Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՆԳՈՒՑՅԱԼԸ»՝ «ԱՌԱՎՈՏՈՒՄ»

Հոկտեմբեր 26,2011 00:00

1999 թվականին ՀՀ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «անհայտ բացակայող» ճանաչվեց մի քաղաքացի, որն այդ ժամանակ աշխատում էր Ուկրաինայում:

\"\"

«Անհայտ բացակայողը» տեղյակ չէր այդ մասին, պարբերաբար զանգում էր հարազատներին, անգամ՝ գումար ուղարկում:
Մեծ եղավ «բացակայողի» զարմանքը, երբ անցյալ տարվա ամռանը վերադարձավ Հայաստան: Նախ, ընկերները սարսափեցին, երբ տեսան «հանգուցյալին» (թարսի նման՝ ընտրություններն ավարտվել էին-Ռ.Մ.): Պարզվեց՝ 2006թ.-ից սկսյալ ամեն հոկտեմբերի 18-ին ընկերները նշել են նրա մահվան օրը: Պակաս զարմացած չէր «բացակայողը», որն իր աչքերով տեսավ սեփական մահվան վկայականը:
Վահագն Մանուկի Առաքելյանը դիմեց Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Նա խնդրել էր վերացնել նույն դատարանի կողմից 1999թ. սեպտեմբերի 2-ի վճիռը՝ անհայտ բացակայող ճանաչվելու եւ իր մահվան վկայականը, որը տրվել էր 2007թ.-ին: Դատարանն օրեր առաջ՝ հոկտեմբերի 19-ին Վահագն Առաքելյանի դիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել, պատճառաբանելով այսպես. «Ուսումնասիրելով դիմումը եւ կից փաստաթղթերը՝ գտա, որ դիմումը ենթակա է վերադարձման, քանի որ… դիմումում նշված չէ հայցապահանջները հաստատող, տվյալ դեպքում՝ անձին մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռը»:
Սակայն մեզ հետ զրույցի ժամանակ Վահագն Առաքելյանն ասաց, որ դատարան էր ներկայացրել իր գործի բոլոր հիմքերը: Մասնավորապես, պաշտոնական պետական այն փաստաթղթերը, որոնց համաձայն իրեն նույն դատարանը ճանաչել է անհայտ բացակայող, ապա՝ մահացած:
4-ամյա Վ. Առաքելյանին 1976թ. դեկտեմբերի 12-ին որդեգրել է հորաքույրը՝ Արեգնազ Մանուկյանը: Նա չուներ երեխա, ամուսնացած չէր: Որդեգիր դառնալով՝ տիկին Մանուկյանը ստանում է եղբոր եւ նրա կնոջ համաձայնությունը: Որդեգրումը կատարվել է օրինական՝ Շահումյանի գործկոմի նիստում:
Նույն գործկոմի որոշմամբ, հորաքրոջ՝ Շերամի փողոցի թիվ 1 շենքի բնակարանը սեփականաշնորհվել է Վահագնի անունով: Այնտեղից էլ Վահագնը ստացել է իր անձնագիրը, մինչ հանրապետությունից աշխատանք գտնելու նպատակով ժամանակավոր հեռանալը:
Ուկրաինայից Վահագնը վերադարձել է: Նա այսօր առանց հաշվառման ապրում է իր հայրական տանը: 2008թ.-ին մահացել է որդեգիրը՝ Արեգնազ Մանուկյանը:
Սակայն մինչ մահը, հորաքույրը դիմել էր Կենտրոնի նոտարական գրասենյակ:
Ա. Մանուկյանը գրել էր. «2006թ. հոկտեմբերի 18-ին մահացել է որդիս՝ Վահագն Մանուկի Առաքելյանը, որի մահից հետո որպես ժառանգություն մնացել է անշարժ գույք: Խնդրում եմ ինձ տալ, ըստ օրենքի, ժառանգության իրավունքի վկայագիր: Բացի ինձանից այլ ժառանգներ չկան»: Այն թվագրված է 04.05.2007 թ.-ով:
Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 1783 ժառանգության գործի համաձայն, մեկ սենյականոց 45,74քմ անշարժ գույքը տրվում է Արեգնազ Մանուկյանին:
Վահանգն Առաքելյանը տեղեկանում է նաեւ, որ այս տարվա օգոստոսի 26-ին իր բնակարանը սեփականության իրավունքով եւ պետական գրանցմամբ տրվել է եղբոր աղջկան:
Խնդիրն այն է, թե ինչո՞ւ իր՝ որդեգրի «մահվան վկայականի» եւ «ընդհատված» կյանքի հաշվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել