Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանից րոպեներ առաջ շատ անսպասելիորեն ԱԺ-ում հայտնվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանը՝ Ծառուկյանի խնամին:
Լրագրողները զարմացած իրար նայեցին՝ «տեսնես ինչո՞ւ է եկել»: Բանն այն է, որ Գուլոյանը ամիսներով խորհրդարան չի գալիս: Ծառուկյանի խնամին, սակայն, հակված չէր որեւէ մեկի հետ շփվելու: Միայն այն պահին, երբ միջանցքում հայտնվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գուլոյանն անմիջապես մոտեցավ նրան. ակնհայտ էր, որ ինչ-որ բան էր խնդրում կամ ճշտում, համենայնդեպս, կեցվածքն ու դեմքի արտահայտությունն այդպիսին էին: Կարճ ժամանակ վարչապետի հետ ինչ-որ բան փսփսալուց հետո Գուլոյանն անհետացավ: Վարչապետն էլ, որ այդ զրույցի պատճառով արդեն ուշացել էր հարցուպատասխանից, իր ավանդական ժպիտը դեմքին՝ գրեթե թռչկոտելով բարձրացավ ԱԺ դահլիճ տանող աստիճաններով՝ ընթացքում լրագրողներիս ասելով, որ, իհարկե, նիստից հետո կպատասխանի մեր հարցերին: Հետո արդեն հայտնի դարձավ, որ երեկ Վերահսկիչ պալատը մտել էր Կոտայքի մարզ՝ լայնամասշտաբ ստուգումների: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդակցություն էր անցկացրել մարզպետարանում ու հայտնել, որ ստուգումները կատարվելու են մասնավորապես բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման եւ դրանց վարձակալության ուղղությամբ, ինչպես նաեւ՝ համայնքների մշակութային, կրթական եւ առողջապահական հաստատություններում: Ստուգումներ նախատեսվում են նաեւ մարզպետարանում՝ բյուջետային հատկացումների, կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների օգտագործման, գյուղատնտեսական ծրագրերի, նաեւ մարզում ընթացող շինարարական աշխատանքների ուղղությամբ:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»