Այսօր` հոկտեմբերի 28-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01.40-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մասում, հայտնաբերվել է կարմիր գույնի «ՎԱԶ 2105» մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենա, որը վառվում էր:
Շտապ դեպքի վայր են մեկնել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները: Այնտեղ է եղել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը: Ժամանել են նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի օպերատիվ խումբը` ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ:
Ավտոմեքենայի հրդեհը մարելուց հետո ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատակիցները նշված ավտոմեքենայի կիսաայրված հետեւի նստատեղին հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակներով, սրբիչներով, կտորե ծածկոցով ու կպչուն ժապավենով փաթաթված վիճակում մի տղամարդու դիակ` գլխի մասում բազմաթիվ վերքերի հետքերով: Արդեն պարզվել է դիակի ինքնությունը. նա Երեւանի Խնկո-Ապոր փողոցի բնակիչ, 61-ամյա Վրեժ Գրիգորյանն էր:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ավտոմեքենայի համարանիշը` 61 ՍԼ 780. նշված ավտոմեքենան հաշվառված է Վրեժ Գրիգորյանի անվամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 1o4 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Կարդացեք նաև