Զվարճալի արկածներ, սիրային պատմություն, հիասթափություն ու երջանկություն. այս ամենը նուրբ հումորով համեմված «Փեսացուն կրկեսից» արկածային կինոկատակերգության մեջ, որի պրեմիերան կայացավ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, սցենարի հեղինակներն են` Դավիթ Բաբախանյանը, Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը, դերերում՝ Հովհաննես Ազոյանը, Սերժ Ավեդիքյանը, Ռոզի Ավետիսովան, Վիվիեն Բաստաջյանը, այլք: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Ջաղինյանը: Ֆիլմի վրա ծախսվել է շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար, իսկ էկրանին այն հայտնվել է 7 ամսվա աշխատանքից հետո: «Փեսացուն կրկեսից» ֆիլմի հիմքում սիրային պատմություն է: Գլխավոր դերում մասնագիտությամբ անասնաբույժ Նարեկը (Հովհաննես Ազոյան) սիրահարված է Գոհարին, ում հայրը դեսպան է: Ֆիլմը ստեղծողներն այն համարում են ընտանեկան դիտման համար նախատեսված եւ գտնում են, որ այն տեսակի մեջ հաջողված է, հանդիսատեսն այն դիտեց մեկ շնչով, հումորի, ծիծաղի, թեթեւության պակաս չկար: Հանդիսատեսը սկզբում տեղափոխվեց 3000 տարի ետ՝ Արա Գեղեցիկի ու Շամիրամի ժամանակաշրջան, Արայի եւ Նուարդի ժամանակներում ծավալվող իրադարձություններից մինչեւ մեր օրեր: Երկու ժամանակաշրջանները կապող օղակը հավերժական սիրո գաղափարն է: Նարեկն ու Գոհարը գալիս են ամառանոց՝ ծանոթանալու ծնողների հետ, իրենց հետ բերելով սիրելի կապիկ Միկիին: Երիտասարդները փորձում են Միկիին թաքցնել Գոհարի դեսպան հորից եւ նրա կնոջից: Իրադարձություններն այստեղ չափազանց զվարճալի կերպով են զարգանում եւ մեկուկես ժամն անցնում է րոպեների նման: Ամառանոցում իրար են հաջորդում զվարճալի միջադեպեր՝ դեսպանի, հատուկ ծառայությունների, գլխավոր հերոսի եւ կապիկ Միկիի մասնակցությամբ: Դեսպանի կինը, որ վախենում եւ տանել չի կարողանում կապիկներին, ուղղակի լեղաճաք է լինում Միկիից: Փեսացու Նարեկն էլ ապագա զոքանչի եւ աներոջ առջեւ ճաշելու է նստում մե՛կ ծաղրածուի, մեկ նավաստու հագուստով:
Մանրամասները՝ վաղվա համարում: