Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեծագույն քաղաքական գործիչը

Հոկտեմբեր 27,2011 15:56

Երբ ինձ հարց եմ տալիս, թե որպես քաղաքական գործիչ, ՀՀ առաջին եւ երրորդ նախագահներից ո՞ւմ եմ նախապատվությունը տալիս, նժարը Լեւոն Տեր-Պետրոսյան կողմում չէ: Ասեմ՝ թե ինչու.

ա) Լեւոն Տեր-Պետրոսյանը վիճարկելով 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները՝ հաշվարկ է ներկայացնում, ըստ որի՝ ինքը 63-65 տոկոս ձայն է ստացել, իսկ Սերժ Սարգսյանը՝ 0 ձայն,

բ) Լեւոն Տեր-Պետրոսյանը իրենից վանեց 2008թ. նախագահական ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուներին, իսկ Սերժ Սարգսյանը համարյա բոլորին համախմբեց իր շուրջ՝ «ամրապնդելով» (չակերտավոր «ամրապնդելով» եզրը վերցնում եմ չակերտների մեջ) իր հաղթանակը,

գ) Լեւոն Տեր-Պետրոսյանը կեղծված համարելով 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները, այդպիսին չի համարում 1996թ. ընտրությունների արդյունքները, պատճառաբանելով, որ դրանից երկու տարի անց Վազգեն Մանուկյանը խորհրդարանական ընտրություններին ավելի քիչ ձայն է ստացել, «մոռանալով», որ նախագահական ընտրություններին Վազգեն Մանուկյանը համաժողովրդական թեկնածու էր եւ նրան սատարում էր ողջ ընդդիմադիր դաշտը,

դ) Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ իր թիմակիցների հետ պայմանավորվածություն չունի իշխանության գալու դեպքում պաշտոնների բաժանման շուրջ, ինչը ցանկալի արդյունքին հասնելուց հետո նրանցից շատերին լուսանցք ուղարկելու հնարավորություն կտա, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը կարծես թե քաղաքական ուժերի հետ համագործակցում է քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելով, ինչն ինձ համար ավելի ընդունելի է, մի խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ առավել արտահայտված է անկեղծության ու անցյալի սխալների համար զղջման բացակայությունը, անհանդուրժողականությունը եւ իր ելույթների հասցեատերերին մոլորության մեջ գցելու միտումը:

Այդքանով հանդերձ, գտնում եմ, որ մեր իրականության մեծագույն քաղաքական գործիչը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն է:

Ասեմ՝ թե ինչու: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007թ.-ին հայտարարեց մեծ քաղաքականություն իր վերադարձի մասին, ես ինձ հարց էի տալիս, թե նա ինչով է ցանկանում վերադառնալ, չէ որ.

ա) նրա անցյալում էին կեղծված խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, այն դեպքում, երբ 2007թ. խորհրդարանական ընտրությունը, որը ընտրությունների միջոցով Սերժ Սարգսյանի քաղաքական նորամուտն էր, կարծես թե 1995թ.-ից ի վեր ամենահաջողվածն էր, անգամ ԱՄՆ նախագահը շնորհավորեց, այսինքն՝ այդ թեմայի շուրջ առաջին նախագահի ելույթները ծանրակշիռ չէին լինի,

բ) պարտվողական քաղաքականություն Ղարաբաղի հարցում, ինչի համար իր իսկ թիմակիցների կողմից հեռացվեց իշխանությունից,

գ) 1990-ականների ցուրտ ու մութ տարիներ, այն դեպքում, երբ 2007թ. դեռ տնտեսական ճգնաժամը չէր սկսվել եւ մեր տնտեսության զարգացումը շոշափելի էր, մարդկանց սոցիալական պայմաններն էլ անհամեմատելի լավ էին 1990-ականների հետ համեմատած,

դ) փակված դաշնակցական լրատվամիջոցներ, փակված «Ա1+»-ի դիմաց, որն էլ երկրորդ նախագահի շնորհիվ էր կատարվել, այսինքն՝ որևէ ոլորտ չէի տեսնում, որը կարող էր դառնալ իրական թիրախ նրա քաղաքական մուտքի ու հանրահավաքների համար:

Բայց դե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հենց նրանով է մեծագույն քաղաքական գործիչ, որ ճանաչում է այսօր իշխանությունում գտնվող իր կադրերին, նաեւ իր կադրերի կադրերին ու վստահ էր, որ թեման հենց նրանք են տալու: Այդպես էլ եղավ. առաջին իսկ հանրահավաքի իրազեկման մասին տեղեկատվությունը տարածելու համար Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին բերման ենթարկելով, քրեական գործեր հարուցելով, մարդկանց ձերբակալելով (եւ այդպես յուրաքանչյուր հանրահավաքից առաջ)՝ կադրերը տալիս էին հանրահավաքի իրական նյութ եւ արդարացված թիրախ, ինչի արդյունքում մարդկանց համար պարզ էր դառնում, որ ինչ- որ բան այն չէ եւ առաջին նախագահի գլխավորությամբ ձեւավորվեց հուժկու ընդդիմադիր շարժում:

Կադրերն այսօր էլ են նույնկերպ գործում ու թեեւ քաղբանտարկյալները ազատ են արձակվել, Ազատության հրապարակը բացվել է հանրահավաքների համար, հեռուստատեսությունը լուսաբանում է դրանք, երկխոսություն էր ընթանում, սակայն արի ու տես, որ մեկշաբաթյա շուրջօրյա հանրահավաքի նյութը պետք է տային եւ դա այս անգամ Ազատության հրապարակը շրջապատած սրճարանների, այսինքն դրանց զուգարանների ու հանրային զուգարանի փակումն էր, ինչպես նաեւ մեկ շաբաթ ՀՀ-ում ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումը, որ հանկարծ մարզերի բնակչությունը չմիանա հանրահավաքին:

Ու եթե բացօթյա սրճարանների մասով ինձ հույս էի տալիս, որ միգուցե հոկտեմբերի մեկից փակվում են ու պատճառը շուրջօրյա հանրահավաքը չէ, քանի որ հակառակը շատ էժանագին քայլ կլիներ, սակայն հանրահավաքի ավարտից հետո եղա Ազատության հրապարակում ու տեսա, որ դրանք վերաբացվել են:

Առաջին տպավորությամբ ուզում էի բարձրաձայնել, թե կադրերն էս ինչ էժանագին քայլեր են անում, բայց հետո մեջս խոսեց փաստաբանը, պաշտպանը եւ հիշեցի ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, որով հանրահավաքի հետ կապված հնարավոր վտանգի կապակցությամբ իրենց քաղաքացիներին հորդորվել էր Ազատության հրապարակի շրջակայքից հեռու մնալ: Դե, մեր սրճարանատերերն ու հանրային զուգարանի աշխատակիցներն էլ հավանաբար իրենց ու իրենց հաճախորդների անվտանգության մասին են մտածել ու հանրահավաքի վայրից հեռու են մնացել: Իրականում «չգիտեմ, թե սրճարաններն ու հանրային զուգարանն ինչու էին փակվել, սակայն ԱՄՆ դեսպանատան հայտարարության պայմաններում անգամ, քայլն էժանագինի  տպավորություն է թողնում, իսկ մարդկանց հավաքային բազմությունը հենց տպավորություններով է շարժվում:

Կարեն Մեժլումյան

Փաստաբան

Հ.Գ. Հիմա իշխանությունը քանի՞ հանրային զուգարան պետք է բացի, որ ձերբազատվի զուգարան փակողի համբավից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31