Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծես կոտրվել է թուրքին որպես թշնամի ընկալելու կարծրատիպը

Հոկտեմբեր 27,2011 11:04

Հայաստանում թուրքերի եւ Թուրքիայի ընկալումը խիստ տարբեր է` կախված տարիքից, քաղաքական դիրքորոշումից եւ տեղեկացվածության աստիճանից

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվեց հերթական հարցումը` «Ցավո՞ւմ եք, որ Թուրքիայում ավերածություններ են եղել, թե՞ հասնում է թուրքերին»: Հոկտեմբերի 25-ի ժամը 22.45-ի տվյալներով «ցավում եմ» պատասխանել էր 4046 մարդ, «ցավում եմ միայն մարդկանց համար»` ասել էր 2124 հոգի, «հասնում է թուրքերին» գրել էր 483-ը եւ «միեւնույն է» քվեարկել էր 469-ը:

Տվյալներն անընդհատ թարմացվում են, սակայն միտումը նույնն է. գրեթե 6-7 անգամ ավելի են նրանք, ում համար թշնամու ողբերգությունը ուրախություն չի, եւ ով անտարբեր չէ ուրիշի ցավի համար:

Ընդհանուր առմամբ` մինչ այս երկրաշարժն էլ Հայաստանում վերջին տարիներին, կարծես, կոտրվել է թուրքին որպես թշնամի ընկալելու կարծրատիպը: Այս աշնան սկզբին արած մեր որոշ հարցումներ այդ էին ապացուցում:

 «Եթե թուրքերը հայերին վատ վերաբերվեին, մեր քաղաքից էդքան մարդ չէր գնա Թուրքիա` աշխատելու… Այնտեղ շատերը չգիտեն էլ` հայն ի՞նչ է, հայությունն ի՞նչ է»,- ասում է գյումրեցի Արա Հակոբյանը:

Անկախությունից հետո հայաստանցիները Թուրքիա գնալ-գալիս գրեթե որեւէ խնդիր չեն ունենում: Առեւտուր, հասարակական երկխոսություն եւ զբոսաշրջություն. ահա հիմնական պատճառները, որոնք հայերին կանչում են Թուրքիա:

Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարեկան $200-250 միլիոնի ապրանքաշրջանառություն է կատարվում: «10 տարուց ավելի է` Ստամբուլ եմ գնում-գալիս, եւ երբեք խնդիր չեմ ունեցել, ինչ է, թե հայ եմ: Չգիտեմ, թե Թուրքիայի այլ քաղաքներում ոնց է, բայց Ստամբուլում ապահով եմ,- ասում է 48–ամյա Լիզա Դադայանը, որը փոքրիկ խանութ ունի Երեւանում,- Մինչեւ Թուրքիան` Չինաստան եմ մեկնել, ԱՄԷ, եւ որեւէ տարբերություն` ազգությանս հետ կապված, չեմ զգում: Թուրքերը լավ առեւտրական են: Անվստահելի գործընկերներ էլ կան, բայց դա ազգության հետ կապ չունի. մի արաբ ինձ Էմիրաթներում այնպես խաբեց, որ 5 տարի տոկոս էի փակում»: Իսկ 51–ամյա Գեւորգ Դավթյանը, որը վարորդ է բեռնափոխադրող ընկերությունում, ասում է. «Մեզ մոտ կան մարդիկ, որոնք թուրք ասելով հասկանում են կացինը ձեռքին վայրենի, որը պատրաստ է ամեն պատահած հայի սպանել: Բայց եթե սահմանները բացվեն, բոլորը գնան-գան, կտեսնեն, որ թուրքը մեզ նման մարդ է` աշխատասեր, հյուրասեր: Քաղաքական գործիչներն են ազգերի միջեւ թշնամանք մտցնում: Դրանք չլինեին` մեր մեջ վատություն չէր լինի»:

Ամեն տարի Թուրքիա զբոսաշրջության է մեկնում 60-70 հազար հայաստանցի: «Անթալիայում հանգստանում եմ արդեն 6-րդ տարին, եւ ուրիշ տեղ չեմ էլ ուզում գնալ, այնքան լավ եմ ինձ այնտեղ զգում»,- ասում է 26–ամյա Նառա Սիմոնյանը, ում համար «մարդու ազգությունը որեւէ նշանակություն չունի»:

 «Երբ առաջին անգամ մտա Թուրքիա, մի տեսակ անհարմարավետ էի զգում, բայց երբ տեսա հայկական անձնագիրս ստուգող թուրք սահմանապահի անտարբեր դեմքը, նույնիսկ նեղացա,– կատակում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը,- որքան տեղյակ եմ` կենցաղային հարցերում հայերը Թուրքիայում խտրականություն չեն զգում: Օրենքի հետ կապված խնդիրներ ունեն մեր միգրանտները, բայց նման խնդիրներ Եվրոպայում ավելի շատ են: Կրթամշակութային իրավունքի իրացման հետ էլ են հարցեր լինում, բայց դրանք էլ հատուկ հայերի դեմ չեն: Մարդու իրավունքների առումով Թուրքիան պարծենալու քիչ բան ունի, բայց դա Թուրքիայի բոլոր քաղաքացիների խնդիրն է»:

Թուրքագետ Մուրադ Բոջոլյանն էլ ասում է. «Չնայած երկրի ժողովրդավարացման եւ ազգերի իրավահավասարության մասին հավաստիացումներին՝ հայերն այսօր էլ տեղ չունեն Թուրքիայի քաղաքական կյանքում, չեն կարող պաշտոններ զբաղեցնել բանակում եւ ոստիկանությունում եւ այլն: Իսկ այնտեղ ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած հայաստանցիների հիմնական խնդիրը` եթե անտեսենք ապրուստ հայթայթելու եւ տանիքով ապահովվելու հետ կապված դժվարությունները՝ իրենց երեխաներին հայկական դպրոցներում տեղավորելու անհնարինությունն էր, սակայն այդ հարցը կարծես լուծվում է: Մնացած հարցերում նրանց նկատմամբ թե պետության, թե հասարակության վերաբերմունքը համարյա նույնն է, ինչ մնացած ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Չպետք է մոռանալ, որ Թուրքիան այն եզակի երկրներից է, որտեղ զբոսաշրջիկի կարգավիճակով ժամանած օտարերկրացիներին, այդ թվում հայաստանցիներին, բավական բարյացակամ են վերաբերվում եւ չեն արտաքսում երկրից, եթե հանցագործություն չեն կատարել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31