Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, մեր հարցերին ի պատասխան, առանձին-առանձին անդրադարձավ նաեւ անընդհատ արծարծվող սրճարանի, ատամնաբուժարանի ու մյուս «օբյեկտների» խնդրին։ Սկսենք սրճարանից։ «Նկատի ունեն Վանաձորի Հայորդաց տան մերձակայքում եղած սրճարանը։ Նշված վայրում, նախքան Հայորդաց տան կառուցումը, տարածքին հարակից գործում էր մի սրճարան, որը անհատ ձեռներեցից ուղղակի գնվել է։ Ներկայում այնտեղ է Վանաձորի բարեգործական ճաշարանը։ Բայց քանի որ պետական կառույցներում այդ անվանումով են գրանցված տվյալ հողատարածքն ու շինությունը, բնականաբար Մայր Աթոռը փաստաթղթերում այդ՝ «սրճարան» անվանումով է ներկայացնում, մինչեւ որ համապատասխան փոփոխություններ կատարվեն»,- ասաց տեղեկատվական համակարգի տնօրենը։
Նա հատուկ ընդգծեց, որ ցանկում ներառված բազմաթիվ շենքերի է վերաբերում պաշտոնական գրանցման մեջ նշված անվանման խնդիրը։ «Օրինակ, Արմավիրում եկեղեցուն է տրամադրվել կինոթատրոնի շենք, որը ներկայումս վերակառուցվում է եւ ծառայելու է որպես Հայորդաց տուն։ Մայր Աթոռը չի կարող պաշտոնական գրությունների մեջ այն ներկայացնել իբրեւ «Հայորդաց տուն», քանի որ պետական ռեգիստրում կառույցը գրանցված է այդ անվանումով՝ «կինոթատրոն»։ Այդ առումով ստացվում է, որ Մայր Աթոռը կինոթատրոն կամ սրճարան ունի, մինչդեռ իրականում հասկանալի է, որ եկեղեցին կինոթատրոն չի աշխատեցնում»։
Նույն կերպ, Վաղարշապատում մի ատամնաբուժարան կա, որը Մայր Աթոռի սեփականությունն է, բայց այն, ինչպես շեշտեց մեր զրուցակիցը, բարեգործական է, Վաղարշապատի եւ շրջակա գյուղերի բնակիչներին ատամնաբուժական օգնություն է ցուցաբերում անվճար հիմունքներով։ Նույնը՝ «11 մարզադաշտերի» առնչությամբ։ Պարզվում է, որ խոսքն ընդամենը 1 (մեկ)՝ հենց Մայր Աթոռի տարածքում գտնվող Վաղարշապատի քաղաքային մարզադաշտի մասին է։ Այն ժամանակին փոխանցվել է Մայր Աթոռին, որը հոգում է, որ մարզադաշտը գործի ըստ իր նշանակության։ Ուղղակի կից կան 11 փոքր շինություններ, որոնք նախատեսված են մարզադաշտի սպասարկման համար, որոնք գույքահարկից ազատելու մասին է ակնարկվում։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ