Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹԸ՝ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԹԻՄԻՆ

Հոկտեմբեր 26,2011 00:00

\"\"«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը, որ բացառապես ուղղված է պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը, այդ ոլորտում մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի արմատավորմանը՝ բացառիկ մարզական մասսայական միջոցառում է, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, իսկ անմիջական իրականացնողը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:
Սեպտեմբերի 26-ին մեկնարկած եւ շուրջ մեկ ամիս տեւած մրցաշարը պատշաճ մակարդակով անցնելուն մեծապես նպաստեցին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան, որը հատկացրել էր խաղադաշտերը, մարզագույքը, տրամադրել մրցավարական կազմեր, հանդիպումների ընթացքում մասնակիցների առողջությունն ապահովող ՀՀ առողջապահության նախարարությունը եւ մրցավայրերում եւ դրանց շրջակայքում կարգուկանոն հաստատող ՀՀ ոստիկանությունը:
Արդեն ավանդական դարձած «ՀՀ վարչապետի գավաթ 2011» մրցաշարն անցկացվում էր երրորդ անգամ: Նախնական փուլի (մեկնարկի ելել էր 14 գերատեսչություն) արդյունքով Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած եզրափակիչ հանդիպումում գլխավոր մրցանակի համար պայքարեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու ՀՀ գլխավոր դատախազության թիմերը, որում հաջողությունը ժպտաց երկրորդին: Համառ պայքարում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց ՀՀ գլխավոր դատախազությունը: Նախորդ երկու մրցաշարերի հաղթող ՀՀ պաշտպանության նախարարությունն այս անգամ բավարարվեց երրորդ տեղով:
Հաղթող թիմը պարգեւատրվեց գլխավոր գավաթով, ոսկե հուշամեդալներով եւ 600 հազար դրամ խրախուսական մրցանակով: Գավաթի, հուշամեդալների, համապատասխանաբար, 400 եւ 200 հազար դրամ խրախուսանքի արժանացան նաեւ երկրորդ եւ երրորդ տեղեր գրաված թիմերը: Իսկ մրցանակային եռյակը կազմած թիմերի բոլոր ֆուտբոլիստները ստացան նաեւ մարզահագուստ:
Կազմկոմիտեն սահմանել էր նաեւ հատուկ մրցանակներ. լավագույն դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, ռմբարկու, խաղացող, ամենակարգապահ թիմ («Արդար խաղ»), ինչպես նաեւ լավագույն քաղծառայող: Իսկ լրատվամիջոցներից մրցաշարը լավագույն ձեւով լուսաբանող ճանաչվեց «Առավոտ» օրաթերթը: Բոլոր նոմինանտները պարգեւատրվեցին արժեքավոր հուշանվերներով:
Մրցաշարի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունեց լավագույն եռյակը կազմած թիմերին, շնորհակալություն հայտնեց մրցաշարին մասնակցած գերատեսչություններին՝ նշելով, որ մարզական այս միջոցառման գլխավոր նպատակը պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ֆուտբոլի միջոցով առողջ ապրելակերպի ոլորտ ներգրավելն է, ինչից շահող ենք դուրս գալիս բոլորս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել