Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կիևյան կամրջից նետվելով` ինքնասպանություն է գործել մի երիտասարդ աղջիկ:
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի
վայր են ժամանել 1-03 շտապբուժօգնության ծառայության աշխատակիցները, սակայն
աղջիկն արդեն մահացել է:
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ արդեն դեպքի վայր է ժամանել
ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության
քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական
բաժնի քննիչները` քննիչ Աշոտ Վարդանյանի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի
փրկարար ծառայության Երևանի փրկարարները: Քննիչ Աշոտ Վարդանյանի հանձնարարականով, դեպքի վայր է հրավիրվել դատական բժիշկը: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը օպերատիվ-քննչական
գործողությունների արդյունքում պարզել է, որ ինքնասպանություն գործած աղջիկը Երևան
քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ, 28-ամյա Յանա
Մանասյանն էր:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաև, որ Կիևյան կամրջին հարակից` Հալաբյան
փողոցում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել է
«Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում էր ինքնասպանություն գործած
աղջկան: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի տուգանային հրապարակ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի