Երկրաշարժի կիզակետում հայտնված թուրքական Վան գավառում գտնվող բանտի կալանավորները խռովություն են բարձրացրել այն բանից հետո, երբ բանտի ղեկավարությունը հրաժարվել է իրենց տեղափոխել ավելի անվտանգ շրջանի բանտ: Այդ մասին հաղորդում է France Press-ը` վկայակոչելով կալանավորների հարազատներին եւ ընկերներին:
Բանտի վարչական շենքից, որը գտնվում է Վան քաղաքի մերձակայքում, լսվել են կրակոցներ: Գործակալության աղբյուրի տվյալներով, կալանավորները մասնավորապես փորձել են այրել իրենց ծածկոցները: Reuters-ի մատուցմամբ, նրանք մկրատներով եւ դանակներով հարձակվել են բանտի աշխատակիցների վրա:
Խռովությունը տեղի է ունեցել այն նույն բանտում, որտեղից կիրակի օրը փախել էր 200 կալանավոր: Նրանք օգտվել էին այն բանից, որ տարերային աղետի արդյունքում մեկուսարանի պատերը քանդվել էին: Կալանավորներից մոտ 50-ը իրենց ընտանիքներին այցելելուց հետո ինքնակամ վերադարձել էին բանտ:
Հիշեցնենք, որ անցած կիրակի օրը Վան գավառը ցնցել էր 7.2 մագնիտուդի երկրաշարժը: Վերջին հաստատված տվյալներով, տարերային աղետի զոհ է դարձել 432 մարդ, մոտ 1350-ը տուժել է: Տեղի սեյսմոլոգները կանխատեսում են, որ զոհերի թիվը կարող է աճել մինչեւ 500-1000 մարդ: