Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնացած պատրանքներ

Հոկտեմբեր 27,2011 13:48

 Հոկտեմբերի 27-ի մասին շատ բան է ասվել: Ասվել է զգացական, ենթադրական մակարդակով: Իրավական եւ քաղաքական առումով, հավանաբար, դեռ ասելու բան կա: Բայց այս երկու ոլորտները, ինչպես որ դա սովորաբար լինում է, իրար խանգարում են, թույլ չեն տալիս վերականգնել ահաբեկչության ամբողջական պատկերը: Պարզ է, որ դա, ըստ էության, պետական հեղաշրջում էր, որի միջոցով ֆիզիկապես ոչնչացվեցին իրական իշխանություն ունեցող լիդերները, եւ իշխանությանը տիրացավ մինչ այդ անգլիական թագուհու կարգավիճակ ունեցող նախագահը: Բայց փնտրել ահաբեկչության միակ «զսպանակը» ներքին կյանքում, ինձ թվում է, սխալ է. բազմիցս ասվել է, որ այդ պահին սեղանին դրված էր Ղարաբաղի խնդրի կարգավորման մեզ համար խիստ անբարենպաստ (կասեի նույնիսկ՝ ամենաանբարենպաստ) տարբերակը, որը կանխվեց «Միասնության» առաջնորդների կյանքի գնով: Մնացածը խիստ ենթադրական ոլորտից է: Ասում են, որ հիշյալ լիդերները պիտի մեր երկիրը տանեին բարգավաճման ճանապարհով, կամ՝ որ նրանք պատրաստվում էին լրջորեն պայքարել կոռուպցիայի դեմ: Դրանք հեքիաթներ են, որոնք լավագույն դեպքում «գնա մեռի, արի սիրեմ» սերիայից են:
Պատրանք է նաեւ այն, որ եթե Նաիրի Հունանյանին կամ նրա եղբորը «լավ հարցաքննեին», նրանք կհայտնեին, թե ով է այս ահասարսուռ հանցագործության պատվիրատուն: Ավելի «լավ», քան Գագիկ Ջհանգիրյանը, նրանց ոչ ոք չէր հարցաքննի՝ նախկին զինդատախազի թիմն այդ առումով հարուստ փորձ ունի: Նաիրիին, անշուշտ, դրդել են ահաբեկչության, բայց այնպես, որ ինքը չէր գիտակցում, որ կատարում է ուրիշի կամքը: Աշխատում էին, հետեւաբար, շատ պրոֆեսիոնալ մարդիկ: Դրա անուղղակի ապացույցն է նաեւ այն, որ «27»-ից հետո կասկածելի հանգամանքներում կյանքից են հեռացել այդ իրադարձության բազմաթիվ մասնակիցներ ու վկաներ, որոնք կարող էին գործի վրա լույս սփռել:
Կյանքում հաճախ է լինում, որ ընդհանուր ողբերգության ֆոնի վրա կան նաեւ կոմիկական դրվագներ: Այս դեպքում նման դրվագի դերակատարները երկրապահներն էին: Ահաբեկչությունից հետո նրանք հավաքվում էին, փրփրում էին, հայհոյում էին եւ սպառնում էին եթե ոչ այսօր, ապա վաղը գահընկեց անել Ռոբերտ Քոչարյանին, հանդես գալ ինչ-որ մի սարսափազդու հայտարարությամբ: «27»-ից հետո մի քանի շաբաթ գրեթե ամեն օր իմ աշխատավայրից ոչ հեռու՝ իրենց գրասենյակի մոտ երեք շարքերով երկրապահների ջիպեր էին կանգնում: Բայց ոչ մի բան էլ տեղի չունեցավ՝ Մանվելն ու Սեյրանը գայթակղվեցին պաշտոններով եւ տնտեսական նոր արտոնություններով, այնուհետեւ Ջհանգիրյանը դարձավ գլխավոր դատախազի տեղակալ, եւ ամեն ինչ «հարթվեց»:
Անձամբ ես ուրախ եմ, որ երկրապահները չիրականացրեցին հաջորդ հեղաշրջումը: Նախ՝ նման հեղաշրջումներից ոչ մի լավ բան չի ստացվում: Երկրորդ՝ Մանվելն ու Սեյրանը Քոչարյանից ոչնչով լավը չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31