Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծերացող գյուղերի մղձավանջը

Հոկտեմբեր 26,2011 00:00

Առաջին տպավորությամբ Տավուշի մարզում սխալ է ընկալվում սահմանամերձ հասկացությունը: Թվում է, թե այս բնակավայրը ոչ թե Հայաստանի մի մասնիկն է, այլ սահմանակից է մեր հանրապետությանը: Բարձիթողի բառը Տավուշի պարագայում շատ մեղմ կհնչեր: Թվում է, թե հանրապետության բոլոր խնդիրները խտացվել եւ արտացոլվել են այստեղ: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Տավուշի Չինարի եւ Այգեձոր գյուղերի անբարեկարգ ճանապարհները գաղթի ճանապարհների մեկնարկ են եւ այսքանն էլ բավական է համոզվելու համար, որ ոչ մի կարգի ու տեսակի վիճակագրություն ի վիճակի չէ փոքրիշատե դրական ներկայացնել մարզը: Թվերի լեզվով. 18 մահ եւ 3 ծնունդ. ահա Այգեձոր գյուղի մեկ տարվա հակիրճ նկարագիրը: Հակիրճ, սակայն ոչ ամբողջական:
Ինչ ասես մի գյուղի մասին, ուր հարսանիքները ամայացման ազդանշաններ են ընդամենը: Ոչ մի երիտասարդ զույգ մտադիր չէ կենսագրություն սկսել սեփական ծննդավայրում: Հարսանիքների խոսքուզրույցն էլ արտագաղթն է, դեպի ուր՝ այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորը փախչելն է սեփական ծննդավայրից: Այդպես եղել է նախկինում, այդպես էլ շարունակվում է, միայն թե հիմա՝ առավել արագացված տեմպերով: Ի՞նչ կարող է անել այգեձորցին, եթե իր երեկվա վարելահողերը վերածվել են արոտավայրերի, ուր վերջին անասուններն են օրվա կեր հայթայթում: Եթե եղած հացահատիկը ձեռքի ուժով է վերածվում հացի: Եթե ճանապարհ չկա առօրյա կարիքները հոգալու, գոնե դրսի աշխարհի հետ մարդուն անհրաժեշտ կապեր պահպանելու համար լիներ:
«Թերեւս ճանապարհներն են մեղավոր, որ մարզպետը կամ մարզպետարանի աշխատողները տարիներով չեն երեւում Այգեձոր եւ Չինարի գյուղերում»,- դառը քմծիծաղում են այս գյուղերի բնակիչները:
Այս գյուղերի գյուղապետերը հարկ չհամարեցին անգամ պատասխանել մեր հարցերին. ախր ո՞ր մեկին պատասխանեին, ինչպե՞ս բացատրեին, թե ինչո՞ւ հացահատիկահավաք կոմբայն անգամ չունեն, դպրոց ունեն, աշակետ չունեն, երեխա ունեն՝ մի կարգին մանկապարտեզ չունեն, հող ունեն՝ հողվոր չունեն, անասուն ունեն՝ անասնապահություն չունեն, աշխատանք ունեն՝ աշխատուժ չունեն, ճանապարհ չունեն, կարիք ու հարկ ունեն, վարկ տվող չունեն, վերջապես՝ տեր չունեն ու կապեր չունեն… Անտեր են…
Ոչ մի բան էլ չունեն, միայն երկու սահման ունեն, ըստ իրենց՝ մեկը դրսից, մեկը՝ ներսից, ու այդպես տապակվում են երկու փակի արանքում:
Թերեւս այսքան դառը խոհեր չպաշարեին մեզ, եթե հնարավոր լիներ դրանցից գոնե մեկ-երկուսը կիսել մարզպետի, գյուղապետերի կամ մյուս բազմապիսի պետերի հետ: «Ի՞նչն է բոլ՝ պետը, միայն թե դրանց գտնել է պետք»,- կրկին քմծիծաղում են լքվող եւ դատարկվող գյուղերի բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել