News.am-ը տեղեկացնում է, որ Գուրգեն Արսենյանի ղեկավարած Միավորված աշխատանքային կուսակցությունը մասնակցելու է հերթական խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին երեկ Արսենյանը հայտարարել է մամուլի ասուլիսում: «ՄԱԿ-ի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին լինելու է շատ լավ եւ գեղեցիկ: Ձեր դուրն էլ կգա»,- ասել է Արսենյանը՝ չբացառելով համագործակցությունն այլ ուժերի հետ: «Ես հնարավոր համարում եմ ցանկացած ուժի հետ համագործակցությունը, եթե այդ ուժն ունի այն ծրագրերը, որոնք համապատասխանում են նաեւ մեր ծրագրերին: Մենք պարտականություններ ունենք մեր երկրի առջեւ, եւ կապ չունի, թե ով կիրականացնի այդ պարտականությունները, բայց եթե տեսնենք դեմ գործող համակարգերին, կկոշտացնենք մեր դիրքորոշումները: Համոզված եմ՝ մեր երկրում միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք իրենց խմբակային շահերը վեր կդասեն պետական շահերից»,- ասել է ՄԱԿ ղեկավարը: Արսենյանը նաեւ ասել է, որ Հայաստանում արտառոց բան տեղի չի ունենում. «Հայաստանում տեղի է ունենում իշխանությունների ձեւավորման հերթական փուլը»: