«Նոր ալիք- 2010» երգի մրցույթում հաղթող Սոնա Շահգելդյանը շատ կարծիքներ Է լսել հաղթանակի վերաբերյալ, սակայն, ինչպես այսօր հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը, «Սոնան գումար չի տալիս մրցույթում հաղթելու համար…Այնտեղ չես կարող ինչ-որ բան գնել: Դա արդար մրցույթ է եւ հաղթելու համար պետք է լուրջ նախապատրաստվել»:
Իսկ «Եվրատեսիլ» մրցույթին երգչուհին ավելի թեթեւ է նայում. կցանկանար մասնակցել, բայց առաջարկներ դեռ չի ստացել. «Եթե իմանամ, թե նախօրոք ով է հաղթելու, չեմ մասնակցի: Ինձ համար դա կյանքի իմաստ չի: Կարեւորը պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականն է»:
Երգչուհու կարծիքով՝ Հայաստանի համար դեռեւս շուտ է «Եվրատեսիլում» հաղթելը. «Բազմաթիվ երկրներ կան, որ մինչ օրս չեն հաղթել, սակայն նրանց համար դա «տրագեդիա» չի եղել»:
Կարդացեք նաև
Ս. Շահգելդյանը հավելեց, որ «Եվրատեսիլին» մասնակցելը հերոսություն է. «Ամեն մեկն այդ ռիսկին չի գնա»:
Երգչուհին չի սիրում խոսել զգեստներից. «Չեմ ընդունում, երբ լավ են հագնվում ու վատ երգում: Յուրաքանչյուրն էլ կարող է «բաց» հագնել եւ լինել սեքսուալ, բայց ամեն մեկը չի կարող դա իրեն թույլ տալ»: Ս. Շահգելդյանը «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող ռեալ թեկնածու է համարում «System of a down» ռոք խմբին, թեեւ շարունակ տալիս են «Դորիանսի» անունը:
Երգչուհու մենահամերգը սպասվում է նոյեմբերի 13-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում, որտեղ հանդես գալը Ս. Շահգելդյանի համար հպարտություն է: Երգչուհու խոսքերով՝ սպասվում են մակարդակով երգեր՝ տարբեր ժանրերում, անակնկալներ, զուգերգեր Ռուբեն Հախվերդյանի հետ: «Այդպիսի մարդկանց պետք է փայփայել եւ լավերին չփնտրել դրսում»,-ասում է նա:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ