Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն Անդորրայի հասակակիցների հետ խաղով եզրափակեց Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբի հանդիպումները: Վարազդատ Ավետիսյանի սաները մինչ այս հանդիպումը 2:1 հաշվով մեկական հաղթանակ ու պարտություն էին գրանցել, համապատասխանաբար, Սլովակիայի ու Հունաստանի թիմերի հետ խաղերում: Ուստի, անդորրացիների հետ հանդիպման հաղթական ավարտը մերոնց ապահովում էր երկրորդ հորիզոնական ու էլիտ-ռաունդի ուղեգիր: Մնում էր միայն հաղթել, իսկ դա, զարմանալիորեն, դժվարությամբ տրվեց Հայաստանի հավաքականին: Նախորդ երկու խաղերում 11 գնդակ ընդունած անդորրացիները, որ բացարձակ մոտիվացված չէին, այնուամենայնիվ, լուրջ ճակատամարտ տվեցին մեր տղաներին, ու միայն խաղավերջից ութ րոպե առաջ մրցավարի նշանակած 11 մետրանոց տուգանային հարվածը դիպուկ իրացնելու շնորհիվ հայ պատանիները կարողացան առավելության հասնել ֆուտբոլային այդ «գաճաճ պետության» թիմի հանդեպ: Զարմանալի չէ, որ երկու թիմերի մարզիչներն էլ դժգոհ մնացին խաղից. մի դեպքում՝ որակից, մյուսում՝ արդյունքից: Վարազդատ Ավետիսյանը փաստեց, որ այս խաղը ամենաանհաջողն էր հավաքականի անցկացրած երեք հանդիպումներից: «Մենք բացատրել էինք տղաներին, որ ծանր խաղ է լինելու, բայց հանդիպումը ցույց տվեց, որ թերագնահատում կար ֆուտբոլիստների կողմից: Եթե տղաները խաղային իրենց հնարավորությունների գոնե 80-90 տոկոսով, ավելի հաջող կգործեինք»,- ասաց Ավետիսյանը:
Խուստո Ռուիսն էլ դժգոհեց մրցավարությունից՝ «խաղալով հայերի թույլ լարերի» վրա ու որպես օրինակ բերելով Իռլանդիայից կրած պարտությունը. «Մենք արդար ենք պայքարել: Մեր ֆուտբոլիստներն այս խաղում արժանի էին ոչ-ոքիի: Այս խաղի ելքը վճռեց անարդար 11 մետրանոցը: Հիմա հասկանում եմ, թե հայերն ինչ զգացում են ունեցել, երբ պարտվել են Իռլանդիային: Ինձ համար շատ կասկածելի էր այս խաղի ընթացքը: Շատ հեշտությամբ նշանակվեց 11 մետրանոցը, ու կասկածում եմ, որ հակառակ պարագայում Հայաստանի դարպասին այն կնշանակվեր: Մրցավարի գործողություններն ինձ դուր չեկան: Նույն կերպ կարելի է ներել Իռլանդիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպման մրցավար Իտուրալդե Գոնսալեսին: Իհարկե, սա չի նշանակում, որ Հայաստանն արժանի չէր անցնել էլիտ-ռաունդ: Հայաստանն ամենաորակյալ թիմն էր այս խմբում»,- եզրափակեց Խուստո Ռուիսը:
Ի դեպ, զուգահեռ ընթացող՝ Հունաստան-Սլովակիա խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1: Այսպիսով, ընտրական 10-րդ խմբից էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճեցին Հունաստանի ու Հայաստանի հավաքականները: Այն կանցկացվի 2012 թվականի մայիսի վերջին: Դրա արդյունքում էլ կկազմվի հուլիսի 3-15-ը Էստոնիայում անցկացվելիք Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների կազմը:
ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ