Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կաջակցի «WebԾիրան» փառատոնին

Հոկտեմբեր 27,2011 00:00

\"\"Երեկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի եւ WebTV.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանի համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսության կողմից հիմնած «WebԾիրան» համահայկական կինոփառատոնի մեկնարկը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր հայ կինոռեժիսորները: Մրցույթին կարող են ներկայացվել մինչեւ 20 րոպե տեւողությամբ ֆիլմեր՝ առանց ժանրային սահմանափակումների՝ խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով:
«Աշխարհը սրընթաց շարժվում է վեբի եւ վեբ-լուծումների ուղղությամբ: Մենք ձգտում ենք անել ամեն ինչ՝ այս բնագավառում Հայաստանի առաջատար դիրքն ապահովելու համար: Այս ձեւաչափով փառատոն անցկացնելու հնարավորությունը փաստում է, որ ինտերնետ հասանելիության ցուցանիշը մեր երկրում բավականաչափ բարձր է: Հաճելի է արձանագրել, որ ժամանակակից տեխնոլոգիաները ներթափանցում են նաեւ մշակույթի բնագավառ՝ խրախուսելով տաղանդի բացահայտումը»,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մենք համոզված ենք, որ իրական տաղանդ եւ հարուստ ներաշխարհ ունեցող յուրաքանչյուր անձի պետք է արտահայտվելու հնարավորություն ընձեռել: Ուրախ ենք նման նախաձեռնության մեջ մեր մասնակցության համար: Փառատոնը կխթանի ասելիք եւ տեսլական ունեցող տաղանդավոր այն արվեստագետների ստեղծագործականությունը, որոնք ֆինանսական միջոցների պատճառով չեն կարող ստեղծել միջազգային փառատոների չափորոշիչներին տեխնիկապես համապատասխանող ֆիլմեր»,- ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը: 
Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ, իսկ հաղթող ֆիլմերը որոշվելու են ինտերնետ քվեարկության միջոցով: Արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի 25-ին՝ մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Սահմանված է 2 մրցանակ. «WebԾիրան» գլխավոր մրցանակը՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ խրախուսական մրցանակ՝ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել