Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոսկե պատեր չեմ ուզում»

Հոկտեմբեր 26,2011 00:00

Մեղրիի պետական քոլեջի տնօրենը կարեւորում է ուսման որակը

Մեղրի քաղաքի ձախ մասը՝ Գանձափարախ լեռան լանջերին եւ գետահովտի դարավանդներին ծվարած տներով, հայտնի է որպես Փոքր թաղ: Բարձունքում երեւում է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որից ներքեւ ավեր ու քանդված տների շարք է: Հենց եկեղեցու մուտքի հարեւանությամբ գեղանկարիչ, Մեղրու պետական քոլեջի տնօրեն Հապետնակ Խաչիկյանի տունն է, որ ուշագրավ է ոչ միայն դիրքի, այլեւ գեղանկարների առատությամբ, տան մուտքի ու ներսի գեղեցկությամբ: Հ. Խաչիկյանի երեք երեխաներից երկուսը սովորում են Երեւանի պետական մանկավարժական համալսարանում: Պարոն Խաչիկյանի կարծիքով, Մեղրիում մնալու հարցը իսկապես շատ սուր է, մարդիկ իրենց երեխաների ապագան չեն տեսնում Մեղրիում:
Ըստ մեր զրուցակցի, հիմնականում Մեղրիում մնացել է հասարակության այն շերտը, որ արտագաղթելու հնարավորություն չունի: Շատերն ուսանող երեխաներ ունեն, որոնց մեծ մասն էլ վարկով է փակում ուսման վարձը: Ու հիմա, ըստ Խաչիկյանի, կոմբինատների փակման պատճառով մարդիկ անելանելի վիճակի մեջ են հայտնվել: «Համբերությունը մի օր հատնում է: Քանդված տներին որ նայում եմ, տարօրինակ զգացում եմ ունենում. ախր որոշ լքված տներ 300 տարվա պատմություն ունեն… վախենում եմ. հանկարծ իմ տունն էլ մի օր կարժանանա դրանց ճակատագրին»,- ասում է մեր զրուցակիցը: Այն քոլեջը, որը պրն Խաչիկյանն արդեն հինգ տարի ղեկավարում է, գտնվում է Մեղրիի կենտրոնում՝ Մեծ թաղում: Պետական քոլեջի ուսանողները մեծաթիվ չեն, տարեկան 35-36 շրջանավարտ են ունենում: «Քոլեջն այս հինգ տարիների ընթացքում դարձել է բարեկեցիկ կրթօջախ, հիմնականում սոցիալապես անապահով խավն է մեզ մոտ ուսանում: Թող զարմանալի չթվա այն փաստը, որ կան որոշ ուսանողներ, որ նույնիսկ Երեւանը չեն տեսել: Քոլեջը հիմնադրվել է 2001թ., նվիրատվությունների հիման վրա: Քոլեջի հիմնադրմանը մեծ աջակցություն են ցուցաբերել Հայաստանի վարչապետը, կրթության եւ գիտության նախարարը՝ մեզ տրամադրելով համակարգիչներ»,- շարունակում է նա: Խաչիկյանը նշում է, որ ավելացել է նաեւ հեռակա ուսուցումը, որն աշխատող ուսանողների համար հարմար է, իսկ ուսման վարձն արդեն երեք տարի փոփոխման չի ենթարկվել: Քոլեջն ունի ութ լսարան: Քոլեջի մասնագիտական բաժինները երեքն են՝ բեռնափոխադրումների կազմակերպում եւ կառավարում տրանսպորտում, էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ: Նրանք, ովքեր լավ են սովորում, ունեն բարձր գնահատականներ, կարող են ուսումը շարունակել այլ բարձրագույն հաստատություններում, ի դեպ՝ պայմանագիր ունեն Գորիսի համալսարանի հետ: Ինչ վերաբերում է դասախոսներին, պրն Խաչիկյանը հավելեց, որ նրանք վերապատրաստված մասնագետներ են եւ գիտակ իրենց աշխատանքում: «Այս տարի լրացավ մեր քոլեջի հիմնադրման տասնամյակը, որի առիթով կազմակերպվեցին բազմաթիվ միջոցառումներ մեր ուսանողների կողմից: Իսկ քոլեջի համար ես ոսկե պատեր չեմ ուզում, կարեւորը միայն սովորել ցանկացող ուսանողներն են, ինչը մեր քոլեջի համար խնդիր չէ»,- զրույցի վերջում ավելացրեց Խաչիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել