Լրահոս
Օրվա լրահոսը

Ռետինե խողովակ

Հոկտեմբեր 28,2011 12:18

Կան երեւույթներ, որոնք մենք չենք հասկանում, եւ այդ դեպքում սխալ դատողություններ անելը միանգամայն ներելի է: Մարդը ստանում է համապատասխան տեղեկատվություն եւ, եթե կոտոշներ չունի, ուղղում է իր սխալը: Բայց առավել ցավալի է, երբ մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, սակայն իրենց դնում են որոշակի կենդանու կամ ռետինե խողովակի տեղ: Օրինակ, վարչապետը, ի պատասխան Մայր աթոռին հարկային արտոնություններ տալու հարցին, ասաց, որ եկեղեցին պետք է լինի սեփականատեր: Ի՞նչ է, որեւէ մեկը դրան դե՞մ է: Հարցն այն է՝ կարելի՞ է արդյոք Մայր աթոռին, որի եպիսկոպոսները «Բենթլիներով» են ման գալիս, դասել այն աղքատ ու անվճարունակ հիմնարկների թվին, որոնց պետք է ազատել որեւէ հարկից:
Կամ՝ երբ որեւէ բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյայի հարցնում ես՝ ինչո՞ւ եք հանրահավաքի օրը սահմանափակում մարդկանց տեղաշարժվելու իրավունքը, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմության, այլեւ բոլորի, նրանք անմեղ տեսքով հայտարարում են, որ ճանապարհային ոստիկանությունը անց է կացնում պլանային միջոցառումներ: Դա այն դեպքն է, երբ աճպարարը քո աչքի առաջ իր մանժետի ծալքից հանում է քո իսկ սեփական ժամացույցը եւ այն նվիրում է քեզ:
Քաղաքական եւ հասարակական ակտիվիստները նույնպես այս հարցում հետ չեն մնում: Թվում է, թե հրապարակավ (բանավոր կամ գրավոր) հայհոյելը լավ չէ՝ թե բարոյականության եւ թե օրինականության տեսանկյունից: Սակայն եթե դու ակտիվիստ ես կամ, առավել եւս՝ ընդդիմադիր գործիչ, ապա քո հայհոյանքը բարձրանում է սովորական խուլիգանության մակարդակից եւ դառնում է հանուն ժողովրդավարության եւ սահմանադրականության պայքարի անբաժանելի մաս: Դե, իսկ եթե քո հայհոյանքի թիրախը ոստիկան է, ապա այն ավելի վեր է խոյանում եւ դառնում համաշխարհային «լոգոսի» դրսեւորում:
Ես, իհարկե, երկու ձեռքով կողմ եմ, որ մադրիկ իրենց բողոքը հայտնեն կառավարության շենքի մոտ (հենց շենքի մոտ, ոչ թե «հարող տարածքում»), որ նրանք իրենց հուզող խնդիրները բարձրացնեն տարբեր հրապարակներում եւ դահլիճներում: Խնդիրն այն չէ, թե ինչ է ասվում, հարցն այն է, թե ինչպես է դա արվում: Եթե դա արվում է առանց Հրանտ Ոսկանյանի կամ Բաբկեն Արարքցյանի գլուխը ջարդելու, բողոքները դրանով դառնում են ավելի ծանրակշիռ ու ազդեցիկ: Նման դեպքերում ընդդիմության լիդերներն արդարանում են՝ «գործընթացները տեղի են ունենում ինքնաբուխ եւ մեր կողմից չեն վերահսկվում՝ մի’ հասցրեք ժողովրդին այդ աստիճանի, եւ նա այդպես չի բողոքի»: Դա էլ է ռետինե խողովակ ձեւացնելու դրսեւորումներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել