Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՏԱՆ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՀԱՆՋԿՈՏ Է, ԱԶՆԻՎ ՈՒ ԲԱՐԵԽԻՂՃ

Հոկտեմբեր 26,2011 00:00

\"\"Ի պաշտպանություն Գյումրիի երեխաների տան տնօրեն Ռուզան Ավագյանի՝ վստահեցնում են բարեգործական կազմակերպությունները:

Գյումրիի երեխաների տան տնօրեն Ռուզաննա Ավագյանի դեմ 2010թ. հունվարին քրեական գործ էր հարուցվել՝ առողջական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հաշվին չարաշահումներ անելու, 47 անուն սննդամթերք թանկ գներով ձեռք բերելու եւ պետությանը 4.1 միլիոն դրամի վնաս հասցնելու համար: Քանի որ այն կարճվել է համաներմամբ, ու տնօրենն այդպես էլ չի ապացուցել իր անմեղությունը, ենթադրվում էր, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առավել խիստ կլինի այդ մանկատան տնօրենի նկատմամբ կամ, ասենք, նրան աշխատանքից կազատի: Բայց կյանքը ցույց տվեց, որ ոչ մեկը եղավ, ոչ էլ՝ մյուսը: Ավելին՝ տիկին Ավագյանի լուսանկարները տեսանք Դիլիջանում նախարարի հետ քեֆի սեղանի շուրջ նստած ու կարծես հասկանալի էր, որ նախարարը նրան ազատելու մտադրություն չունի: Այդուհանդերձ, այդ մանկատան տնօրենը հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, հատկապես այն դեպքից հետո, երբ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը պատահական այցելեց Գյումրիի երեխաների տուն եւ մի շարք խախտումներ հայտնաբերեց:
Բացի այդ, տիկին Ավագյանի հետ աշխատած եւ մանկատանն օգնություն ցուցաբերած բարերարներից մեկը՝ Արազ Արթինիանը նույնպես մեր թերթին տեղեկացրեց, որ Ռուզան Ավագյանը մանկատան երեխաներին անտեր է թողել, հաշմանդամություն ունեցող 14 երեխաների բանտարկված պահել է՝ նրանց համար ոչինչ չանելով եւ այլն: Հաշվի առնելով, որ Արազ Արթինիանի կարծիքը կարող էր սուբյեկտիվ լինել, մենք խոստացանք տպագրել նաեւ այլ բարեգործական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչների տեսակետները, որոնք երբեւէ աշխատել են այս մանկատան տնօրենի հետ:
Այսպիսով, տիկին Ավագյանի հետ երկար տարիներ աշխատել է Գյումրիի «Արաքս Կենտրոն» բարեգործական հ/կ-ն: Կազմակերպության տնօրեն Արաքսի Խաչատրյանի խոսքերով՝ «Համագործակցության արդյունքում շատ լավ տեղյակ ենք ե՛ւ Ռ. Ավագյան անձի, ե՛ւ աշխատակազմի աշխատանքային գործունեությանը: Գյումրիի երեխաների տանը բազմաթիվ անգամ ենք եղել: Չենք կարող չթվել այն, ինչ մեր աչքերով ենք տեսել, որը մեզ համար արդեն իսկ բավական է՝ դրական կարծիք կազմելու համար: Հաստատությունը միշտ փայլել է կատարյալ մաքրությամբ, դա անվիճելի է, երեխաները մշտապես եղել են խնամված ու մաքուր, բազմաթիվ անգամ մեր կազմակերպության ինչպես աշխատակազմը, այնպես էլ տարբեր տարիքային խմբերի շահառուները զրուցել են այն երեխաների հետ, որոնք կարողացել են իրենց մտքերը արտահայտել, ինչի արդյունքում զգացել ենք այդ երեխաների ինքնավստահությունը եւ անկաշկանդ շփումը: Զգացել ենք նաեւ երեխաների շնորհակալական եւ անկեղծ սերը իրենց խնամողների նկատմամբ, ինչը շատ ողջունելի է, նշենք, որ երեխաների նույնիսկ մեծ ցանկությունները ի կատար են ածվում կոլեկտիվի եւ հատկապես տնօրենի կողմից: Այս տնօրենն արժանի է միայն գովեստի, եւ եթե մեր հանրապետությունում նմանատիպ հաստատությունների տնօրենները լինեին տիկին Ավագյանի նման սրտացավ ու անմնացորդ նվիրված, ապա առանց ծնողական խնամքի մնացած ոչ մի երեխա չէր զգա ջերմության եւ խնամքի պակաս»:
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը նույնպես 10 տարուց ավելի է՝ համագործակցում է մանկատան հետ եւ նրա խոսքերով՝ «Ամեն տարի մեր վստահությունը տնօրենի նկատմամբ ավելի է մեծանում: Մասնավորապես այս տարի մեր հիմնադրամը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ամերիկյան վիրաբույժների մասնակցությամբ կազմակերպել էր մանկատան 2 երեխայի պլաստիկ վիրահատությունները: Ինձ համար հայրենիքը մանկատան այդ երեխաներն են, որոնց դժվար վիճակից շատերը, ցավոք, փորձում են ինչ-որ դիվիդենդներ շահել: Կարծում եմ՝ մենք պետք է նպաստենք Ավագյան Ռուզանի տեսակը պահպանելուն, որովհետեւ մեր իրականության մեջ ազնիվ պետական ծառայողի խիստ պակաս կա»:
1998-ից սկսած՝ Գյումրիի այս մանկատան հետ աշխատում է նաեւ «Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե» (UMCOR) ամերիկյան հ/կ-ի հայաստանյան մասնաճյուղը, որը մանկատանը տրամադրում է սնունդ, նորածնի համար նախատեսված փաթեթներ, հիգիենիկ եւ դպրոցական պարագաներ, ծածկոցներ: UMCOR-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գոհար Գրիգորյանը վստահեցնում է, որ հետեւողականորեն վերահսկում է, թե ինչպես է բաշխվում իրենց աջակցությունը. «Մենք ականատես ենք եղել, որ այնտեղ թեւածում է սերը եւ ջերմությունը երեխաների նկատմամբ: Ինչ վերաբերում է երեխաների բանտարկված լինելուն, մենք բազմիցս տեսել ենք, որ երեխաները զբոսնում են բակում: Տիկին Ավագյանը շատ պահանջկոտ է առաքվող սննդի հարցում, եւ լինելով բժիշկ մանկաբույժ՝ նրա համար թանկ է յուրաքանչյուր երեխայի առողջությունն ու ճակատագիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել