Հոկտեմբերի 24-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, որոշեց «Մոսկվա» կինոթատրոնի գողության գործով հրավիրել կրկին գլխավոր հաշվապահին՝ Նինա Ադոյանին եւ գանձապահ Կարինե Միսակյանին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ այս քրեական գործով մեղադրվում են 2-ը՝ Ստեփան Հովակիմյանը եւ Վահրամ Քերոբյանը: Ըստ առաջադրված մեղադրանքի, նրանք 2010թ. հունվարի 10-ին կազմակերպել ու իրականացրել են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 000 դրամի եւ 10 000 ռուսական ռուբլու գողությունը:
Ամբաստանյալների պաշտպանությունն իրականացնում են փաստաբաններ Տիգրան Սաֆարյանը եւ Գիվի Հովհաննիսյանը, որոնք գտնում են, որ ցուցմունքները կորզվել են բռնությունների միջոցով եւ որ իրենց պաշտպանյալներն անմեղ են: