Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՍԻՑՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Հոկտեմբեր 26,2011 00:00

\"\"Հայաստան էին ժամանել նաեւ անվանի բարիտոնի դուստրերը

ԱԼ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս պետական մակարդակով առաջին անգամ նշվեց 20-րդ դարի լավագույն բարիտոն Պավել Լիսիցյանի ծննդյան 100-ամյակը: Լիսիցյան ընտանիքի բարեկամ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցի նախաձեռնությամբ կոնսերվատորիական միջավայրում նախկինում նշվել էին աշխարհահռչակ օպերային երգչի հոբելյանները:
Չմանրամասնելով արտիստի հայաստանյան, ռուսաստանյան եւ արտերկրյա ստեղծագործական շրջանները՝ «Առավոտի» հետ զրույցում Ռ. Հակոբյանցը շեշտեց, թե Լիսիցյանի ստեղծած կերպարների վերլուծությունը ցույց է տալիս, որ արտիստի իսկական կոչումը եղել է օպերային բեմը, ոլորտ, որտեղ միայն ձայնային տվյալները բավական չեն ինքնահաստատման, ստեղծագործական լուրջ խնդիրներ լուծելու համար: Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ ժամանակին, երկրում ստեղծված իրադարձությունների բերումով, 1935թ. Լիսիցյանը մեկնում է Լենինգրադ եւ ունենում վոկալի այնպիսի հայտնի դասատուներ, ինչպիսիք են Լ. Օբրազցովան, Մ. Լիվիցկայան եւ Ջ. Դոլսկայան: Երգիչը կարճ ժամանակ ուսանելուց հետո ընդունվում է տեղի Փոքր թատրոն, իսկ 1936թ. հրավիրվում Երեւան: Նրա գործընկերները, դիրիժոր Յու. Դավթյանը, Երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դ. Ղազարյանը, կոմպոզիտոր Վլ. Բալյանը, հայկական հեռուստատեսության հիմնադիրներից՝ «Պավել Լիսիցյան» գրքի (1973թ.) հեղինակ Մարկ Պետրոսյանը ընդգծեցին, թե արվեստագետը դեռ կենդանության օրոք հյուսեց իր անմահության պսակը, հավելելով, որ բնությունը միշտ չէ, որ հիանալի ձայնով երգիչներին շնորհում է դերասանական ձիրք, լայն մտահորիզոն, ճաշակ, վայելչատես արտաքին եւ այլն: Երեկոյի ընթացքում 38 տարի անց լիսիցյանական հուշալբոմ CD-ի եւ DVD-ի շնորհանդես կայացավ, դրանք հեղինակած Մ. Պետրոսյանն էլ նշեց, որ 1941թ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերային ներկայացմամբ Մեծ թատրոնում իր դեբյուտն արած մեծանուն երգիչը մինչ օրս մնում է անգերազանցելի: Նա միակ հայազգի երգիչն է, ով 26 տարի շարունակ հանդիսացել է Մեծ թատրոնի մեներգիչ:
Հոբելյանական երեկոն, որի ռեժիսորն էր Արմեն Մանուկյանը, չփայլեց ռեժիսորական «հնարքներով»: Սակայն դա չազդեց, որ երեկոն անցնի ջերմ ու հուզական մթնոլորտում, մանավանդ որ հատուկ ժամանել էին Լիսիցյանի դուստրերը՝ ճանաչված երգչուհիներ Կարինեն եւ Ռուզաննան: Նրանք փաստեցին հայկական վոկալ դպրոցի, մեր օպերային թատրոնի երիտասարդ երգիչների բարձր պրոֆեսիոնալիզմը՝ շեշտելով Առնոլդ Քոչարյանին, Դավիթ Բաբայանցին, Մարինե Դեինյանին, Աննա Մնացականյանին, Մերի Մովսիսյանին, Արշակ Կոզիկյանին, հատկապես առանձնացրին 2008թ. Մոսկվայում կայացած Լիսիցյանի անվան մրցույթի ոսկե մեդալակիր Գեւորգ Հակոբյանի, լավագույն կոնցերտմայստեր ճանաչված Լեւոն Ջավադյանի եւ Տ. Սազանդարյանի եւ Պ. Լիսիցյանի անվան հայաստանյան առաջին մրցույթի 2-րդ մրցանակակիր Տաթեւիկ Աշուրյանի բարձրարվեստ կատարումները: Հետաքրքրությանը, թե մաեստրոյի հոբելյանի առիթով ի՞նչ է մտածում Մեծ թատրոնը, դուստրերը փոխանցեցին, որ դեկտեմբերի 17-ին «Եվգենի Օնեգին» օպերայով կնշվի Լիսիցյանի հոբելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել