Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԱՊՈՆԻԱՆ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»

Հոկտեմբեր 26,2011 00:00

Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 22-ին, այսօր ավարտվում է: «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա փառատոնի փակման արարողությունը: Մինչ այդ «Ճապոնիայի օրը» ծրագրի շրջանակում Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց «Ճապոնիան հայ երեխաների աչքերով» խորագրով ցուցահանդեսը, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին ճապոնական ֆիլմեր: Փառատոնին հրավիրված են նաեւ հյուրեր Ճապոնիայից՝ Տոկիոյի «Kinder» կինոփառատոնի գլխավոր տնօրեն, պրոդյուսեր, «NPO Kinder Film»-ի հիմնադիր Միցուո Տահիրան, Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատան տեղեկատվական բաժնի ղեկավար, նախարար-խորհրդական Իսիձե Մոտոյուկին: Ցուցահանդեսի բացումից առաջ ԳԱԿ-ի սաները ներկայացրին ճապոնական ներկայացում: Ցուցահանդեսի նկարների հեղինակները եւս ազգային կենտրոնի սաներն էին, ովքեր իրենց աշխատանքներով փորձել էին ցույց տալ, թե ինչպիսին են պատկերացնում Ճապոնիան: «Շատ գեղեցիկ նկարներ են, հայ մանուկները ճապոնացիներից մի բան էլ լավ էին պատկերել մեր երկիրը, այս երեխաները Հայաստանի վաղվա ապագան են»,- «Առավոտին» իր տպավորությունները հայտնեց առաջին անգամ Հայաստանում գտնվող Տոկիոյի «Kinder» կինոփառատոնի գլխավոր տնօրեն եւ պրոդյուսեր Միցուո Տահիրան: Նա անկեղծանում է՝ Հայաստանի մասին մինչ այցը ոչինչ չգիտեր, լսել էր միայն հայկական կոնյակի մասին: «Առաջին հանդիպումն այստեղ հայ ուսանողների հետ էր, հենց առաջին օրը զգացի հայի ջերմությունը, այս ցուցահանդեսը նայելով՝ հասկանում ես, որ հայերն ունեն մեծ ներուժ»: Ճապոնացի անիմատորը երեկ ներկայացրեց նաեւ ճապոնացիների կողմից սիրված իր «Կոմաճա» մուլտֆիլմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել