NEW
Երեկ Հայաստանում, Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ «Կազմակերպությունների 9-րդ ֆորումը», որի նպատակն է օժանդակել ուսանողների մասնագիտական ներգրավվածությանը: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես ֆորումին մասնակցում էին 28 առեւտրաբանկային, տնտեսական եւ հաղորդակցման միջոցներ ներկայացնող կազմակերպություններ, որոնցում պրակտիկա անցնելու հնարավորություն են ձեռք բերել համալսարանի ուսանողները:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը ողջույնի խոսք ուղղեց կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ պրակտիկանտ-ուսանողներին՝ ցանկանալով, որ նրանց միջեւ հետագա համագործակցությունը լինի շահավետ. «Պրակտիկանտի ներկայությունը որեւէ կազմակերպությունում օգտակար է, բացի այդ՝պրակտիկան թույլ է տալիս ուսանողին հասկանալ, թե ինչ է աշխատանքային կյանքը եւ թե ինչ է նշանակում ներգրավվել աշխատանքային միջավայր»: Ռեկտորը հավելեց, որ դա կազմակերպությանը թույլ է տալիս հետագայում աշխատանքի վերցնել պրակտիկանտին: