«Գրանշան 2011» միջազգային մրցույթի «Հայկական տեքստային տառատեսակներ» անվանակարգում Հրաչուհի Գրիգորյանը ստացել է երկրորդ կարգի մրցանակ՝ «Արեգակ» տառատեսակի համար: Մասնագիտական փորձը Հրաչուհին ձեռք է բերել Ազգային գրապալատում, հիմա նա այնտեղ տառատեսակների ստեղծման եւ մշակման բաժնի մասնագետ է:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այս տարի տառատեսակների 4-րդ՝ «Գրանշան 2011» միջազգային մրցույթն անցկացվեց սեպտեմբերի 14-16-ը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում՝ ATypl -ի տառաստեղծների եւ դիզայներների համաշխարհային միության հերթական համաժողովին զուգընթաց: «Գրանշանին» ներկայացվել էր 59 աշխատանք՝ 9 երկրից: Անվանակարգերը հետեւյալներն էին՝ «Հայկական տեքստային», «Կիրիլյան տեքստային», «Հունական տեքստային» եւ «Ազատ ոճի» տառատեսակներ: «Հայկական տեքստային տառատեսակների» անվանակարգում 1-ին մրցանակ չէր շնորհվել: Ըստ մրցութային հանձնաժողովի՝ այլ անվանակարգերում կային անհամեմատ ավելի հզոր աշխատանքներ: «Գրանշան 2011»-ի գլխավոր մրցանակը եւ 1000 եվրո պարգեւը շնորհվել է Ալեքսանդրա Կորոլկովային՝ Ռուսաստանից՝ «Բելադոննա» տառատեսակի համար:
ATypl-ի համաժողովի եւ մրցութային հանձնաժողովի աշխատանքներին Հայաստանից մրցութային հանձնաժողովի նախագահ Էդիկ Ղաբուզյանը նշեց մրցույթի անցկացման կարեւորությունը. այն ճանաչելի է դարձնում Հայաստանը եւ հայկական տառատեսակն ամբողջ աշխարհում:
Հայ տպագրության 500-ամյակին նվիրված՝ հայկական տառաստեղծների նախաձեռնությամբ 2012թ. Երեւանում կանցկացվի տառաստեղծների միջազգային համաժողով, որին կմասնակցի նաեւ ATypl -ի նախագահ Ջոն Բարինը: