Մեր երկրի բնապահպանության համար պատասխանատուները վստահեցնում են, որ Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու համար հասարակական լսումներ են տեղի ունեցել:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հանդիպելուց ու վերջնականապես հիասթափվելուց հետո, Թռչկանի ջրվեժի ոչնչացման դեմ պայքարող խումբը որոշել է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջրվեժի հաշվին «Թռչկան ՀԷԿ» կառուցող «Ռոբինշին» ՍՊԸ-ին լիցենզիայից զրկելու համար: Ավելին, խումբը դիմելու է նաեւ դատախազություն ու հատուկ քննչական ծառայություն: Իսկ եթե 20-25 օրից բնության հուշարձանը փրկելու ուղղությամբ այս մարմինները ոչ մի քայլ չձեռնարկեն, ապա խումբը կդիմի դատարան: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրիի բնապահպանական «Բիոսոֆիա» հ/կ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը: Նրա համոզմամբ, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ջրվեժի ոչնչացման դեմ պայքարող խմբի հետ ամեն անգամ հանդիպում է՝ իմիտացիա ստեղծելու համար, թե տեսեք՝ հաշվի ենք նստում հասարակական կարծիքի հետ ու մենք մեր գլխու որոշումներ չենք կայացնում: Մինչդեռ Գեւորգ Պետրոսյանը ներկայացնում է մի շարք փաստաթղթեր՝ ապացուցելով, որ ի սկզբանե «Թռչկան ՀԷԿ» կառուցելու նպատակով ոչ մի հասարակական լսում տեղի չի ունեցել: Ընդամենը լսել են 11 կարծիք Մեծ Պարնի գյուղից, որից 4-ը գյուղապետարանի աշխատակիցներ ու ավագանու անդամներ են: «Սովորաբար մեր օրենսդրությամբ սահմանված է, որ հանրային լսումներ, քննարկումներ պետք է անցկացվեն շահագրգիռ հասարակության հետ, իսկ այդ տերմինը շատ լղոզված է մեր օրենսդրության մեջ, էն համայնքը, որի վարչական սահմանում է գտնվում տվյալ օբյեկտը, դա են համարում շահագրգիռ հասարակություն, եւ սկսում են էդ համայնքում անցկացնել հանրային լսումները, բայց էս դեպքում աբսուրդ է, որովհետեւ հենց գործարարն էդ նույն գյուղից է՝ Մեծ Պարնիից, եւ եթե էդ նույն մարդը գյուղում աշխատատեղեր է ստեղծում, հարուստ մարդ է, իր գյուղացիներին է վերցնում աշխատանքի, ճանապարհներ է սարքում, բնական է, որ էդ մարդիկ քիչ կդժգոհեն: Իսկ Շիրակամուտ գյուղը, որն ավելի մոտ է ջրվեժին, էդ գյուղի բնակիչները ավելի շատ են օգտվում ջրվեժի տարածքի ռեգրիացիոն հնարավորություններից, էդ գյուղում ոչ մի հանդիպում չի անցկացվել, ոչ մի քննարկում գյուղացիների հետ չի եղել»,- ասում է բնապահպանը: Ըստ նրա, Հայաստանի ամենաբարձր ու ամենաջրառատ ջրվեժը մի հարուստ գործարարի շահերին զոհելու համար անհրաժեշտ է խիստ պատասխանատվության ենթարկել բնապահպանության նախարարությանն ու «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին՝ ՀԷԿ կառուցող «Ռոբինշին» կազմակերպությանը շրջակա միջավայրի ազդեցության վրա դրական փորձաքննական եզրակացություն տալու համար: 2008թ.-ին ջրվեժը ճանաչվել է որպես ջրագրական բնության հուշարձան, իսկ 2010թ.-ին բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն է տվել «Թռչկան ՀԷԿ» նախագծին՝ չհիշատակելով անգամ, որ տվյալ ծրագրի ազդեցության գոտում գտնվում է բնության հուշարձան: «Ոչ միայն օրենքն են խախտել, այլ, ըստ նախարարության տված փաստաթղթերի, Թռչկանի տարեկան միջին հոսքը կազմում է 1,18 խորանարդ վայրկյան, այսինքն՝ էդքան ջուր է գալիս, հիմա իրենք ուզում են թողնել 400-500 լիտր- վայրկյան ջուր, ես կասկածում եմ, որ այդքանն էլ թողնեն: Նախ ասեմ, որ ընդհանրապես ոչ մի եզրակցության մեջ չի թողնվում սահմաններով որեւէ ջրի քանակ, թողնվում է կամ 400 կամ 500 լիտր- վայրկյան, թող հստակ էդ թիվը հրապարակեն: Ամռան ամիսներին եթե չի շահագործվում ՀԷԿ-ը, տարվա մյուս հատվածներում, ասենք՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսներին բնական հոսքը չի գերազանցում 500 լիտր-վայրկյանը, այսինքն՝ մեխանիկորեն էդ ամիսներին ՀԷԿ-ը նույնպես չպետք է աշխատի, ստացվում է, որ կես տարուց ավելի ՀԷԿ-ը չպիտի աշխատի, որը տնտեսապես ձեռնտու չէր լինի, եւ էդ գործարարը չէր համաձայնի էդ պայմաններին»,- ասում է բնապահպանը: Ըստ նրա, ՀԷԿ-ը պետք է կառուցվի ջրվեժից ներքեւ, թեկուզեւ գործարարը մեծ ծախսեր անի ու քիչ եկամուտ ստանա, գործարարի շահը չպետք է կարեւորել բնության հուշարձանից ու հասարակական կարծիքից, հատկապես՝ առջեւում ընտրություններ են: «Բնապահպանությունը հենց էն ոլորտն է, որն ամենաշատն է ազդում քաղաքականության վրա, հասարակության մեջ չկա մի մարդ, որն ասի՝ դա իմ գործը չէ, կարծում եմ՝ խելամիտ իշխանություններն անպայման էս գործընթացը կձեւակերպեին մի այլ կերպ, որ Թռչկանի վրա ոչ մի ազդեցություն չունենա»,- նկատում է բնապահպանը: Իսկ գործարարի ծախսերը, ըստ մեր զրուցակցի, պետք է փոխհատուցի ոչ թե պետությունը, քանի որ այդ դեպքում ծախսերը դարձյալ ժողովրդի ուսերին կընկնի, այլ այն մարդիկ, որոնք թույլտվություն ու դրական եզրակացություն են տվել ՀԷԿ-ի կառուցման համար: «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը, որը լիազոր մարմինն է մեր պետության մեջ փորձաքննություն անցկացնելու եւ եզրակացություն տալու, գոնե մի անգամ պիտի իսկապես պատժվի իր տված եզրակացության համար, որպեսզի խուսափի նման անօրինական եզրակացություններ տալուց: Իսկ իրենք տարվա ընթացքում մի քանի հարյուր փորձաքննական եզրակացություններ են տալիս, մենք էս մեկի մեջ ենք մանրացել ու խորացել, հիմա չգիտենք, որն էլ վերցնես ու նայես՝ բազմաթիվ շեղումներ ու խախտումներ կլինեն», – համոզված է Գեւորգ Պետրոսյանը: Ի դեպ, երեկվանից Թռչկանի ջրվեժի մոտ սկսվել են նոր բողոքի ակցիաներ, բողոքավորները ոչ միայն նստացույց են անցկացնում, այլեւ խոչընդոտում են ՀԷԿ-ի կառուցմանը՝ բահերով հող են լցնում փորված փոսերում, խոչընդոտում տարածքում աշխատող տրակտորների աշխատանքին:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ