«Աբովյան 1/4 հասցեում մի ժամանակ գոյություն ունեցած եռահարկ, հին շենքի մասին։ Այդ` այժմ արդեն քանդված-սպանված շենքի հեղինակը եղել է ճարտարապետ Մեհրաբյանը (1914 թվական)։ Շենքը նախախորհրդային տարիներին պատկանում էր 19-20-րդ դարերի սահմանագծին Երեւանի մեծահարուստներից մեկը համարվող, կաշեգործությամբ զբաղվող Գաբրիել Գաբրիելյանին։
Հիմա այդ շենքի տեղում վեր է խոյանում Հյուսիսային պողոտայի անկյուններից մեկը կազմող շենք։ Դեռեւս 2005-ին Երեւանի կառուցապատման ԾԻԳ-ի ներկայացուցիչները հավաստիացնում էին, թե շենքի ճակատային կառուցվածքը պահպանվելու է։ Ինչպե՜ս չէ։ «Պահպանվել» է։
Իսկ ո՞ւր են այդ շենքի «ապամոնտաժված», իսկ որ առավել ճիշտ է ասել՝ քանդուքարափ արված շենքի քարերը, որ ոչ պակաս համարակալված էին։
Իսկ ո՞ւր են Սպայի տան շենքի քարերը։ Եվ որտե՞ղ է «վերականգնվելու» ա՛յդ հուշարձանը։
Իսկ գիտե՞ք, որ Սպայի տունը գտնվում էր հին Էրեւանի Ջանփոլադյանի թատրոնի շենքում, որտեղ մի ժամանակ նույնիսկ Կոմիտասն էր ելույթ ունեցել։
Իսկ գիտե՞ք, որ այդ նույն, հիմա արդեն սպանված շենքում, նախքան Ջանփոլադյանի թատրոնը, գործել է հենց այն կրթօջախը, որտեղ դաս է տվել Խաչատուր Աբովյանը։
Խոսենք տաշած ու քանդուքար արված քարերի մասին։
Ոչ պակաս խնամքով համարակալվել էին նաեւ Երեւանի քաղաքային Դումայի շենքը։ Հիշո՞ւմ եք, մի ժամանակ այդպիսի շենք կար «Կոնգրես» հյուրանոցի տեղում։ Ի՞նչ եղավ։ Ասում էին, թե դրա քարերն էլ են խնամքով ապամոնտաժվել, պահեստավորվել։ Ինչպես հիմա են ասում այլ շենքերի վերաբերյալ։
Պահեստավորվել էին, հապա ինչպե՜ս։
Ձեր խոնարհ ծառան մի քանի տարի առաջ Չարբախում գտնվող մի տարածքում գտավ այդ «պահեստավորված» քարերը։ Լուսանկարը ամենից խոսուն է պատմում, թե հատկապես ինչ խնամքով էին դրանք «պահեստավորված»։
Ի դեպ, նույն վայրում, արդեն առանց չակերտների, իսկապես պահեստավորված էին, ի՞նչ եք կարծում… Պատկերացրեք, որ պահեստավորված էին Հանրապետության հրապարակի տրիբունայի քանդակազարդ գրանիտե հսկայական քարերը»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հայոց աշխարհ
Կարդացեք նաև