Վարդան Հարությունյանը՝ իրավապաշտպանների վրա իշխանական հարձակումների մասին
– Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Լեւոն Բարսեղյանի դեմ Հ1-ի հարձակումն ու «բացահայտումները» իրավախախտումների վերաբերյալ նրանց փաստարկների դեմ ասելիք չունենալո՞ւ դրսեւորումներ էին, թե՞ իրական հաղորդում հանցագործության մասին:
– Այս բացահայտում կոչվածները բոլորովին էլ բացահայտումներ չեն: Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ իրավապաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները իրենց գործունեությունը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով դիմում ու գոյություն ունեցող հիմնադրամներից դրամաշնորհներ են ստանում: Այլ խնդիր է, որ հայաստանյան չինովնիկը կամ պետության ենթակայությամբ գործող հեռուստաընկերությունը որպես դատապարտելի բան, որպես հանցագործություն են փորձում դա ներկայացնել: Սա խորհրդային ժամանակներն է հիշեցնում, երբ երկրում գոյություն ունեցող բոլոր ազատամիտներին, բոլոր անհամաձայններին, բոլոր անցանկալիներին ու բոլոր այլախոհներին այս նույն մտածողությամբ օժտված չինովնիկն ու լրատվամիջոցը հայտարարում էին դրսի ուժերի թելադրանքով գործող չարակամներ ու գործակալներ եւ հրապարակային ու միահամուռ դատապարտման էին ենթարկում: Ցավալի է, որ անկախության անցած քսան տարիները չկարողացան մեզ բաժանել մեր արատավոր անցյալից; Կրկնակի ցավալի է, որ անցյալի այս ախտով այսօր հիվանդ են ոչ միայն խորհրդային տարիներին ապրած ու այդ տարիներին կայացած մարդիկ, այլ նաեւ երիտասարդներ: Ցավով կարդացի, որ, օրինակ, երիտասարդ հեռուստալրագրող Գեւորգ Ալթունյանը առաջարկում է Լեւոն Բարսեղյանին ու Արթուր Սաքունցին հրապարակավ դատապարտել Միքայել Դանիելյանին ու Գեորգի Վանյանին ու դրանով շահել իր եւ Հ1-ի բարեհաճությունը: Սա արդեն ստալինյան ավանդույթների ճշգրիտ արտացոլումն է մեր իրականության մեջ: Հրապարակավ դատապարտիր՝ ում մատնացույց կանենք, եւ առայժմ կարող ես ազատ լինել: Երկար է պետք մտածել՝ հասկանալու համար՝ սա զավե՞շտ է, թե՞ ցավալի իրողություն: Բանակ-հ/կ-ներ անիմաստ ու անտեղի, արհեստական ու անտեղյակության ու տարրական անգրագիտության արդյունքում ծնված հակադրության այս պատմության մեջ երեւի ամենացավալին ու արտառոցը ոչ թե ինքը՝ հակադրությունն է, այլ սովետիզմին յուրահատուկ այս դատապարտումներն են:
– Եթե միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունից գրանտ ստանալն ու դրանով որոշակի ծրագիր իրականացնելը այդքան վատ է, ամոթ է, դավաճանություն է, ինչո՞ւ իշխանությունները չեն արգելում գրանտատու կազմակերպությունների գործունեությունը: Հակառակը՝ առիթից առիթ ամենաբարձր մակարդակով ներկա են լինում այդ կազմակերպությունների կազմակերպած միջոցառումներին, եւ իրենք էլ իր տարատեսակ ՊՈԱԿ-ների կամ այլ կառույցների ձեռքով գրանտ վերցնում:
– Արդեն ասացի, որ դրամաշնորհներ ստանալը եւ դրանցով ծրագրեր իրականացնելը ոչ միայն ամոթ կամ դատապարտելի չէ, այլեւ ցանկալի է: Դատապարտելի է գրանտակերությունը: Գրանտակերությունը, այո, արատավոր երեւույթ է. երբ մարդիկ, ունենալով կապեր միջազգային կառույցներում, դրամաշնորհներ տվող հիմնադրամներում ու իշխանական շրջանակներում, հ/կ-ներ են գրանցում եւ օգտագործում են այդ կապերը դրամաշնորհներ ստանալու նպատակով, սակայն դրա դիմաց երեւացող ու հանրօգուտ ոչինչ չեն անում, երկրի հասարակական կյանքին որեւէ մասնակցություն չեն ցուցաբերում, հրապարակային իրավապաշտպանությամբ չեն զբաղվում, քաղբանտարկյալներով, քաղաքական հետապնդումներով, բանակով, ազատազրկման վայրերով եւ այլ գլխացավանք հարցերով չեն զբաղվում. վերջում էլ, լավագույն դեպքում, իրենց դիտորդ հորջորջելով՝ տարեկան հաստափոր անգլալեզու զեկույցներ են գրում ու ուղարկում միջազգային կառույցներին եւ իրենց գործը ավարտված համարելով` դիմում են հաջորդ դրամաշնորհն ստանալու ու ստանում են: Այս կարգի գործիչներն ու կազմակերպությունները, որպես կանոն, դրամաշնորհ ստանալը քննադատող իշխանությունների ու իշխանավորների հովհարի տակ են գտնվում ու իրենց գործունեության ընթացքում իշխանությունների հասցեին, բնականաբար, որեւէ քննադատական խոսք չեն հնչեցնում: Սրանից ընդամենը մի քսան տարի առաջ իրավապաշտպանությամբ զբաղվողներին, բառի իսկական իմաստով, դատապարտում ու հալածում էին: Այդ շրջանում եղած իրավապաշտպաններին մատների վրա կարելի էր հաշվել: Բայց այսօր իրավապաշտպանությունը շատ շատերի համար դարձել է ապրուստի լավ ու հեշտ միջոց, ու դրանով զբաղվողների թիվը օր օրի բազմապատկվում է: Սա է դատապարտելի, այլ ոչ թե Արթուր Սաքունցի ու Լեւոն Բարսեղյանի գործունեությունը, ովքեր հայաստանյան ամենաակտիվ հասարակական գործիչներից են, ովքեր բաց ու թափանցիկ գործունեություն են ծավալում: Արդյունավետ աշխատող հ/կ-ների գումարները հաշվելու փոխարեն՝ լավ կլիներ, որ Հ1-ը հրապարակեր, թե որտեղից բանակի գեներալներին այդ հսկայական ֆինանսական կարողություններն ու ունեցվածքը, որ նրանք գավառամտորեն, իրար հետ մրցելով՝ ի ցույց են դնում: Չէ՞ որ հենց նրանք են բանակում տեղի ունեցող ցավալի դեպքերի համար մեկ պատասխանատուները: Չէ՞ որ հենց նրանք են բանակ ներմուծել ու ներմուծում այն բարքերը, որոնք հանգեցնում են այս ցավալի դեպքերին:
– Սաքունցին եւ Բարսեղյանին վիրավորական արտահայտություններով անդրադարձավ նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարարը: Պետական Հ1-ի եւ բարձրաստիճան պետական պաշտոնյայի այս «համատեղ գործողությունները» ի՞նչ եզրահանգման են բերում:
– Անհասկանալի է, թե ինչ նպատակ են հետապնդում բանակում առկա թերությունները բարձրաձայնողներին քննադատողներն ու լռեցնողները:
Բանակում զինվորների սպանությունների ու ինքնասպանությունների որպես հիմնական պատճառ արդարացիորեն նշվում են ոչ կանոնակարգային հարաբերությունները, եւ ոչ ոք դա չի վիճարկում: Բանակին առնչվող ու առնչված որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակում շատ դեպքերում կանոնադրության փոխարեն գործում են քրեական աշխարհին յուրահատուկ օրենքները, ինչն էլ հանգեցնում է սպանության կամ ինքնասպանության: Սրա հիմքերը դրվել են վաղուց, դեռ բանակի կազմավորման փուլում: Բայց վերջին 10-15 տարիների համեմատաբար խաղաղ շրջանը բանակի հրամանատարությունը պետք է օգտագործեր այդ երեւույթը բանակից իսպառ արմատախիլ անելու համար: Կյանքը ցույց է տալիս, որ այն ոչ միայն արմատախիլ չի արվել, այլեւ խորանալով՝ շարունակում է երիտասարդ կյանքեր խլել: Սա սարսափելի է, եւ պետք է բարձրաձայնվի ու քննադատվի: Սրա վրա պետք է անընդհատ ուշադրություն հրավիրվի, որպեսզի հնարավորինս շուտ հնարավոր լինի մաքրել բանակը այդ ախտից: Բանակը նույնպես, ինչպես պետական այլ կառույցներ, պետք է գտնվի հասարակական վերահսկողության ներքո: Եվ պետք չէ քննադատողներին ազգի դավաճան հռչակել, պետք չէ նրանց որպես բանակի վրա ցեխ շպրտող դիտարկել, պետք չէ նրանց որպես թշնամի ընկալել, այլ պետք է լծվել բանակը քրեական մտածողությունից եւ այլ անցանկալի երեւույթներից մաքրելու գործին՝ յուրաքանչյուրն իր տեղում, եւ յուրաքանչյուրն իր չափով: Հասարակական կազմակերպություններն անում են այն, ինչ պետք է անեն: Սա է նրանց դերը: Արատավոր է այն մտայնությունը, թե բանակը, որպես երկրի կարեւորագույն կառույց, պետք է դուրս մնա քննադատությունից ու վերահսկողությունից: Հենց այս մտայնությունն է մեզ հասցրել այս վիճակին:
Զարմանալի է, բայց Հ1-ը, չգիտես ինչու, որոշել է քննադատել ոչ թե բանակում առկա թերությունները, որոնք հանգեցնում են 18-20 տարեկան երիտասարդների սպանություններին ու ինքնասպանություններին, այլ հարկ է համարել, միանալով պաշտպանության փոխնախարարին, քննադատել եղած բացերի մասին բարձրաձայնողներին: Իսկ դրանից ի՞նչ օգուտ բանակին: Ենթադրենք՝ Հ1-ը եւ բանակի հրամանատարությունը կարողացան ինչ-որ հրաշքով փակել բոլորի բերանները: Ենթադրենք՝ մարդիկ դադարեցին բարձրաձայնել: Ի՞նչ է, դրանով բանակի խնդիրները կլուծվե՞ն, թե՞ նրանք ցանկանում են ունենալ մի այնպիսի հասարակություն, որ տասնութամյա երիտասարդի դիակ բանակից տուն ուղարկեն եւ քննադատական ոչ մի խոսք չլսեն: Սա արդեն ամոթալի ցանկություն է: Սա արդեն լուրջ դատապարտման ենթակա ցանկություն է: Այո, բանակը կարեւորագույն օղակ է, այո, այն առանձնահատուկ տեղ ունի, բայց նաեւ այն պետք է գտնվի հասարակական վերահսկողության ներքո, որովհետեւ մեր երեխաներն են ծառայում այդ բանակում, եւ եթե սպանվում են, ապա սպանվում են մեր երեխաները: