«Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն Աննա Հակոբյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը օրվա երկրորդ կեսին կալանք է դրել «Հայկական ժամանակ» թերթի խմբագրության գույքի եւ հաշիվների վրա, եւ վաղը իրենք պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին, Լեւոն Սարգսյանին ու Սամվել Ալեքսանյանին՝ յուրաքանչյուրին կվճարեն 2 միլիոն 44 հազար դրամ:
Կատարելով դատարանի վճռի մյուս պահանջը՝ թերթը առաջին էջում տպագրել է «Հայկական ժամանակի» անցած տարվա հոկտեմբերի 14-ի համարում՝ «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հրապարակման հերքումը, որում հրապարակված տեղեկությունները պատգամավորները իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վիրավորանք էին համարել։
Դատարանի սահմանած գումարը՝ 6 միլիոն 234 հազար դրամը վճարելու համար, հօգուտ «Հայկական ժամանակի», անցկացվել է հանգանակություն, եւ խմբագրությանը հաջողվել է հավաքել ողջ գումարը: