Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի քանի մանր-մունր բաներ եմ գրել՝ գրիչով: Խնդրում եմ կարդացեք եւ ասեք՝ ի՞նչ են սրանք: Սկսում ենք՝ ըհը…

Հոկտեմբեր 27,2011 16:49

Բերմունդյան եռանկյունի

Կյանքը դարձել էր եռանկյունու պես սուր ու տափակ: Անկյունների մասում սուր էր՝ ամսվա սկզբից մինչեւ ամսվա վերջ: Ներսում տափակ էր. անհամ ու անգույն: Առաջին օրերին, երբ ամիսը դեռ մեկ-երկու օրական էր, ինքն սպասում էր լավ փոփոխությունների, լավ լուրերի, փողի ու պատվերների: Հետո կամաց-կամաց այդ սպասումները նահանջում էին, տղամարդը մտնում էր իր սովորական տափակ ռիթմի մեջ՝ ոչ ոք ոչ մի պատվեր չէր տալիս, պարտապանները կատարած գործի համար  փողը չէին տալիս ու սկսվում էր կյանքի տափակ մասը: Աշխատանք,  տուն եւ բազմոց շրջագայությունը արդեն այնքան երկարատեւ էր, որ տղամարդը հոգնել էր այդ շրջագայությունից: Բայց՝ ճար չուներ, սա ավելի հանգիստ վիճակ էր, քան ամսվա սկզբի եւ վերջի վազվզոցը փողի ետեւից:

Երկու օր առաջ լսեց, որ հարեւան Դավիթը լավ  «գործ է կպցրել» ու գնում է Դուբայ: Մտքում նախանձեց: Բայց ոչ մի կերպ չէր պատկերացնում, թե Դավիթն ի՞նչ է անելու Դուբայում. ոչ արհեստ գիտի, ոչ՝ արվեստ: Բայց հարեւաններից լսել էր, թե Դավիթը գնում է Դուբայ՝ զբաղվելու այն նույն գործով, ինչով զբաղվում էր այստեղ՝ անշարժ գույքով, առքուվաճառքով: Փաստորեն իրեն ճիշտ չէին դաստիարակել իր ծնողները: Ամբողջ մանկության ու պատանեկության տարիներին լսել էր նույնը՝ <աշխատիր, տղաս, արհեստ սովորիր>՚: Ու ինքը սովորել էր՝ ձեռքից ամեն ինչ գալիս էր, ամենաանհավանական բաներից գլուխ էր հանում: Բայց ոչ անշարժ գույքից: Ինքը կարող էր սարքել, կպցնել,  գծել- գծագրել, կառուցել, թարմացնել եւ այլն: Իսկ այս բաները, փաստորեն, որոշակի չափաբաժին դրամի համար  են, այնքան, որ կարողանա մի փոր հաց վաստակել իր եւ ընտանիքի համար: Ավելորդ ոչ մի ճոխություն: Ճոխությունները Դավիթի համար են, անշարժ գույքով զբաղվողների, իրենը  շարժականն է: Երբ տեսնես՝ Դավիթը կամ բակում կանգնած հանգիստ զրուցում է իր նման ՙպարապների՚ հետ, կամ՝ նոր-նոր լվացած «Մերսեդեսով» իր մինի կիսաշրջազգեստով  կնոջը տանում է աշխատանքի: Այդ ՙանշարժ գույքով՚ երկուսով են զբաղվում: Իսկ ինքն ինչի՞ հասավ, արդեն հնացած եւ հոգնած իր մեքենայով ամեն օր տուն է գալիս ջղային, փոշոտ ու անփող: Անգամ մեքենան լվանալու սիրտ չունի:

Փաստորեն ծնողներն իրեն պահել-մեծացրել ու դաստիարակել էին ընդամենը մի փոր հաց վաստակելու  շրջանակի համար: Ասել էին՝ այդքանն էլ լինի, գոհ եղիր: Ու ինքը գոհ էր եղել մինչեւ այն պահը, երբ երկու օր առաջ տեղի չունեցավ այդ դեպքը:

Որոշեց, որ այլեւս չի ուզում շրջանակի մեջ ապրել, որ իրեն հոգնեցրել էր աշխատանք-տուն-բազմոց շրջագայությունից: Ո՛նց էր հոգնել: Բայց ի՞նչ աներ. հասկանում էր, որ այլեւս անելիք չի մնացել, ամեն ինչ վաղուց բաժան-բաժան է արված եւ իր նմանների համար  այլ հարթություններում տեղ չի մնացել, իրենը նույն եռանկյունին է՝ իր սուր անկյուններով ու տափակ միջուկով:

…Տղամարդը այս մտքերի մեջ երկար նստեց, ծխեց, ծխեց, մտորեց ու մտորեց: Նայեց պատուհանից դուրս՝ կիսալուսինն ու աստղերը երկնքում մի ծանոթ եռանկյունի էին գծել՝ սուր անկյուններով ու տափակ, անգույն եւ ոչինչ չասող միջուկով: Հոգոց հանեց՝ դե, եթե լուսինն ու աստղերն էլ ուրիշ բան չեն հուշում, ինքն ուրեմն անելիք չունի:

Վերցրեց հեռախոսը, զանգեց մեկ հարկ ներքեւ ապրող հարեւանին եւ հրավիրեց նարդի խաղալու: Նարդու շրխկոցի մեջ տղամարդը փորձում էր խեղդել իրեն տանջող մտքերը եւ կլորացնել եռանկյունու սուր անկյունները: Չէր ստացվում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31