Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ ՈՐ

Հոկտեմբեր 26,2011 00:00

 

\"\"

Ընդամենը Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի ԱԽ անդամ

Երեկ Ադրբեջանը ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 155-ի աջակցությունը ստանալով՝ դարձավ այդ կառույցի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Հիշեցնենք. ԱԽ-ն բաղկացած է 15 անդամ երկրներից, որոնցից 5-ը մշտական են՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ՌԴ եւ Չինաստան, եւ 10-ը՝ ոչ մշտական անդամներ, որոնք ընտրվում են ռոտացիոն կարգով՝ 2 տարին մեկ:
Ադրբեջանն ԱԽ-ում ոչ մշտական անդամի իր թեկնածությունն առաջադրել էր այս տարեսկզբին, բայց ՀՀ իշխանությունները դրան լրջորեն չվերաբերվեցին: Ավելին, եղան հայտարարություններ, այն էլ դիվանագիտական կորպուսից, թե միեւնույն է՝ Ադրբեջանը չի ընտրվելու, դա մեծ հաշվով ձեւական բան է, Հայաստանի թեկնածությունն առաջադրելը մեզ ոչինչ չի տալու, իսկ Ադրբեջանի ընտրությունն էլ ԼՂ հարցի վրա ազդել չի կարող եւ այլն: Ու միայն երեկ մերոնք քնից արթնացան եւ հասկացան, որ «գնացքն այլեւս մեկնել է». ոմանք Ադրբեջանին սթափության կոչ հնչեցրին, ոմանք «մտահոգվեցին» ՄԱԿ-ի հեղինակությամբ,  հիշեցին նավթադոլարները, ու նույնիսկ փորձագիտական գնահատական հնչեց, թե՝ այն երկրների մեծ մասը, որոնք աջակցեցին Ադրբեջանին, «սոցիալապես շատ խոցելի են, եւ նրանց որոշումների վրա շատ հեշտ է ազդել նյութական խրախուսման միջոցով»՝ ի հաշիվ ադրբեջանցի ժողովրդի, «ուստի Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալը Հայաստանի համար դրական է այն իմաստով, որ այդ երկիրը միջոցներ է ծախսել, որոնք կարող էին ուղղվել երկիրը զինելուն: Այսինքն՝ որքան ավելի շատ Ադրբեջանը ձգտի տեղեր ստանալ միջազգային կառույցներում, այնքան լավ մեզ համար»: Մնում է զարմանալ, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի դիվանագիտությունը ջանքեր չի գործադրում Ադրբեջանին հնարավոր այլ միջազգային կառույցներում տեղեր ստանալու գործին աջակցելու համար: Այսինքն՝ թերեւս հենց այդպես եղել է այս կոնկրետ դեպքում, որովհետեւ ՀՀ դիվանագիտական կորպուսը, ըստ էության, ոչինչ էլ չարեց Ադրբեջանի այդ ընթացքը կասեցնելու, խոչընդոտելու համար, առավել եւս, որ մեր «մեծ եղբայր» Ռուսաստանն իր հեղինակավոր կարծիքն արդեն ասել էր դեռ շաբաթներ առաջ՝ պաշտոնապես հայտարարելով ՄԱԿ-ում այդ հարցում Ադրբեջանին աջակցելու իր որոշման մասին:
Այս խնդրի շուրջ «Առավոտի» հետ զրույցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, այսօր ընդդիմադիր գործիչ Հովհաննես Իգիթյանն ասաց, թե տեղի ունեցածը ՀՀ քաղաքական ղեկավարության ու դիվանագիտական կորպուսի շատ մեծ բացթողումն է: «Այսօր չէ, որ մարդիկ, քաղաքական գործիչները, այդ թվում՝ ես, ահազանգում ենք, որ Հայաստանի դիվանագիտական կազմն իր գործով չի զբաղված: Մինչ այդ էլ  խնդիրներ կային, բայց 2008թ.-ից մեր դիվանագիտական կազմն ամբողջությամբ՝ թե՛ դրսի, թե՛ ներսի, զբաղված էր ՀՀ ընտրությունների հետ կապված քաղաքական, նաեւ ժողովրդավարության ոլորտում առկա  խնդիրները կոծկելու գործով: Բազմիցս եմ ասել, որ չի կարելի դիվանագիտական  անձնակազմն օգտագործել քաղաքական նպատակներով: Երբ մի մարդ, մի դեսպան կամ միջազգային որեւէ կառույցում մի ներկայացուցիչ ՀՀ վերաբերյալ կեղծ տվյալներ է ներկայացնում դրսում, որտեղ բոլորը գիտեն Հայաստանում իրականում տեղի ունեցող պրոցեսների մասին, եւ հաջորդ օրը խոսում է Ղարաբաղի խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների մասին, նրան արդեն չեն հավատում եւ չեն վստահում»:
Իգիթյանը իր կտրական անհամաձայնությունը հայտնեց, ավելին՝ վտանգավոր համարեց իշխանական  քաղաքական գործիչների հայտարարությունները, թե՝ ի՞նչ է եղել որ, ոչինչ էլ չի եղել: «Դա առնվազն  նշանակում է՝ կա՛մ նրանք մտահոգված չեն, որովհետեւ չեն հասկանում, մասնագետ չեն եւ  իրենց տեղում չեն, կա՛մ  նրանք ուղղակի ստում ու կեղծում են, երբ ասում են՝ ոչինչ էլ չի եղել: Դա շատ վատ է, որովհետեւ մոտական երկու տարին Հայաստանը պետք է  իր Սփյուռքով, դաշնակից երկրների միջոցով տասնապատիկ եւ հարյուրապատիկ ջանքեր գործադրի, որպեսզի Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ում իր լիարժեք անդամությունը չօգտագործի Հայաստանի դեմ քայլեր իրականացնելու համար»,- հայտարարեց նա: Նաեւ մանրամասնեց այդ քայլերը. «Սկսած 1992-ից՝ Ադրբեջանը բազմիցս ու նաեւ այլ երկրների միջոցով ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնում է Հայաստանին որպես ագրեսոր ճանաչելու հարցը: Եվ դա նրան չէր հաջողվում անել: ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած նույնիսկ այն չորս բանաձեւերում, որոնք  ընդունվել են 93-ին, պարզ նշված են, որ ՄԱԿ-ը հորդորում է կա՛մ Լեռնային Ղարաբաղի տեղական ուժերին՝ ազատել «գրավյալ տարածքները», կա՛մ Հայաստանին՝ օգտագործել իր ազդեցությունը ԼՂ-ի վրա: Մի քանի անգամ մենք կանգնած ենք եղել եզրագծին, երբ այդ հարցը պետք է մտներ ՄԱԿ-ի օրակարգ եւ քննարկվեր: Հիմա շատ ավելի դժվար կլինի դիմակայել դրան՝ հատկապես, որ մի քանի բանաձեւեր ընթացքում արդեն ընդունվել են: Ես չեմ պահանջում հրաժարականներ, թող ամեն մեկն իր խղճով մտածի՝ իր տեղո՞ւմ է, թե՞ չէ, բայց առնվազն հայտարարություն՝ թե դիվանագիտական, թե քաղաքական, թե իշխանական գործիչների կողմից, պետք է լինի, եւ դա պետք է լինի խոստովանություն, որ  սա մեր մեծ բացթողումն է: Ներքին կարգով  պետք է հասկանան, թե դա ո՞ւմ պատճառով եղավ, բայց նաեւ պետք է նոր ռազմավարություն եւ մարտավարություն մշակեն առաջիկա երկու տարիների համար»:
Ո՞րն է հիմա Ադրբեջանի՝ որպես ոչ մշտական անդամի առավելությունը:
Այս հարցին Իգիթյանն այսպես արձագանքեց. «Եթե գլոբալ տեսանկյունից դիտարկենք՝ Ադրբեջանը կարողացավ ՄԱԿ-ի ԱԽ-ին անդամակցելու համար  անդամ 155 երկրի, այսինքն՝ 2/3-ից ավելիի աջակցությունը ստանալ՝ իր լավ եւ մեր  վատ աշխատանքի շնորհիվ: Ընդ որում, ենթադրում եմ, որ այդ բոլոր երկրները առնվազն Հայաստանին ընկալում են որպես ԼՂ հակամարտության կողմ, մասնակից: Ժամանակին հակամարտության կողմ կամ դրանում ներգրավված լինելը մեծ դեր էր խաղում, եւ այդպիսի երկրները դուրս էին մնում  ԱԽ-ից: Ադրբեջանի ընտրությունը ազդակ պետք է լինի ՀՀ ղեկավարության եւ դիվանագիտական կորպուսի համար առ այն, որ 155 երկիր դա իմանալով, իմանալով, որ Ադրբեջանն էլ է հակամարտության կողմ՝  «կողմ» է քվեարկել այդ երկրին: Դա արել են առնվազն ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներից որոշները, որոնք նաեւ վետոյի իրավունք, մեծ հեղինակություն եւ հնարավորություն ունեին դրա դեմն առնելու համար, բայց չեն արել:
Ավելին, ՄԱԿ-ի անդամ երկրների 2/3-ը, ըստ էության, վստահել են Ադրբեջանին, լիազորել են նրան լինել ԱԽ-ում եւ իրականացնել կայունության, խաղաղության հետ կապված գործառույթներ: Ադրբեջանը դառնալով ԱԽ անդամ՝ այնտեղ երկու տարի ոչ միայն բանաձեւեր ներկայացնելու, այլեւ ԱԽ -ի լիազորությունների շրջանակներում քվեարկելու իրավունք ստացավ: Չմոռանանք, որ ԱԽ-ի բանաձեւերով է, որ պաղեստինա-իսրայելական հարցում կտրուկ որոշումներ են կայացվել, Բալկաններում, Իրաքում, Լիբիայում գործողությունների թույլտվություններ են տրվել: Եթե այս ամենից կամ ՄԱԿ-ի կանոնադրությունը կարդալուց հետո էլ մարդիկ մտահոգություններ չունեն եւ այդքանով հանդերձ՝ Ադրբեջանի դերն ու միջոցները չեն տեսնում, ես ուղղակի ցավում եմ մեզ համար»:
Ի դեպ, խոսում ենք Ադրբեջանի թեկնածությունը պաշտպանած 155 երկրների մասին, որոնց թվում է նաեւ Հայաստանի «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը: Ինչպե՞ս սա բացատրել: «Հայաստանի իմիջը՝ 2008-ի ընտրությունները, դեռ ոչ լեգիտիմ իշխանությունների փաստը մի կողմ թողնենք, բերեցին նրան, որ ՀՀ քաղաքական գործիչները՝սկսած Սերժ Սարգսյանից, մտավախություններ ունեն ու վախենում են բացահայտ ձեւով դիրքորոշում ներկայացնել եւ նույնիսկ դաշնակից երկրներին պահանջներ կամ պայմաններ առաջադրել: ՌԴ-ն մեր դաշնակից երկիրն էր, եւ նրան ոչինչ չէր խանգարում ԱԽ-ում, որպես մշտական անդամ, բարձրաձայնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը ներգրավված են հակամարտության մեջ, եւ նրանցից մեկի ներկայությունը ԱԽ-ում կարող է դիսբալանս մտցնել տարածաշրջանում: Վերջ: 1990-ականներին՝ պատերազմական եւ  հետպատերազմյան շրջանում, ԵԱՀԿ-ում կամ այլ միջազգային կազմակերպություններում մենք եւ Ադրբեջանը հասկանալով, որ ընտրվելու շանս չունենք, բայց ցանկություն ունենք որեւէ կառույցում որպես տարածաշրջան ներկայացված լինել, մենք Վրաստանին էինք առաջ մղում: Բոլորը հասկանում էին, որ եթե Անդրկովկասը պետք է ներկայացված լիներ, ապա դա պետք է լիներ Վրաստանը, որն առնվազն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ խնդիր չունի: Ասել կուզեմ՝ բոլոր սկզբունքները մեզ թույլ էին տալիս ե՛ւ դաշնակից. ե՛ւ ոչ դաշնակից ու նույնիսկ թշնամական կամ սառը հարաբերությունների մեջ գտնվող պետություններին բացատրել, որ դա խախտում է տարածաշրջանի ընդհանուր համակարգը: Բայց ես, որ ինձ համարում եմ միջազգային տարբեր ատյաններից շատ հեռու չգտնվող մարդ, իմ նախկին կամ ներկայիս գործընկերների հետ շփումներում չէի զգում, որ Հայաստանը որեւէ կերպ աշխատում է այդ ուղղությամբ»:
Ասել է թե՝ Հայաստանը երկու տարի «փշերի վրա» է լինելու: «Այդ մտավախությունը միշտ էլ կա: Հայաստանը աշխատում է, որ իր մասին չխոսեն, որովհետեւ երբ որեւէ ատյանում թեկնածությունդ ես առաջադրում՝ միանգամից այլ երկրները բարձրացնում են քո լեգիտիմության, ժողովրդավարության կամ ընդհանրապես ունեցած խնդիրների մասին: Պատկերացրեք, որ այն 155 երկրները, որոնք ընտրել են Ադրբեջանին, պետք է խոսեն Հայաստանի մասին»,- ասաց Իգիթյանը: Ըստ նրա, այդ նույն երկրները Ադրբեջանի խնդիրների մասին չխոսեցին, որովհետեւ «Ադրբեջանում իրավիճակն այլ է. այնտեղ ընտրություններն այդքան բացահայտորեն չեն կեղծվել, ու ժողովուրդն էլ փողոց դուրս չի եկել, նրանց դեմ բանակ չի օգտագործվել եւ մարդկանց չեն գնդակահարել: Մյուս կողմից, կրկնում եմ՝ միջազգային հանրությունը Հայաստանին ավելի բարձր չափանիշներ է առաջադրել, քան Ադրբեջանին: Ցավոք, մենք դա չենք օգտագործում»:
Երեկ՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի 193 երկրներից 155-ի աջակցությամբ ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ երկու տարի ժամկետով, Հայաստանում սկսեցին բարձրաձայնել, թե նա գնել է իրեն կողմ քվեարկած երկրներին: «Դա գերագնահատված գործոն է, որովհետեւ, ի վերջո, ՄԱԿ-ում որեւէ երկրի ներկայացուցչի քվեարկելը որոշում է ոչ թե անձամբ ներկայացուցիչը, այլ  այդ երկրի բարձրագույն իշխանությունը. մի երկրում՝ նախագահը, մյուսում՝ վարչապետը կամ խորհրդարանը: Եթե Ադրբեջանը կարող է 155 պետության նախագահի, վարչապետի կամ խորհրդարանի կաշառել… ուրեմն ֆուտբոլի աշխարհի չեմպիոն էլ կդառնա»,- «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց Հովհաննես Իգիթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել