Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոմանք բաժանվում են, ոմանք՝ միանում

Հոկտեմբեր 26,2011 11:08

 Երեկ ինտերնետի ինչ-որ մի անկյունում վերնագիր կարդացի՝ Անի Լորակը պատրաստվում է բաժանվել Մարատից: Ինչ մեղքս թաքցնեմ՝ դրանք ինձ համար անծանոթ անուններ էին: Պարզվեց՝ մեկը ուկրաինացի երգչուհի է, որին հաղորդագրության տեքստում նաեւ Կարոլինա են անվանում, իսկ երկրորդը՝ թուրք բիզնեսմեն: Եթե նույնիսկ ես այդ աղջկա երգերից մի նոտա լսեի, եթե անգամ նրա ջերմ երկրպագուն լինեի, ինձ միեւնույն է՝ չէր հետաքրքրի, թե ով է նրա ամուսինը, եւ որքան ժամանակ է նա պատրաստվում շարունակել իր ամուսնական կյանքը:
Տեղական բարձրաշխարհիկ քրոնիկան առաջին հայացքից շատ ավելի հետաքրքիր է. Արտաշես Գեղամյանը եւ Պարույր Հայրիկյանը պատրաստվում են «ամուսնանալ» Հանրապետական կուսակցության հետ եւ, ըստ երեւույթին, տեղ զբաղեցնել ՀՀԿ նախընտրական ցուցակում: Նախկին կոմունիստը եւ նախկին այլախոհը, որոնք ունեն իրենց սեփական կուսակցությունները, հասկանում են, որ երկուսի անդամներն իրար հետ միասին կտեղավորվեն մեկ «Զապորոժեցում», որոշել են միանալ այլախոհական արմատներ ունեցող, բայց ներկայումս՝ դասական իշխող կուսակցությանը կամ, համենայնդեպս, նրանց ցուցակին: Երկուսն էլ փորձառու գործիչներ են, եւ կասկած չկա, որ նրանք շատ ավելի լավ պատգամավորներ կլինեն, քան հայոց այբուբենի ոչ բոլոր տառերը սովորած գործարար հանրապետականները: Այնպես որ՝ խորհրդարան մտնելու նրանց ձգտումը միանգամայն բնականոն է, կասեի նույնիսկ՝ խրախուսելի: Միայն թե պետք չէ այդ ձգտումը ծածկել հավելյալ բառային շղարշով:
Այդ առումով պարոն Գեղամյանի բացատրություններն ավելի պրագմատիկ են. նրան դուր է գալիս Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, դե, իսկ ներքինը, մասնավորապես, տնտեսականը նա կփորձի շտկել ներսից: Պարույր Հայրիկյանն իր շարժառիթները բացատրում է ավելի «խուճուճ» ձեւով. քանի որ ՀՀԿ-ն ու ԱԻՄ-ը նույն արմատից են սերում, նա որոշել է «զրոյից վերականգնել» Ազգային միացյալ կուսակցությունը եւ այդ պատճառով է հարում Հանրապետականին: Նախ՝ նույն ջուրը երկու անգամ հնարավոր չէ մտնել. ԱՄԿ-ն երախտավորների մի խումբ էր, որը խորհրդային բռնապետության  պայմաններում պայքարում էր Հայաստանի անկախության համար, ոչ թե կուսակցություն՝ այդ բառի ժամանակակից իմաստով: Երկրորդ՝ Աշոտ Նավասարդյանի Հանրապետականը նույնքան նման է այսօրվա ՀՀԿ-ին, որքան 88-ի ՀՀՇ-ն, ասենք, 96-97-ի ՀՀՇ-ին: Առաջին դեպքում դրանք որոշակի գաղափարների համար պայքարող մարդկանց միավորումներ են, իսկ երկրորդ դեպքում՝ բյուրոկրատիայի եւ օլիգարխիայի հավաքածու: Փորձել դրանից նորից կուսակցություն ստեղծել՝ առնվազն միամտություն է: Եթե Հայրիկյանը խորհրդարանում նստի, ասենք, Ալրաղացի Լյովիկի կողքին, դրանով նա վերջինիս դժվար թե «բարեփոխի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31