչո՞վ է հետաքրքիր լինելու:
– Ութօրյա շուրջօրյա հանրահավաքներից հետո, երբ մենք պահանջեցինք Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը եւ հիմա նորից հանրահավաք ենք նախաձեռնում, բնականաբար, նշանակում է, որ հրաժարականի մասով պահանջը արդիական է, եւ մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք ծավալում ու ծավալելու, համագործակցելու ենք տարբեր, այդ թվում նաեւ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ուժերի հետ եւ հասնելու ենք հրաժարականին:
– Բայց իշխանությունները կարծես այդքան էլ լուրջ չվերաբերվեցին եւ շուրջօրյա հանրահավաքներին, եւ անհապաղ հրաժարականի պահանջին: Այսինքն՝ ի՞նչն է փոխվել այս ընթացքում, որ, մի քիչ պատկերավոր ասեմ, այսօր հաշվի են նստելու այդ պահանջի հետ:
– Դա խոսում է իշխանության լրջության աստիճանի մասին եւ ոչ թե ՀԱԿ-ի քայլերի անլրջության: Դա խոսում է այն մասին, որ նրանք չեն տիրապետում իրական քաղաքական վիճակին եւ չեն էլ պատկերացնում, թե այդ ամենն ինչ զարգացումներ կարող է ունենալ: Իսկ մեր քայլերը եւ նպատակը շատ կոնկրետ են:
– Հնարավո՞ր է, որ այսօրվանից էլ շուրջօրյա հանրահավաքներ լինեն:
– Երբեք եւ ոչինչ բացառել չի կարելի:
– Իսկ հանրության շրջանում ակտիվ աշխատանք տարվե՞լ է, հանրահավաքի բազմամարդությունն ապահովվելո՞ւ է:
– Անհրաժեշտ պահին ժողովուրդն ինքն ակտիվություն կդրսեւորի եւ ակտիվորեն կմասնակցի քաղաքական գործընթացներին, որովհետեւ ժողովուրդն իրականում ՀԱԿ-ի համակիրն ու համախոհն է, իշխանության նկատմամբ վստահություն եւ համակրանք չունի: Ես ժողովրդին կոչ եմ անում ավելի ակտիվ մասնակցել հետագա քաղաքական գործընթացներին, որովհետեւ դրանցով են պայմանավորված մեր երկրի, ամեն մի քաղաքացու ապագան, անձնական բարեկեցությունն ու ապահովվածությունը:
– Ութօրյա հանրահավաքների ընթացքում ՀԱԿ-ի առաջնորդներն անընդհատ միավորվելու կոչեր էին անում: Այդ օրերին արձագանք չեղավ. այս ընթացքում առաջարկներ եղե՞լ են:
– Ամեն մի քաղաքական ուժ այսօր վերլուծում է իրավիճակը եւ ավելի հստակ պատկերացումներ կազմելուց հետո, կարծում եմ, կկողմնորոշվեն: Այնպես որ՝ շտապել պետք չէ: Իսկ դիմողներ եղել են, անունները չեմ կարող հրապարակել, բայց առաջիկայում այդ գործընթացն ավելի կակտիվանա, եւ բոլոր նրանք, ովքեր իսկապես նպատակ են դրել ազատվել այս ավազակապետությունից եւ ցանկանում են պայքարել այդ նպատակի համար՝ ՀԱԿ-ը այն ուժն է, որին կմիանան: