Հատվածներ դերասան Սերգեյ Դանիելյանի հետ հարցազրույցից
– Հայրենիքի, հայրենասիրության մասին վերջերս շատ եք գրում, ի վերջո ո՞վ կամ ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:
– Ինձ համար չկա «հայրենիք» հասկացությունը, քարը, ծառը, սարը, եկեղեցին, պատերը… այդ ամենն ինձ համար զրո արժեք ունեցող բաներ են: Ինձ համար ամենաարժեքավոր բանը մարդն է, հայրենիքը դա մարդիկ են, որ ապրում են քո հետ՝ հարեւաններից սկսած, քո ընտանիքով, ընկերներով վերջացրած: Հիմա իմ հայրենիքի մի մասն այստեղ չի, դրսում է, օրինակ, երբ գնում եմ Լոս, ես այնտեղ ինձ լրիվ տանն եմ զգում, որովհետեւ ծնողներս, քույրերս, նրանց ընտանիքները, ընկերներիս մի մասն այնտեղ են:
– Այդ դեպքում ի՞նչն է Ձեզ պահում այստեղ:
Կարդացեք նաև
– Պահում են այն մարդիկ, որ մնացել են այստեղ:
– Իսկ եթե նրանք էլ մի օր տեղափոխվեն, ի՞նչ եք անելու:
– Եթե երեխես էլ գնա, կգնամ երեւի, մնամ ստեղ՝ ի՞նչ անեմ, մենակ հայերեն խոսելո՞ւ համար: Ես էլ ռուսերեն կամ անգլերեն կխոսեմ, ոչ մի պրոբլեմ չկա, պետք չի անպայման էդ ամեն ինչը բռնես ու նստես: Հայրենիքը շատ սխալ ընկալում է, մենք մոռացել ենք մարդուն, եթե մարդը դեգեներատ ա, կապ չունի՝ ինքը հայ է, թե թուրք, ինքը լավ մարդ չի, ու իրեն պետք է կամ կրթել, կամ հեռացնել հասարակությունից: Ինձ մեկ է՝ մեր օլիգարխները հայ են, թե թուրք, վրացի, թե ուզբեկ, որովհետեւ իրենք վատն են, ստեղծել են մոնոպոլիստական զզվելի մի երկիր, որտեղ ամեն ինչ շատ թանկ է, որտեղ շատ դժվար է ապրել: Հիմա ի՞նչ մխիթարվեմ՝ որ ինքը հա՞յ է, ջանդամ թե հայ չի, լավ չէ՞ր լինի թուրք լիներ, բայց կարգին տղա լիներ, սալամ ալեյքում ասեինք, նորմալ ապրեինք:
– Ասացեք՝ եթե նորմալ երկիր լինեինք… ի՞նչ պիտի անենք նորմալ երկիր ունենալու համար:
– Հիմա կա պիտի ասեմ ուտոպիստական ինչ-որ բաներ, որն ինձնից առաջ ասել են ու շատ լավ, կամ էլ իջնեմ նարդի խաղացող բիձեքի մակարդակին, որ սկսեմ քրֆել նախագահին: Ցավոք, էդ 2-ից մեկը: Ես գիտեմ, որ նորմալ երկիր ունենալու համար պետք է լինի նորմալ ժողովուրդ, թե ոնց են նորմալ ժողովուրդ դառնում, ես 4 հազար տարի է՝ որպես հայ, չեմ հասկացել: Ուրիշները որ գիտեն, թե Նժդեհն այ սենց էր անում, Պժդեն՝ այ սենց, ես չգիտեմ ոնց ա պետք ու ես գոնե անկեղծ եմ:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»