Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալա բալա նիցայի» ընթացքը կարող է փոխվել

Հոկտեմբեր 26,2011 12:58

Շուտով էկրաններին կհայտնվի Հայաստանում ամենամեծ բյուջեով ինտերակտիվ կատակերգությունը

Երեւան, մեր օրերը… Սեւակն ու Ցոլակը նույն օրը նույն ժամին ընկնում են դժբախտ պատահարի մեջ եւ հայտնվում նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրանք կլինիկական մահ են տանում, նրանց հոգիները հայտնվում են վերեւում՝ երկնային աշխարհի ընդունարանում, որտեղ նրանց սպասում են չար ու բարի հրեշտակները. վերջիններս նրանց գործարք են առաջարկում. եթե Սեւակն ու Ցոլակը համատեղ կարողանան կատարել իրենց առաջադրանքը, ապա նրանց հնարավորություն կտրվի վերադառնալ կյանք: Կարծես թե խնդիրը այդքան էլ բարդ չէ՝ քաղաքի մի ծայրից մյուսը հասնել եւ վերցնել կտրոն, որը կշահի հինգ միլիոն դրամ: Իրենց կարճատեւ ճանապարհորդության ընթացքում Սեւակն ու Ցոլակը հայտնվում են ամենաանհավանական իրավիճակներում: Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, նրանք ի վերջո հասնում են նշանակված վայր եւ հայտնվում դժվար ընտրության առջեւ, որն էլ երկնային ուժերի իրական առաջադրանքն էր. այս ամենը տեղի է ունենում «Ալա բալա նիցա» ֆիլմում, որի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում:

Մանուշակ Նահապետյանը, որը ֆիլմի ռեժիսորներից է, մեզ հետ զրույցում պատմեց ֆիլմի ստեղծման գաղափարի մասին: Նրա փոխանցմամբ, մինչեւ իրեն դիմելը, ֆիլմի ստեղծողները մեկուկես տարի առաջ արդեն սկսել էին նախապատրաստական աշխատանքները, իսկ իր դերը ֆիլմում հետեւյալն է եղել. «զբաղվել եմ քաստինգներով, դերասանների հետ կազմակերպչական բոլոր աշխատանքներով եւ դարձել եմ երկու ռեժիսորների աջ ձեռքը»:

Իմ հարցին՝ ֆիլմը գովազդվում է որպես ինտերակտիվ կատակերգություն, իսկ դա ի՞նչ է նշանակում, Մ. Նահապետյանն ասաց. «Սա աշխարհում առաջին ֆիլմն է, որտեղ իրականացել է հանդիսատեսի երազանքը՝ մասնակցել ֆիլմի ընթացքին: Ֆիլմի ցուցադրումից առաջ էկրանին հայտնվում է մասնակցության մասին պատմող ինֆորմացիոն տեսաֆիլմ, որից հետո ցանկացած կինոդիտող կարող է sms հաղորդագրություն ուղարկել եւ գրանցվել: Համակարգչային ծրագիրը պատահականության սկզբունքով ընտրում է հեռախոսահամար, որին էլ ֆիլմի ընթացքում զանգում են գլխավոր հերոսները եւ ֆիլմի ընթացքը կարող է փոխվել կինոդիտողի ցանկությամբ»:

Իսկ թե ֆիլմի համար ինչու է ընտրվել «Ալա բալա նիցա» վերնագիրը, մեր զրուցակիցը նշեց. «Վերնագիրը բխում է ֆիլմում օգտագործված «Ապրիկոտա» խմբի նույնանուն երգից, որի թեմատիկան լիովին համահունչ էր ֆիլմի սցենարին, եւ որը կատարում է Արտո Թունջբոյաջյանը»:

Անդրադառնալով դերասանական խմբին, Մ. Նահապետյանը հավելեց. «Քանի որ ֆիլմի ստեղծողները «Կարգին» եւ «Էսքիզ» ստուդիաներն են, հետեւաբար գլխավոր դերերը տրվել են Հայկ Մարությանին եւ Մկրտիչ Արզումանյանին (Հայկոյին եւ Մկոյին): Սցենարը գրվել է հենց նրանց կերպարների համար: Իսկ մյուս գլխավոր դերերը՝ բարի եւ չար հրեշտակների, առանց երկմտելու առաջարկվել է Լեւոն Հարությունյանին եւ Նազենի Հովհաննիսյանին: Ֆիլմում նկարահանվել են նաեւ սիրված դերասաններ Արտաշես Ալեքսանյանը, Արսեն Գրիգորյանը, Արմինե Պողոսյանը, Հասմիկ Ղարիբյանը եւ այլք: Ֆիլմի բյուջեի հետ կապված էլ ասեմ, որ վերջինս Հայաստանում ամենամեծ բյուջեով լիամետրաժ-գեղարվեստական ինտերակտիվ կատակերգությունն է»:

ԱՆԺԵԼԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31