Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թբիլիսին պատրաստակամ է միջնորդ լինել

Հոկտեմբեր 27,2011 14:54

Իր երկրի ներսում տարածքային վեճ եւ ԵԱՀԿ ՄԽ  համանախագահ երկիր Ռուսաստանի հետ կնճռոտ խնդիրներ ունեցող Վրաստանը հայտարարեց, որ եթե պետք լինի՝  պատրաստ է նպաստել ԼՂ խնդրի լուծմանը:

Հակառակ իշխանության, հատկապես ՀՀԿ-ի ներկայացուցիչների ու նաեւ առանձին փորձագետների հայտարարությունների՝ առ այն, թե Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը որեւէ կերպ չի կարող ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, երեկ Բաքվում այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, թե Ադրբեջանը կարող է ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնել ԼՂ հակամարտության հարցը: «ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, եւ, բնականաբար, մինչ ԼՂ հակամարտության հարցը ԱԽ-ում բարձրացնելը՝ մենք դա նրանց հետ կքննարկենք»,- Բաքվում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարարը՝ պատասխանելով ԱԽ-ում Ադրբեջանի հնարավոր նախաձեռնությունների մասին հարցին:
Այդ նույն ճեպազրույցում բավականին ուշագրավ հայտարարություն է արել Վրաստանի ԱԳ նախարար Վաշաձեն՝ իր երկրի անունից պատրաստակամություն հայտնելով ԼՂ հակամարտության լուծման համատեքստում հանդես գալ որպես միջնորդ: Նա ասել է, թե Վրաստանը, եթե պետք լինի, պատրաստ է նպաստել ԼՂ հիմնախնդրի լուծմանը. «Հարավային Կովկասն ամբողջական օրգանիզմ է, այն հնարավոր չէ մասնատել: Հարավկովկասյան բոլոր երեք երկրները պետք է գիտակցեն, որ մենք գտնվում ենք հավասար պայմաններում, եւ մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը անքակտելիորեն կապված են, եւ եթե երբեւէ պետք լինի Վրաստանի միջնորդությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում՝ մենք պատրաստ ենք»:
Հիշեցնենք, որ մինչ այս ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում բազմաթիվ անգամներ իրենց միջնորդությունն էին առաջարկել մեր հարեւաններ Թուրքիան եւ Իրանը:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս հայտարարության առնչությամբ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն «Առավոտի» հետ զրույցում նկատեց, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ լինելու պատրաստակամություն հայտնելը տենդենց է դարձել: Վրաստանի դեպքում, ըստ նրա, «միայն այն, որ այդ հայտարարությունն արվել է Բաքվում, եւ որ Թբիլիսին ինքն էլ տարածքային խնդիր ունի՝ ենթադրում է, որ դա Ադրբեջանին ուղղված ուղերձ է: Բայց այն, որ մեր հարեւան վրացիների միջնորդությունը ԼՂ խնդրում չի կարող ընդունելի լինել մեզ համար՝ հատկապես, երբ դա արվում է Բաքվից, եւ նկատի ունենալով, որ Վրաստանն ու Ադրբեջանը տարածքային ամբողջականության մոլեռանդ պաշտպանն են, հասկանալի է դառնում, որ Վրաստանը փորձում է Ադրբեջանին ծառայություններ մատուցել»: Ստ. Սաֆարյանը պաշտոնական Թբիլիսիի այդ պատրաստակամությունը պայմանավորեց Ադրբեջանի՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամի ընտրությամբ: «Վրաստանն ինքն էլ, թերեւս, որոշակի հույսեր է փայփայում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի կարգավիճակը կօգնի նաեւ իր հետ կապված խնդիրների լուծմանը եւ համատեղ քայլեր անելու հեռանկար կբացի: Ես սա դիտարկում եմ որպես փոխադարձ ժեստեր»,- ասաց պատգամավորը:
Մեր դիտարկմանը, թե՝ արդյոք այս ալյանսը, որը մինչ այս, իհարկե, կար եւ պայմանավորված էր երկու երկրների միջեւ տարածքային խնդիրներ ունենալու հանգամանքով, Հայաստանին առավել վտանգավոր վիճակի մեջ չի՞ դնում, եւ արդյոք դա չի՞ նշանակում, որ մենք Հարավկովկասյան տարածաշրջանում այլեւս մեկուսացված ենք, Ստ. Սաֆարյանն արձագանքեց. «Այո, այդպես է: Առանց այն էլ՝ մեզնից անկախ եւ օբյեկտիվ պատճառներով այդ երկու երկրներին միավորող լուրջ խնդիր կար՝ տարածքային հակամարտությունները: Եթե մենք անգամ շատ մեծ հույսեր չփայփայեինք Վրաստանին դաշնակից դառնալու առումով, թեեւ, իմ խորին համոզմամբ, Վրաստանն ու Հայաստանը առնվազն, ի վերջո, նույն՝ Եվրոպական ընտանիքում են հայտնվելու, մենք նաեւ շատ վատ աշխատեցինք Վրաստանի հետ: Բավականին երկար ժամանակ՝ հատկապես Քոչարյանի իշխանության օրոք, Հայաստանում Վրաստանի վերաբերյալ բացասական իմիջ ստեղծվեց, «Վարդերի հեղափոխության», Միխայիլ Սահակաշվիլիի ընտրվելու հետ կապված այնպիսի հակաքարոզչություն տարվեց, նաեւ այլ հարթություններում՝ միջազգային ատյաններում Վրաստանի նախաձեռնությունների հանդեպ այնպիսի դիրքորոշում որդեգրվեց, որ Վրաստանին վանեցինք»:
Նրա կարծիքով՝ Հայաստանը, թերեւս, ստիպված կլինի առնվազն լրագրողների հարցադրման ձեւով արձագանքել Վրաստանի ԱԳ նախարարի արած հայտարարությանը, թեեւ ենթադրվում է, որ այն բացասական կարող է լինել՝ նկատի ունենալով Վրաստանի միջնորդության կանխատեսելի միտումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31