Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՐՊԱԿՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՊԱՐԶՎՈՒՄ Է

Հոկտեմբեր 27,2011 00:00

Սյունիքի մարզկենտրոն Կապանի կենտրոնում, գետի վրա կառուցված կրպակների համար քաղաքապետարանը միջանկյալ լուծում է գտել:

\"\"

Այս տարվա փետրվարի 2-ին «Կրպակների անորոշ ճակատագիրը. Կապանի քաղաքապետարանը ծրագիր է մշակել, կրպակատերերը գումարներ են ծախսել, կառավարությունը, սակայն, երկար է մտածում» հրապարակմամբ ներկայացրել ենք Մեղրի-Երեւան միջպետական մայրուղու, Կապանի կենտրոնական հատվածով անցնող ճանապարհահատվածի, Ողջի գետի ափերին գտնվող մոտ 40 կրպակների եւ կրպակատերերի վիճակը (https://www.aravot.am/am/articles/rights/ 88136/view):
Տասնյակ տարիներ Կապանի մի շարք բնակիչներ միջպետական ճանապարհի այս հատվածում տեղակայված իրենց կրպակներում առեւտուր կազմակերպելով՝ իրենց ապրուստն են հոգացել: Այսօր էլ կրպակները գործում են, գնալով դրանց թիվն ավելանում է: Սակայն կրպակատերերը ներկայումս մի խնդրի են բախվել: Կողք կողքի, իրար կպած, սակայն տարբեր նյութերով, գույներով, տարբեր տեսքերով եւ չափերով կրպակները ոչ միայն քաղաքի ճարտարապետական տեսքն են խաթարում, աղտոտում Ողջի գետը, այլեւ օգտագործելով կրպակների դիմացի մայթը՝ անհարմարություններ են ստեղծում անցորդների համար: Կրպակատերերից շատերն ասում են, որ իրենց սրտով էլ չի նման նեղ ու անհարմար պայմաններում աշխատելը: Նախկին քաղաքապետի ժամանակ նրանցից շատերը քաղաքապետարանի հետ պայմանագրեր են կնքել, որպեսզի իրենց հաշվին նույն տեղում կառուցեն նոր, ավելի գեղեցիկ, պատշաճ ու հարմար պայմաններով միանման կրպակներ: Սակայն կնքված պայմանագրերն ու նախագծային աշխատանքների համար կրպակատերերի ծախսած գումարներն այդպես էլ օդում են մնացել, որովհետեւ ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 6-ի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության մասին որոշումով կասեցվել են Մ1-Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման եւ Մ2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պատմական գոտիներում եւ օտարման շերտերում շինարարության իրականացման եւ հողհատկացման գործընթացները: Այսպես արգելվել է նաեւ Կապանի կենտրոնում, գետի վրա կախված կրպակների փոխարեն նորերի կառուցման ծրագիրը:
Փետրվարին Կապանի քաղաքապետարանում որեւէ հստակ պատասխան չունեն կրպակատերերի համար: Կրպակների ճակատագիրը կախված էր Հյուսիս-Հարավ միջպետական մայրուղու շինարարության ծրագրից: «Կապված Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման քարտեզագրման աշխատանքների հետ՝ Կադաստրի պետական կոմիտեն դադարեցրել է ճանապարհի վրա բոլոր տեսակի շինարարության գրանցումները: Հիմա մենք ինչ որ ուզում ենք անենք՝ չի թույլատրվում: Կանգնել ենք փակուղու առջեւ, պայմանագրերը կան, կրպակների տերերի մոտ 90 տոկոսը համաձայն է, որ վերափոխվեն դրանք, կառուցվեն միանման, բոլոր հարմարություններով ու չափանիշներով շինություններ, որի դեպքում ապահովված կլինեն փողոցի լուսավորությունը, ջրահեռացումն ու սանիտարական բոլոր պայմանները: Այժմ կրպակները աղտոտում են Ողջի գետը, օգտագործում են մայթը: Նոր ծրագրով մայթն ամբողջությամբ ազատ կլինի, կրպակները հետ են քաշվելու եւ գետի վրա են կառուցվելու: Մրցույթը հայտարարված է, շինարարական կազմակերպությունը պատրաստ է շինարարությունը սկսել, գումարները հաշված են՝ յուրաքանչյուր կրպակի համար մոտ 2,4 միլիոն դրամ եւ համաձայնեցված են կրպակատերերի հետ: 36 հոգի հերթագրվել եւ իր գրավոր համաձայնությունը տվել է: Հարցը քննարկել ենք նաեւ մարզպետարանում, սակայն մինչեւ ճանապարհի հարցը չլուծվի, մինչեւ նախագիծը վերջնական չհստակեցվի՝ ոչինչ չի արվի: Եթե որոշվի ճանապարհը Կապանի միջով կառուցել, ապա ճանապարհի լայնացման խնդիր է լինելու, այս բոլոր կրպակները քանդման ենթակա են լինելու եւ դրանց վճարման խնդիր է առաջանալու, դրա համար մենք այսօր անորոշ վիճակում ենք հայտնվել, սպասում ենք որոշմանը: Կարծում ենք, որ 2011-ին այն կկայացվի, քանի որ էդ ձգձգումները մեր գործերին էլ են խանգարում»,- փետրվարին մեզ ասել էր Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը:
2011-ի ավարտին կարծես խնդիրը լուծվում է: Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանը տեղեկացրեց, որ փորձ է արվել հարցի միջանկյալ լուծում գտնել: «Այսօր արդեն խոսվում է կրպակները հանելու, նոր, միատեսակ ճարտարապետական տեսքով, շրջապատին համահունչ տաղավարներ կառուցելու մասին: Ես դեմ եմ նմանատիպ կառույցներին: Գետերի ափերն ու գետափնյա շերտերը պետք է մաքուր լինեն, ֆորսմաժորային դեպքերում՝ գետերը վարարելու ժամանակ, ինչպես 40-ականներին կամ 70-ականներին է եղել, անցանկալի հետեւանքներից խուսափելու համար: Բայց հաշվի առնելով այսօրվա սոցիալական պայմանները, առաջարկում ենք միջանկյալ տարբերակ, որին նախարարությունը նույնպես իր համաձայնությունը տվել է: Այդ կրպակները կհանվեն, նույն տեղում կկառուցվեն նոր, միանման, պատշաճ մակարդակի ու անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններով շինություններ: Համապատասխան փաստաթղթերը կներկայացնենք մարզպետարան, որից հետո՝ քաղաքաշինության նախարարության համաձայնությանը: Այս ծրագրով հնարավոր կլինի քաղաքի կենտրոնական հատվածը տեսքի բերել», – ասում է պարոն Ստեփանյանը:
Կա կառավարության որոշում միջպետական-հանրապետական նշանակության ճանապարհների հարեւանությամբ կառուցվող սպասարկման օբյեկտները միանման լինելու մասին, եւ կա կատալոգ, որտեղ առաջարկվում է դրանց տեսքի 10 տարբերակ: Կապանում կառաջնորդվեն ընդունված չափանիշներով:
Իսկ Հյուսիս-Հարավ մայրուղու մասով դեռ անորոշություններ կան: Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի փոխանցմամբ, դեռեւս ամբողջությամբ հստակ չէ, թե որ հատվածով պետք է անցնի միջպետական ճանապարհը: «Հյուսիս-Հարավ մայրուղու ծրագիրը մինչեւ Սյունիք համայնքն է նախանշվել, դրանից հետո ծրագրի վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան: Կա երկու այլընտրանքային տարբերակ՝ Կապան-Ծավ-Մեղրի, Կապան-Քաջարան-Մեղրի», – հավելում է Արշակ Ուստաբաշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել