Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոգիտության բացակայությունը Հայաստանում մասնագետների պակա՞ս է, թե՞ անլուրջ մոտեցում

Հոկտեմբեր 26,2011 00:00

NEW
 
  Այն հարցին, թե ինչու Հայաստանում չկան կինոգետներ, կարելի է շատ պարզ պատասխան տալ՝ չկա կինո: Սակայն խնդիրը թաքնված է այլ տեղում, եւ այս կարծիքի ջատագովները տվյալ խնդիրը խորապես չեն ուսումնասիրել:
  Նախ ուզում եմ խոսել այսօրվա ցածրաճաշակ կինոֆիլմերի եւ տեսաֆիլմերի մասին, որոնց մեծ մասը, մեղմ ասած, հեռու են բոլոր գեղագիտական չափանիշներից: Ինչ խոսք, հիմնական շեշտն ընկնում է հենց հեռուստատեսային արտադրանքի վրա, քանի որ այն համեմատաբար մեծ մասսայականություն է վայելում: Բոլոր սերիալներում ակնառու է դրամատուրգիական կառույցի բացակայությունը, կերպարների ոչ մանրազնին նկարագրությունը, լեզվի աղտոտվածությունը, թեմայի միօրինակությունը եւ պարզունակությունը, որը, թերեւս, ամենաողբերգականն է: Համարյա բոլոր սերիալներում եւ տեսաֆիլմերում կարելի է հանդիպել կրիմինալ թեմայի, որն արված է ծայրահեղ տգեղ եւ չափազանցված ձեւով: Չէ՞ որ որքան էլ հեռուստաընկերությունների մեծ մասը մասնավոր լինեն, միեւնույն է՝ նրանք համընդհանուր ճաշակ են քարոզում:
Թեեւ խոսքը գնաց հեռուստատեսային արտադրանքի մասին, սակայն շատ ավելի անմխիթար վիճակում են կինոֆիլմերը, որոնց մասին գրեթե ոչինչ չի գրվում եւ չի ասվում (չհաշված որոշ բամբասանքներ ու սիրողական հոդվածներ): Անշուշտ, լրատվամիջոցները երբեմն իրազեկում են այս կամ այն հայկական ֆիլմի միջազգային հաջողության, փառատոնային մասնակցության մասին, սակայն դա արվում է սոսկ լրագրողների միջոցով, ինչը հաճախ հնչում է զուտ լուրի տեսքով: Իսկ ո՞վ պետք է մասնագիտական հոդվածներ գրի, ո՞վ պիտի վերլուծի ֆիլմերը, ներկայացնի հանդիսատեսին:
Այսօր էլ կան կինոգետներ, ովքեր կարող են բավական պրոֆեսիոնալ դիտարկումներ անել այս կամ այն ֆիլմի շուրջ, սակայն նրանցից շատերը կամ չեն գրում, կամ գրում են հազվադեպ, կամ էլ որեւէ հատուկ առիթի դեպքում:Այստեղ է, որ հարց է առաջանում՝ ո՞վ կամ ի՞նչ լծակներ պետք է կիրառել, որպեսզի այս շատ կարեւոր ոլորտը անուշադրության չմատնվի:
Երբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականին երկու քայլ է բաժանում «Եվրո 2012»-ի եզրափակիչ փուլից, հաղթանակի համար միլիոնավոր եվրոներ են խոստանում, ինչը  շատ ուրախալի է, ողջ մամուլը եւ հեռուստատեսությունը պարբերաբար լուսաբանում են յուրաքանչյուր գոլ ու հաղթանակ:
Իսկ երբ հայկական որեւէ ֆիլմ մասնակցում է միջազգային Ա կարգի կինոփառատոնի մրցութային կամ գլխավոր ծրագրին, դժվար թե այդ լուրը որեւէ հ/կ կամ թերթ մեկ անգամից ավելի լուսաբանի, էլ չխոսենք ֆինանսական աջակցության մասին:Հարց կառաջանա, թե արդյոք մեկը մյուսի հետ կարելի՞ է համեմատել:Այո, կարելի է, որովհետեւ կինոաշխարհում ցանկացած երկրի համար էլ՝ լինի Ֆրանսիան, Իտալիան, Ռումինիան, թե Բութանը, սա մեծ հաջողություն է:Չէ՞ որ մենք խոսում ենք «Եվրո 2012»-ի եզրափակիչ փուլի մասին, այլ ոչ թե աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու:Անշուշտ, ֆուտբոլն ավելի մեծ մասսայականություն է վայելում, բայց այդ մասսայականությունը ձեւավորվում է հասարակական կարծիքից, ինչը հիմնականում նախասիրության եւ գովազդի արդյունք է:
Կինոգիտությունն ինչո՞ւ է պասիվ, ինչո՞ւ որեւէ մասնագետ հարց չի բարձրացնում նման խնդիրները շտկելու համար: Դրա գլխավոր պատճառն այն է, որ այդ հարցի շուրջ համընդհանուր ուշադրություն չկա:Հեռուստաընկերությունները հիմնականում գովաբանում են իրենց արտադրանքը, հասարակությունն էլ հնազանդ ընդունում է այն:Մամուլում հրատարակված հոդվածներից շատերն էլ դիտարկվում են իբրեւ որեւէ մեկի հասցեին ուղղված բամբասանք, եւ վերջ:Սրանով վերջանում է «կինոարվեստը» պրոպագանդելու երկու գլխավոր լծակների առաքելությունը:Ցավոք, լուսաբանման մնացած տեսակները դեռ այնքան լայն տարածում չունեն, որ կարողանան շտկել վիճակը:Թեեւ նույն խնդրին կարելի է հանդիպել թե՛ ինտերնետ կայքերում, թե՛ ռադիոալիքներում:
 Եթե վերլուծելու լինենք այն պատասխանը, որ Հայաստանում չկա կինո, հետեւաբար չկա կինոգիտություն, կարելի է գալ հակառակ եզրակացության. Հայաստանում չկա՛ կինոգիտություն, դրա համար էլ կինոարվեստը չի պրոպագանդվում, կինոարվեստի հեղինակությունը ցածր է, ուշադրության կենտրոնում են հայտնվում անորակ հեռուստասերիալները, չեն կառուցվում նոր կինոթատրոններ, որովհետեւ քիչ ֆիլմեր են նկարահանվում, եւ այսպես շարունակ:
Պարզապես պետք է դուրս գալ կաղապարված մտածողությունից, մեկը մյուսի հասցեին բամբասելուց եւ միահամուռ ուժերով մտածել ոլորտի զարգացման մասին:
Այս խնդիրը շատ երկար լուսաբանելու եւ դիտարկելու կարիք ունի, ուստի ընդունենք սա որպես նախաբան՝ առաջիկայում ավելի մանրամասն եւ փուլ առ փուլ վերլուծելու պայմանով: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել