Հինգշաբթի օրը Հունաստանի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Անտոնիս Սամարասը խիստ քննադատության է ենթարկել Հունաստանի պարտքի 50 տոկոսը ներելու վերաբերյալ Եվրամիության համաձայնեցված որոշումը՝ հավելելով, թե այդ պարտքը մասնավոր ներդրողների ձեռքում է: <Այսօր ներելով մեր երկրի պարտքը 2020-ին այն կլինի նույնքան՝ որքան 2009-ին էր. այսինքն, ՀՆԱ-ի 120 տոկոսը: Ներկայիս կառավարությունը երկու տարի մեզ ենթարկել է ոչ միայն հարկային, այլեւ տնտեսական հարստահարման, բայց անամոթաբար համարձակվում է տոնել պահից սկսած ինը տարի անց՝ 2020-ին, դեպի 2009 թվականը մեզ ետ շպրտելու որոշումը>,- РИА Новости-ի մատուցմամբ, հայտարարել է Սամարասը:
Նրա ասելով, ԵՄ ծրագիրը շրջանցել է հունական տնտեսությունը պաշտպանելու, տնտեսական աճը վերականգնելու եւ ռեցեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, ընդդիմության առաջնորդը համարում է, որ ԵՄ որոշումը բավարար չափով մշակված չէ, իսկ ստեղծվելիք Եվրոպական ֆինանսական կայունության հիմնադրամը պետական պարտքի երկրորդային շուկայում սեպուկլյացիային դիմագրավելու համար բավարար միջոցներ չի ստացել : <Մենք պետք է պաշտպանենք մեր ազգային ինքնիշխանությունը: Մենք չենք կարող, իրավունք եւ պատճառ չունենք այդ ինքնիշխանությունը որեւէ մեկին հանձնել>,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը՝ ակնարկելով բյուջետային ծրագրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով Աթենքում մշտական առաքելություն հիմնելու մասին Եվրամիության որոշումը:
Սամարասը երկրում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչ է արել: <Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են մեր այսօրվա խորտակման համար՝ փրկարար ձեւանալու իրավունք չունեն: Այս կառավարության ժամանակը սպառվել է>,- եզրափակել է <Նոր ժողովրդավարություն> կուսակցության նախագահը: Նա մտադիր է հինգշաբթի երեկոյան հանդես գալ ազգին հասցեագրված ուղերձով :