Կամ սիրո հաղթանակը
Զվարճալի արկածներ, սիրային պատմություն, հիասթափություն ու երջանկություն. այս ամենը նուրբ հումորով համեմված է «Շարմ հոլդինգի» եւ «Արմենիա» հեռուստաընկերության համատեղ «Փեսացուն կրկեսից» արկածային կինոկատակերգության մեջ, որի պրեմիերան կայացավ երեկ՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, սցենարի հեղինակներն են` Դավիթ Բաբախանյանը, Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը, դերերում՝ Հովհաննես Ազոյանը, Սերժ Ավեդիքյանը, Ռոզի Ավետիսովան, Վիվիեն Բաստաջյանը, այլք: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Ջաղինյանը: Ֆիլմի վրա ծախսվել է շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար, իսկ էկրանին այն հայտնվել է 7 ամսվա աշխատանքից հետո: «Փեսացուն կրկեսից» ֆիլմի հիմքում սիրային պատմություն է: Գլխավոր դերում մասնագիտությամբ անասնաբույժ Նարեկը (Հովհաննես Ազոյան) սիրահարված է Գոհարին, ում հայրը դեսպան է: Ֆիլմը ստեղծողներն այն համարում են ընտանեկան դիտման համար նախատեսված եւ գտնում են, որ այն տեսակի մեջ հաջողված է, հանդիսատեսն այն դիտեց մեկ շնչով, հումորի, ծիծաղի, թեթեւության պակաս չկար: Հանդիսատեսը սկզբում տեղափոխվեց 3000 տարի ետ՝ Արա Գեղեցիկի ու Շամիրամի ժամանակաշրջան, Արայի եւ Նուարդի ժամանակներում ծավալվող իրադարձություններից մինչեւ մեր օրեր: Երկու ժամանակաշրջանները կապող օղակը հավերժական սիրո գաղափարն է: Նարեկն ու Գոհարը գալիս են ամառանոց՝ ծանոթանալու ծնողների հետ, իրենց հետ բերելով սիրելի կապիկ Միկիին: Երիտասարդները փորձում են Միկիին թաքցնել Գոհարի դեսպան հորից եւ նրա կնոջից: Իրադարձություններն այստեղ չափազանց զվարճալի կերպով են զարգանում եւ մեկուկես ժամն անցնում է րոպեների նման: Ամառանոցում իրար են հաջորդում զվարճալի միջադեպեր՝ դեսպանի, հատուկ ծառայությունների, գլխավոր հերոսի եւ կապիկ Միկիի մասնակցությամբ: Դեսպանի կինը, որ վախենում եւ տանել չի կարողանում կապիկներին, ուղղակի լեղաճաք է լինում Միկիից: Փեսացու Նարեկն էլ ապագա զոքանչի եւ աներոջ առջեւ ճաշելու է նստում մե՛կ ծաղրածուի, մե՛կ նավաստու հագուստով: «20 տարի առաջ, երբ Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն, գալիս էի Հայաստան մեկ-մեկ նկարվելու, ինքս էի գումար բերում եւ ներդնում, որպեսզի նկարահանվեն ֆիլմեր եւ ինքս նկարվեմ, հիմա ժամանակները փոխվել են, ինձ հրավիրում են այստեղ նկարահանվելու ու առաջարկում աշխատավարձ: Սա շատ մեծ փոփոխություն է»,- պրեմիերայից առաջ լրագրողներին հայտնեց ֆրանսահայ դերասան Սերժ Ավեդիքյանը: «Երբ սցենարը կարդացի, Դավիթին եւ Ռուբենին ասացի, որ ցանկություն ունեմ նկարվել ֆիլմում, որովհետեւ կերպարը, սցենարը հետաքրքրեց տարբեր շերտերով, հարստությամբ, հումորով»,- ասաց Ս. Ավեդիքյանը: Ֆրանսիական եւ հայկական ֆիլմերում հումորի տարբերության մասին էլ կարծիք հայտնեց, թե էական տարբերություն չի տեսնում. «Կա կոմեդիա հասկացություն, աշխատանքային ռիթմ, սցենարի կատարելագործված աշխատանք, հումորով, ճիշտ, խաղարկային ոճ: Այստեղ ես ոչ թե իբրեւ ֆրանսիացի դերասան եմ, այլ դերասան, որը հրաշալի հայերեն է խաղում, ինչը շատ կարեւոր է: Ֆիլմում չկա ափըռ-ցըփռ լեզու»: Ֆիլմում կա մի քանի կտոր, երբ Նարեկն ու Գոհարը համբուրվում են: Լրագրողները հետաքրքրվեցին, թե նման կադրերին ինչպես է վերաբերվում Հ. Ազոյանի կինը: «Շատ վատ»,- պատասխանեց Հովոն: Առաջին հայացքից զվարճալի եւ խճճված արկածներով լի պատմությունը կարծես վատ է ավարտվում բոլորի համար, սակայն կա մի հանգամանք, որն օգնում է հերոսներին խուսափել անհաջողություններից եւ վերագտնել կորցրած սերն ու երջանկությունը. ի վերջո՝ հաղթում է սերը: Ֆիլմը զուգահեռաբար կցուցադրվի մայրաքաղաքի երկու կինոթատրոններում: