Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» պատգամավոր. «Մերը հանդիպում է, նրանցը` արշավ»

Հոկտեմբեր 26,2011 10:59

Վերջին մեկ ամսվա ընթացքում «Ժառանգությունը» ժողովրդի հետ երկու հանդիպում կազմակերպեց՝ մեկը Գարեգին Նժդեհի հրապարակում, մյուսը՝ Գյումրիում: «Առավոտի» հարցին` արդյոք դա չի՞ նշանակում, որ «Ժառանգությունը» շտապել է սկսել նախընտրական արշավը, եւ արդյոք դրանից հետո «Ժառանգությունը» «լեզու» կունենա՞՝ ընտրախախտումների մեջ մեղադրելու իշխանական կոալիցիայի կուսակցություններին, որոնք նույնպես ժամանակից շուտ են սկսել նախընտրական արշավը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նախ ոչ միայն այս երկու քաղաքներում ենք հանդիպել մեր քաղաքացիների հետ, այլ նաեւ Վանաձորում: Երկրորդ, մենք առաջին անգամ չենք հանդիպում, այլ մենք միշտ ենք հանդիպում մեր համաքաղաքացիների հետ: Անցնող 4,5 տարիների ընթացքում, մենք բազմաթիվ անգամներ ենք հանդիպումներ անցկացրել, որտեղ ներկայացրել ենք մեր դիքորոշումները տարբեր խնդիրների եւ հարցերի վերաբերյալ: Այդ հանդիպումների ընթացքում ներկայացրել ենք հաշվետվություն նաեւ մեր կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ: Այնպես որ , այս հանդիպումները եւս այդ շարքին են պատկանում: Միակ բացառությունը, երեւի թե, (թեեւ, ճիշտն ասած, դրա մասին էլ են նախկին հանդիպումների ընթացքում հարցրել մեր քաղաքացիները)վերաբերում է գալիք ընտրություններում մեր հնարավոր քայլերին: Ինչին ի պատասխան մենք նշում ենք, որ ցանկանում ենք լսել հենց իրենց կարծիքը եւ պատկերացումները մեր հետագա քայլերի վերաբերյալ եւ ընդհանրապես ինչպիսին են իրենց պատկերացումները: Այնպես որ, ես համաձայն չեմ այդ հարցադրման հետ, որ սա նախընտրական արշավ է: Սրանք այն անհրաժեշտ հանդիպումներն են, որոնք որոշակիորեն պետք է պայմանավորեն մեր նախընտրական քայլերի բովանդակությունը և նախընտրական արշավի ինչպիսությունը:

Առավել համաձայն չեմ այս հանդիպումները համեմատել իշխանական կուսակցությունների անսքող նախընտրական արշավների հետ, որտեղ օգտագործվում է վարչական ամբողջ զինանոցը եւ «բարեգործությունների», «հրապարակային միջոցառումների» ամենալայն սպեկտրը, որտեղ կուսակցական գովազդը եւ աշխատանքը անմիջականորեն կապվում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների հետ: Եվ բացի այդ՝ կա մի շատ կարեւոր խնդիր, որը ստեղծում է այս տարբերությունները: Իշխանական կուսակցությունները, քանի որ, ըստ էության, չեն կատարել դրական նշանակալի աշխատանք, փոխարենը` բացասական` որքան ցանկանում եք, ստիպված են երկարաժամկետ PR իրականացնել, որպեսզի «չեղած կարտոֆիլը մրգի տեղ» ներկայացնեն: Մենք չունենք այդ խնդիրը, քանի որ մեր գործունեությունը` մեր լիազորությունների և ԱԺ-ում մեր կուսակիցների թվաքանակի հետ համեմատած, այնքան լայնածավալ է եղել, որ հիշեցնելու համար շատ կարճ ժամանակահատվածն էլ, կարծում եմ կբավարարի: Ինչ վերաբերվում է «երես» ունենալու մեջ, որ մեղադրենք ընտրախախտումների համար, միանշանակ պատասխանում եմ. ունենք եւ թող աստված տա, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լինեն մեր չափ օրինապահ այս հարցում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31