Թուրքիայի Իզմիթ քաղաքում ընթացող շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրում երեկ երեկոյան Հայաստանի հավաքականը չնայած 1,5:2,5 հաշվով զիջեց Ռուսաստանի հասակակիցներին, որի կազմում հանդես է գալիս երկու գրոսմայստեր, այդուհանդերձ, շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երրորդ տեղում ընթացող Ադրբեջանի թիմը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց իրանցիների հետ, իսկ Վրաստանը 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Թուրքիայի «Կարմիր» թիմի նկատմամբ: Որ մեր պատանիների ընտրանին մնաց 1-ին տեղում, հնարավոր եղավ առավոտյան կայացած չորրորդ տուրում Վրաստանի նկատմամբ 4:0 «չոր» հաշվով տարած հաղթանակից հետո իրեն հետապնդողների նկատմամբ ունեցած միավորների մեծ առավելության շնորհիվ: Տեղեկացնենք, որ ռուսներն էլ իրենց հերթին նույն հաշվով պարտության էին մատնել շվեյցարացիներին:
Հինգ տուրից հետո մեր տղաները 16,0 միավորով առաջին տեղում են: Ռուսաստանը մի փոքր կրճատել է հաշվի տարբերությունը եւ 14,5 միավորով երկրորդն է, իսկ ահա Վրաստանը շրջանցեց Ադրբեջանին եւ 13,5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Ըստ ամենայնի, հաղթողի համար պայքարն այսուհետեւ ընթանալու է հենց այս չորս հավաքականների միջեւ: Այսօր կայանալու է մեկ տուր: Հայաստանը հանդիպելու է Ադրբեջանի, իսկ Ռուսաստանը՝ Վրաստանի հետ: