Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՉՆԿԱՏԵԼԸ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ» Հայաստանի ազգային փոքրամասնությունները կառավարման օղակներում տեղ չունեն

Հոկտեմբեր 27,2011 16:32

 Ըստ Ամո Շարոյանի (ձախից) եւ Կնյազ Հասանովի (աջից)՝ Հայաստանում խտրականության դրսեւորումներ չկան:

Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի բնակչության 4%-ը կազմում են ազգային փոքրամասնությունները: Թվաքանակով ամենամեծը եզդիներն են՝ 50000-60000: «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորումը զբաղվում է եզդիների էթնիկ իրավունքների պաշտպանությամբ: Վերջինիս նախագահ Ամո Շարոյանն ասում է, որ, իբրեւ ՀՀ քաղաքացիներ, իրենք օգտվում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բոլոր իրավունքներից, սակայն այդ ամենով հանդերձ, որոշ խնդիրներ էլ ունեն: Հավելում է, որ օրենքներում պետք է նախատեսվեն նորմեր ու դրույթներ, որոնք կապահովեն ազգային փոքրամասնությունների, կոնկրետ՝ եզդիների ներկայացուցիչների մուտքը խորհրդարան, կառավարություն, դատական համակարգ, ԿԸՀ եւ այլ մարմիններ: Ըստ Ա. Շարոյանի, ժամանակին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը եւ խորհրդարանական խմբակցությունները ողջունել են իր այն առաջարկը, թե կուսակցությունների ցուցակում պետք է անպայման լինեն 3% ազգային փոքրամասնություններ, սակայն գործը առաջարկից այն կողմ չի անցել: «Մտերմիկ զրույցներից մեկի ժամանակ ես կես կատակ-կես լուրջ ասացի, որ եթե մեր պատգամավորը ԱԺ-ում չկա, ուրեմն զրկված ենք օրենսդրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից»,- ասում է եզդիների միավորման նախագահը: Ասում է նաեւ, որ եզդիները լավագույն դեպքում գյուղապետեր են կամ գյուղապետի տեղակալ, նույնիսկ ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդում ներկայացուցիչ չունեն: Փոխարենը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում «յուրային» ունեն, ՄԻՊ խորհրդական Ռուստամ Մախմուդյանը ազգությամբ եզդի է:
Շարոյանի խոսքով, Հայաստանում երեւույթներ կան, որոնք ոչ թե խտրականության, այլ անտեսման հետեւանք են, եւ այդ ամենը թաքցնել՝ նշանակում է գնալ ինքնախաբեության: Նա օրինակ է բերում, որ մի քրեական գործով ինքը որպես ներկայացուցիչ էր ներգրավված, որտեղ մեղադրյալը ազգությամբ եզդի էր ու թույլ մտավոր ունակություններով մարդ՝ 2-րդ դասարանի կրթությամբ: Ամո Շարոյանը փաստում է, որ նրան հարցաքննել են առանց թարգմանչի, ու հավանաբար մարդը չի հասկացել, թե ինչի համար են իրեն մեղադրում: «Միդիա Շանգալի» նախագահն ամեն դեպքում գտնում է, որ ազգային փոքրամասնությունները ավելի քիչ են հակված վատ արարքներ գործելու, քանի որ բարդույթ ունեն, թե իրենց պարագայում կշեշտվի ազգային պատկանելությունը:
Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը հիշում է, որ Խորհրդային Հայաստանում քրդերը (ըստ որոշ տվյալների՝ նրանք այժմ Հայաստանում մոտ 3 հազար են) մեծ արտոնություններ ունեին: 1930 թվականից լույս է տեսնում «Ռիա թազա» թերթը, այժմ այն ֆինանսական խնդիրներ ունի, ամսական 1-2 անգամ է տպագրվում՝ պետության միջոցներով: 1930-ականներից բացվել է Հայաստանի ռադիոյի քրդական հաղորդումների բաժինը, որը 1.5 ժամով էր հեռարձակվում, սակայն այժմ դարձյալ ֆինանսական պատճառներով կեսժամյա է դարձել: Քրդերն ունեն Հայաստանի գրողների միությանը կից քուրդ գրողների բաժանմունք, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում կա քրդագիտության բաժին, մեկ այլ քրդական կազմակերպություն՝ «Քուրդիստան» կոմիտե, հայերեն լույս տեսնող «Զագրոս» թերթ, որը արտացոլում է ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրներում ապրող քրդերի վիճակը:
Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կ. Հասանովն էլ է ասում, թե մուսուլման քրդերի հանդեպ խտրականության որեւէ դրսեւորւմ չի նկատել: Նրա խոսքով, եթե անգամ կենցաղային հարցերի շուրջ վեճեր կամ սպանություններ են եղել եւ դա վերագրվել է ազգային խտրականությանը, իրենց կազմակերպությունը ԶԼՄ-ներում հանդես է եկել ու հերքել: Կ. Հասանովը հիշում է, որ Խորհրդային Հայաստանում քրդերը պատգամավոր ունեին օրենսդիր մարմնում՝ Միրո Մստոյանը, իսկ այժմ՝ ոչ: Նա եւս կարծում է, որ ե՛ւ մեծամասնական, ե՛ւ համամասնական ընտրակարգով քրդերը չեն կարող խորհրդարան թափանցել. «Չունենք այնպիսի կոմպակտ համայնք, որպեսզի 50 հազար հոգի նույն մարդուն ձայն տա, չունենք նաեւ ազգային կուսակցություններ, որպեսզի դրանց ցուցակներով անցնենք»: Հասանովը նշում է, որ անցյալ տարի քրդական այբբենարան է հրատարակվել, որ սենսացիա է առաջացրել քրդերի շրջանում, պատրաստ են նաեւ 4, 5, 6-րդ դասարանների դասագրքերը, սակայն ԿԳ նախարարության կողմից ֆինանսավորումն առայժմ հետաձգվել է: Քրդերի համար խնդիր է, որ վերջին շրջանում հազվադեպ են դիմում՝ բարձրագույն կրթություն ստանալու համար, իսկ քրդուհիները դա ընդհանրապես չեն հասցնում, քանի որ ամուսնանում են 8-9-րդ դասարանում: Անցյալ տարի մի քուրդ երիտասարդ դիմել էր ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետ, դրական գնահատականներ ստացել, բայց չէր ընդունվել: Հասանովի՝ ՀՀ նախագահին ուղղած նամակից հետո երիտասարդը վերականգնվել էր, ավելին՝ պետության հաշվին է կրթություն ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31