Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ քննիչը բռնություն է կիրառել ՀԱԿ ակտիվիստի նկատմամբ

Հոկտեմբեր 26,2011 00:00

Զուրաբյանի «մեսիջն» օլիգարխներին

\"\"

«Քննիչը սպառնաց, որ կկալանավորի ինձ, կանչեց իր սենյակ եւ բռնություն կիրառեց իմ նկատմամբ՝ հրեց ինձ: Հետո մի խումբ ոստիկաններ արգելեցին լքել ծառայության շենքը: Մենք պատռեցինք մեր անցագրերը եւ դուրս եկանք Հատուկ քննչական ծառայության շենքից»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց ՀԱԿ-ի ակտիվիստ Վահագն Գեւորգյանը: Վերջինիս ճակատին նաեւ փոքրիկ վիրակապ կար: Բանն այն է, որ երեկ, ժամը 12-ին, Հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել օգոստոսի 9-ին ոստիկանության հետ տեղի ունեցած հայտնի միջադեպի մասնակիցներ, ՀԱԿ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը, Սահակ Մուրադյանը եւ Վահագն Գեւորգյանը՝ մասնակցելու քննիչ Գեւորգ Գեւորգյանի կողմից իրականացվելիք քննչական գործողություններին: Ինչպես հայտնի է, այս գործն այժմ ՀՔԾ-ի քննության ներքո է, այն բանից հետո, երբ երիտասարդները հայտարարել էին, որ ոստիկանության քննիչն է նախաքննության փուլում իրենց նկատմամբ բռնություններ գործադրել:
Հիշեցնենք նաեւ, որ այս գործի շրջանակներում արդեն մի քանի ամիս է՝ ազատազրկված է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Երիտասարդները ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, հրաժարվել են ցուցմունք տալուց: Քննիչը վիրավորական խոսքեր է ասել նրանց հասցեին: Ըստ Վահագն Գեւորգյանի՝ քննիչն «իրեն գողականի պես պահելով» փորձում էր ճնշում գործադրել. «Մենք հրաժարվել ենք ցուցմունք տալուց. դա մեր իրավունքն է: Քննչական գործողություններին մասնակցելու մեր տակտիկան է այդպես ընտրվել»,- պարզաբանեց երիտասարդը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը տեղի ունեցածը որակեց՝ «ռեժիմի կողմից հերթական ապօրինի քայլ»: Իրավիճակը Կոնգրեսում կքննարկեն, եւ համապատասխան քայլեր կկատարվեն:
Այնուհետեւ անդրադառնալով ասուլիսի բուն թեմային՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց. «Կոնգրեսի հիմնական խնդիրը այսուհետեւ դառնում է ժողովրդի եւ հասարակության մոբիլիզացիան, քաղաքական եւ հասարակական լայն ճակատի ստեղծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, նրա ներքին եւ արտաքին քաղաքական մեկուսացումը, երկրում այնպիսի վիճակի ստեղծումը, որը կպարտադրի Սերժ Սարգսյանի հրաժարականը»: Նա ասաց նաեւ, որ այս առիթով ՀԱԿ-ի կողմից կատարվելիք քայլերի մանրամասների մասին կխոսեն հոկտեմբերի 28-ին նախատեսված հանրահավաքում։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ՀԱԿ-ի հնարավոր համագործակցության մասին, Զուրաբյանն ասաց, թե իրենց նպատակը «ավազակապետությունը քանդելն է», եւ իշխող քաղաքական ռեժիմի թուլացման ցանկացած քայլ իրենք կատարելու են։ «Բոլոր այն սեգմենտները կամ այն հատվածները, անգամ Հանրապետական կուսակցության ներսում, որոնք նույնպես կգիտակցեն ռեժիմի վտանգը եւ նույնպես դուրս կգան ռեժիմի դեմ, դա միայն կողջունվի ժողովրդի կողմից»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել